«ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի». երկրորդ հրատարակությունը նոյեմբերի 7-ից՝ վաճառքում

4375

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ից Երևանի գրատներում վաճառքի կհանվի մոտ 800 էջանոց «ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի» արժեքավոր հատորի երկրորդ հրատարակությունը: 

Մասնավորապես, այն կարելի է ձեռք բերել Նոյյան Տապան, Արթբրիջ և Բուկնինստ գրատներում: Արժեքը՝ 6.900 դրամ: Հատորը կարելի է ստանալ նաև ԱՆԻ կենտրոնից: 

Գրքում մեկտեղվել են Դաշնակցական նշանավոր գործիչների՝ նույն թեմայով՝ 1923-1924-ին գրված գործերը: Այն գրեթե հարյուր տարի առաջ հրապարակայանորեն ծավալված հեռակա բանավեճ է մի կողմից ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու, մյուս կողմից՝ չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի, Վահան Նավասարդյանի, Ռուբեն Դարբինյանի և Արշակ Ջամալյանի միջև։

«ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի» հատորի խորագիրը ԱՆԻ-ինն է, առաջին անգամ այն հրատարակվել է 2016-ին՝ 200 տպաքանակով: Բացի այդ, մեկ հատորում հավաքված հինգ առանձին գործերը միաժամանակ՝ 2016-ին, հրատարակվել են առանձին գրքերով՝ ընդհանուր 1000 օրինակ տպաքանակով:

ԱՆԻ կենտրոնը, հաշվի առնելով, որ միասնական հատորը սպառվել է դեռ մեկ տարի առաջ և ընթերցողների կողմից պահանջարկ կա, որոշեց այն վերահրատարակել՝ փոխելով միայն շապիկի գույնը և դիզայնը: 

1923-ին Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին գրեց «Հ. Յ. Դաշնակցութիւնը Անելիք Չունի Այլ Եւս» հատորը, որը նախքան գրքի տեսքով հրապարակումը, նա նույն թվականի ապրիլին, որպես զեկուցագիր, ուղարկել էր Հ. Յ. Դաշնակցության արտասահմանյան մարմինների խորհրդաժողովին:

Քաջազնունի

Ի պատասխան Քաջազնունու, ընդարձակ հրապարակումներով հայ հանրությանը ներկայացան Սիմոն Վրացյանը իր «Խարխափումներ»-ով, Ռուբեն Դարբինյանը՝ «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիին»Վահան Նաւասարդեանը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Անելիքը» և Արշակ Ջամալյանը «Յ. Քաջազնունին եւ Հ.Յ. Դաշնակցութիւնը» գործերով։

11904705_992339857463226_6181525848748774099_n

Մի կողմից Քաջազնունու, մյուս կողմից իր կուսակից ընկերների միջև գրեթե մեկ դար առաջ ծավալված բանավեճը այսօր էլ արդիական է: Խոսքը բոլորովին էլ ՀՅԴ-ի «անելիք-չանելիքի» մասին չէ: Իրականում, այդ բանավեճը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, որտե՞ղ փնտրել Հայաստանի անվտանգությունը, ինչպե՞ս հարաբերվել Թուրքիայի հետ, Հայաստանի դիրքը Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, ի՞նչ է ստանում Հայաստանը՝ ամբողջովին ընկնելով ռուսների գիրկը, ի՞նչ է ստանում Հայաստանը հայ-թուրքական փակուղուց և այլն։

Վահան

Այս հինգ հատորները մեկ գրքում ներկայացնում ենք, որպեսզի պատկերը լինի ամբողջական, ընթերցողը հնարավորություն ունենա տեսնել ավելի մեծ պատկերը: Այս գործերը, հատկապես Քաջազնունու հատորը, մեջբերվել է բացառապես կամ գրեթե բացառապես մեկ նպատակով, ընդ որում՝ ՀՅԴ-ի հակառակորդների կողմից, ցույց տալու, որ ՀՅԴ-ն հայ քաղաքական կյանքում այլևս անելիք չունի: Ժամանակին դա արել են ռամկավարները, բոլշևիկները, կոմունիստները, ՀՀՇ-ականները, բազմաթիվ հայագետներ, պատմաբաններ:

Իրականում, Քաջազնունու գործին և պատասխան չորս հատորներին պետք է մոտենալ որպես Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մի հատվածի՝ կարևորագույն հատվածի, և բանավեճը չիջեցնել ՀՅԴ-ի «անելիք-չանելիքի» մակարդակին:

Ջամալյան

Հիշեցնենք նաև, որ նախքան ԱՆԻ-ի կողմից հրատարակելը մեկ միասնական հատորում և առանձին գրքով, Արշակ Ջամալյանի «Յ. Քաջազնունին եւ Հ.Յ. Դաշնակցութիւնը» գործը առանձին գրքով չէր դրվել ընթերցողի սեղանին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն