Արգենտինա – Խորվաթիա` 3-0

651

Արգենտինայի հավաքականը դարձավ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը։

Կիսաեզրափակիչում Ամերիկայի գործող գավաթակիրը 3-0 հաշվով հաղթանակ տարավ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի նկատմամբ և 8 տարի անց կրկին դուրս եկավ Մունդիալի եզրափակիչ:

Արգենտինացիների կազմում խաղի հաշիվը 34-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Լիոնել Մեսին։ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը 11 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի լավագույն ռմբարկուն Մունդիալներում՝ շրջանցելով Գաբրիել Բատիստուտային: Մեսին նաև առաջին արգենտինացի ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել մեկ Մունդիալի փլեյ-օֆֆի մեկնարկային երեք փուլերում։

35-ամյա արգենտինացին նաև կրկնեց աշխարհի առաջնություններում ամենաշատ հանդիպումների մասնակցած գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսի ռեկորդը: Մեսին և Մաթեուսը 25-ական խաղ են անցկացրել Մունդիալներում:

Մեսիի գոլից 5 րոպե անց արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը: 22-ամյա Ալվարեսը դարձավ 1930 թվականից ի վեր Արգենտինայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլ խփեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում:

69-րդ րոպեին հաշիվը դարձրեց խոշոր։ Դուբլի հեղինակ դարձավ Խուլիան Ալվարեսը:

Թիմերի մեկնարկային կազմերը.

Արգենտինա. Էմիլյանո Մարտինես, Նաուել Մոլինա, Քրիստիան Ռոմերո, Նիկոլաս Օտամենդի, Նիկոլաս Տալյաֆիկո, Ռոդրիգո Դե Պաուլ. Լեանդրո Պարեդես, Էնցո Ֆերնանդես, Ալեքսիս Մաքալիստեր, Լիոնել Մեսի, Խուլիան Ալվարես:

Խորվաթիա. Դոմինիկ Լիվակովիչ, Յոսիպ Յուրանովիչ, Դեյան Լովրեն, Յոշկո Գվարդիոլ, Բորնա Սոսա, Լուկա Մոդրիչ, Մարսելո Բրոզովիչ, Մատեո Կովաչիչ, Մարիո Պաշալիչ, Իվան Պերիշիչ, Անդրեյ Կրամարիչ:

Աղբյուրը՝ https://www.vnews.am

Դիտել նաև՝