«Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ ընդդեմ Հայաստանի

3203

Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի անվտանգությունը, այդ թվում Գորիս-Ստեփանակերտ միջանցքի ապահովությունը, դրված է ռուսական խաղաղապահ ուժերի ուղղակի վերահսկողության եւ պատասխանատվության տակ, եւ փակելով միջանցքը, լինի դա բնապահպանական կամ այլ առիթով, Բաքուն մարտահրավեր է նետում նաեւ Մոսկվային:

Թվում է` Ռուսաստանը պետք է դիմի կտրուկ քայլերի, քանի որ հարցականի տակ է դրվում նրա հեղինակությունը: Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն ռուսական խաղաղապահ պատասխանատվության գոտում դիմել է սադրանքների եւ չի արժանացել Մոսկվայի հրապարակային քննադատությանը:

Ռուսաստանը համեստորեն լռեց, երբ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ Հադրութի՝ հայկական վերահսկողության տակ մնացած երկու գյուղերի՝ Խծաբերի եւ Հին Թաղերի զավթումը: Մինչեւ այսօր Բաքվի բանտերում տառապում են այդ գյուղերի պաշտպան հայ կամավորականները:

Ռուսաստանը լռեց Փառուխ-Քարագլուխ միջադեպի ժամանակ, երբ ադրբեջանցիները զավթեցին ռազմավարական բարձունքներ:

Ռուսաստանը լռեց, երբ անցնող օգոստոսին տեղի ունեցան Լաչինի արյունալի դեպքերը:

Ռուսաստանը լռեց, երբ Ադրբեջանը վերանորոգելու պատրվակով փակել էր Արցախ մտնող գազատարի փականը՝ ցրտի մատնելով արցախահայությանը:

Ռուսաստանը, ըստ էության, լռում է, երբ ադրբեջանական ուժերը զավթում են տարածքներ ՀՀ ինքնիշխան տարածքից եւ ամրապնդվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտիներում:

Կասկած չկա, Ռուսաստանն է շարունակում մնալ Արցախի մնացած հատվածի անվտանգության երաշխավորը, բայց նույնքան անկասկած է, որ Մոսկվան եւ Բաքուն շատ հարցերում գործում են լռելյայն համաձայնությամբ:

Էական չէ՝ այս ամենը տեղի է ունենում ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների արդյունքում, թե Ռուսաստանն այնքան է թուլացել, իսկ Ադրբեջանը՝ ուժեղացել, որ Բաքուն կարողանում է իր կամքը թելադրել:

Շուշիի մոտ ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակումը անակնկալ չէր: Ադրբեջանը երկար ժամանակ նախապատրաստում է զուգահեռներ տանել այսպես կոչված Զանգեզուրյան եւ Լաչինի միջանցքների միջեւ: Սա այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի սակարկությունն է, որին արդեն սադրանքի միջոցով դիմում է Ադրբեջանը:

Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերին, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ եթե «Հայաստանը պնդի մաքսակետեր ստեղծելով վերահսկել ապրանքների եւ քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այդ ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները»։

Այսպիսով` Ադրբեջանը ցանկանում է Նախիջեւանի հետ կապվելու համար օգտվել այն նույն ռեժիմից, որը գործում է հայերի համար, երբ կապվում են Արցախի հետ: Եթե Ադրբեջանը դրան չկարողանա հասնել, ապա պետք է սպասել, որ առաջիկայում Բաքուն կպնդի, որ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ միջանցքում տեղակայվեն ադրբեջանական սահմանային եւ մաքսային կետեր:

Հայաստանի համար իրավիճակը ավելի է բարդանում նրանով, որ Զանգեզուրյան միջանցքի հարցում Մոսկվայի, Բաքվի եւ Անկարայի դիրքրոշումները համընկնում են: Ռուսաստանի համար կարեւոր է մեկ բան՝ միջանցքի վերահսկողությունն իրականացնելու են իրենք: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի հետ կապված կա նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թիվ 695 հրամանը, որի 3-րդ կետում գրված է.

«Федеральной службе безопасности РФ осуществлять контроль за обеспечением Республикой Армения транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой для беспрепятсвенного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях».

Զանգեզուրյան միջանցքին, ակնհայտորեն, բացի Հայաստանից, դեմ են նաեւ Իրանը, ԱՄՆ-ը եւ Վրաստանը. նրանցից ամեն մեկն ունի իր մտահոգություններն ու պատճառաբանությունները: Հենց որ Հայաստանն այս հարցում օգնության ակնկալիքով թեքվում է դեպի Վաշինգտոն, արժանանում է ռուսական կողմի անթաքույց վրդովմունքին:

Միջանցք տրամադրելու հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելու գործում Ռուսաստանը ոչ միայն բաց է թողել Ադրբեջանի, այլեւ Հայաստանի ընդդիմադիր, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի եւ վերջինիս վերահսկողության տակ գտնվող դիվանագետների ու կուսակցությունների «սանձերը»:

Եթե նկատել եք, այդ դիվանագետներն ու կուսակցությունները ոչ միայն քննադատական բառ չեն հնչեցնում Ռուսաստանի հասցեին, այլեւ ուղղակի արդարացնում են Պուտինի քայլերը, որոնք համահունչ են Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը: Այդ գործիչներն ու կուսակցությունները միշտ կարողանում են գտնել «հիմնավոր ենթադրություններ», որ մեր պարտության, շարունակվող ստորացման ու մղձավանջի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Հետեւաբար Փաշինյանը պետք է հեռանա, իրենք գան իշխանության, որից կարճ ժամանակ անց բանակցությունների սեղանին կդրվեն Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի հարցերը:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։