Ադրբեջանի արտգործնախարար Խան Խոյսկու հեռագիրը հայ գործընկերոջը. 27 դեկտեմբեր, 1919թ

2019

ԱՆԻ-ի կողմից հիշեցում․ Այս շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը ունեին դիվանագիտական հարաբերություններ դեսպանատների և դեսպանների մակարդակով, Ադրբեջանի խորհրդարանում հայերն ունեին 12 աթոռ, իսկ երկու հայեր մաս էին կազմում 1919-ի մարտին Ադրբեջանի վարչապետ դարձած Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կառավարությանը:

________________________

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հեռագիրը Հայաստանի արտաքին գործերի նախարարին

(Վրաստանի կառավարությանը կից Ադրբեջանի դիվանագիտական առաքելության տեղեկատու բյուրոյից)

«Տեղեկատու բյուրոն հաղորդում է, որ դեկտեմբերի 27-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Հայաստանի արտաքին գործերի նախարարին ուղարկել է հետևյալ հեռագիրը:

Մենք այսօր տեղեկություն ենք ստացել, որ հայկական կառավարությունը դեկտեմբերի 2-ին ռազմական գործողություններ է սկսել Զանգիբասարի շրջանի մուսուլմանների դեմ: Նույն թվականին կողոպտված և ավերված է Ղարղաբազար գյուղը: Ամսի 22-ին նույն վիճակին է ենթարկվել Ուլուխանլու գյուղը: Այժմ կռիվ է տեղի ունենում Չոբանքեարա և Ղարաղշլաղ գյուղերում:

Հայաստանի կառավարությունը, անկասկած, դրանով խախտում է Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների միջև նոյեմբերի 23-ին կայացած համաձայնությունը»:

«Յառաջ», կիրակի, 4 հունվարի, թիվ 3, 1920թ.

*****

ԱՆԻ-ի կողմից

Զանգիբասարի շրջանը մոտավորապես համապատասխանում է այսօրվա Մասիսի շրջանին Արարատի մարզում, իսկ Ուլուխանլուն այսօրվա Մասիս քաղաքի անվանումներից է: