Բոլշևիկյան Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև համաձայնագիր. 2 դեկտեմբեր, 1920թ.

11369

2 դեկտեմբեր, 1920թ.

1920թ. դեկտեմբերի 2-ին ՌԽՖՍՀ լիազոր ներակայացուցիչ ընկեր Լեգրանը ՌԿԿԿ-ի լիազորությամբ` ի դեմս Ռուսաստանի խորհրդային կառավարության, և ընկերներ Դրոն ու Տերտերյանը` ի դեմս Հայաստանի կառավարության, կնքեցին համաձայնություն հետևյալի մասին.

  1. Հայաստանը հայտարարվում է անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն:
  2. Մինչեւ Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը, կազմվում է ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե, որին է անցնում ամբողջ իշխանությունը Հայաստանում:
  3. Ռուսաստանի խորհրդային կառավարությունը ընդունում է, որ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հողերի մեջ անվիճելի կերպով մտնում են` Երևանի նահանգը` իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, որը զինվորական տեսակետից ապահովում է երկաթուղու տիրապետությունը, Ջաջուռ կայարանից` Արաքս կայարանը, Գանձակի նահանգի Զանգեզուրի գավառը, Ղազախի գավառի մի մասը` օգոստոսի 10-ի համաձայնության սահմաններում, և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920թ. սեպտեմբերի 28-ը:
  4. Հայկական բանակի հրամանատարական կազմը չի ենթարկվում պատասխանատվության այն գործերի համար, որ կատարել է բանակի շարքերում մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հայտարարումը:
  5. Դաշնակցության և այլ սոցիալիստական կուսակցությունների (սոցիալիստ հեղափոխական, սոցիալ-դեմոկրատ) անդամները ոչ մի հալածանքի չպիտի ենթարկվեն կուսակցական պատկանելության, կոմունիստական կուսակցության դեմ մղված կռիվներում մասնակցելու և Խորհրդային Հայաստանի հայտարարությունից առաջ կատարված գործերի համար:
  6. Ռազմահեղափոխական կոմիտեի մեջ մտնում են հինգ անդամներ` նշանակված կոմունիստական կուսակցության կողմից, երկու անդամ` ձախ դաշնակցականների խմբակից` համաձայնելով կոմունիստական կուսակցության հետ:
  7. Ռուսաստանի խորհրդային կառավարությունը միջոցներ է ձեռնարկում անմիջապես կենտրոնացնելու Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախության պաշտպանության համար անհրաժեշտ ուժեր:
  8. Սույն համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեռանում է իշխանությունից: Ժամանակավոր կերպով` մինչև հեղափոխական կոմիտեի գալը, իշխանությունը անցնում է զորահրամանատարությանը, որի գլուխ է կանգնում Դրոն: ՌԽՖՍՀ -ի կողմից Հայաստանի զորահրամանատարությանը կից կոմիսար է նշանակվում ընկ. Սիլինը:

Պատրաստված է երկու օրինակից.

ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ` Լեգրան,

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ` Դրո, Տերտերյան:

Լուսանկարում՝ Վրացյանը և Դրոն 1915-ին