Հայաստանի Հանրապետության վերջին օրերը` 1920-ի նոյեմբեր. Ալեքսանդր Խատիսյան

3864

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից, հատված գլուխ 13-ից

Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը

(1920 թվի աշունը մինչև 2 դեկտեմբեր)

Այսպիսի տպավորություններով նոյեմբերի 20-ի երեկոյան ժամը 11-ին հասա Երևան և ուղղակի գնացի դաշնակցական խմբակցության ժողովին, որովհետև Ելենովկա կայարանում ինձ սպասում էր հեռախոսային տեղեկություն, որով հաղորդում էին, որ խնդրում են Երևան գալով՝ ուղղակի գնալ խորհրդարան: Ես զեկուցեցի իմ ուղևորության մասին և իմացա, որ զինադադարը ստորագրված է և որ երկու օր հետո պետք է գնալ Ալեքսանդրապոլ, որը ընտրված էր խաղաղության վայր:

Նույն նիստում վարչապետ Օհանջանյանը հայտնեց իր հրաժարական տալու որոշումը և խնդրեց խմբակցությանը մտածել նոր վարչապետի մասին: Խորհրդարանի անդամների տրամադրությունը համանման էր վարչապետի կարծիքին, որովհետև, թվում էր, որ Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններ վարելու համար պետք է ոչ այն կառավարությունը, որը պատերազմ էր մղել նրա դեմ:

Գիշերը ուշ ժամին ցրվեցինք:

Մյուս օրը, նոյեմբերի 21-ին, կառավարության նիստում ես զեկուցում տվեցի այն նախապատրաստական քայլերի մասին, որոնք անհրաժեշտ էին խաղաղության խորհրդաժողովի համար: Պետք է ասել, որ ես արդեն նշանակվել էի բանակցությունները վարող պատվիրակության նախագահ, իսկ նախապատրաստական անելիքներ շատ կային: Պետք էր որոշել պատվիրակության կազմը, պաշտոնեության ցուցակը, որոշել հրահանգներ, որոշել հարաբերությունների եղանակը, նախնական խոսակցություն ունենալ բոլշևիկների ներկայացուցիչների հետ: Այդ բոլորը տևեց երկու ամբողջ օր, նոյեմբերի 21-ը և 22-ը: Եվ միայն նոյեմբերի 22-ի 23-ի գիշերը, ժամը 2-ին, ամեն ինչ պատրաստելուց հետո, մեր պատվիրակությունը հատուկ գնացքով ճանապարհվեց Ալեքսանդրապոլ: Այս մասին Փարիզ՝ ՀՀ պատվիրակությանն ուղարկվեց հետևյալ հեռագիրը.

«Ամսի 18-ին ստորագրեցինք յոթօրյա զինադադար Թուրքիայի արևելյան ճակատի հրամանատարի հետ: Մեր պատվիրակությունը Խատիսյանի նախագահությամբ այսօր գնում է Ալեքսանդրապոլ, խորհրդաժողովը բացվելու է այս ամսի 24-ին»:

Պատվիրակության կազմը հետևյալն էր. նախագահ՝ Ալեքսանդր Խատիսյան, Աբրահամ Գյուլխանդանյան (ֆինանսների նախարար), Ստեփան Ղորղանյան (Կարսի նահանգապետ), խորհրդականներ՝ խորհրդարանի անդամ Վահան Մինախորյան (սոցիալիստ հեղափոխական), բարձրագույն դատական ատյանի անդամ Տիգրան Հովհաննիսյան, գնդապետ Աթայան և կապիտան Խնձորյան:

Բանակցությունները վարելու համար մշակվել էին հրահանգներ: Որոշվել էր Թուրքահայաստանի այն նվազագույն սահմանագիծը, որից ավելին կառավարությունը չէր ուզում զիջումներ անել: Բայց մյուս կողմից հրահանգ էր տվել անպատճառ հաշտության դաշնագիր կնքել:

Այդպիսի հրահանգները, հարկավ, պատվիրակությանը դրել էին ծանր դրության մեջ. անհրաժեշտ զիջումների մեջ որոշ սահմաններ պահել, բայց, միևնույն ժամանակ, հնարավորություն չունենալով զենքի զորությամբ շարունակել պատերազմական գործողությունները, այնուամենայնիվ, կնքել հաշտություն:

Լեգրանը և Մդիվանին, Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչները, հրավիրվեցին Հայաստանի կառավարության նիստին, որին ներկա էին նաև մեր պատվիրակության անդամները: Ես անձամբ ճանաչում էի թե՛ Լեգրանին և թե Մդիվանուն: Լեգրանին հիշում եմ դեռ իր աշակերտ եղած ժամանակից, իսկ Մդիվանուն ճանաչում էի քսան տարուց ի վեր, երբ նա, որպես բոլշևիկ, մասնակցել էր պետական փոստի կողոպուտին, և ես, որպես Թիֆլիս քաղաքի գործերը վարող մեկը, առիթ ունեցա հետո տեսնել նրան:

Մենք Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչներից խնդրեցինք ազդեցություն գործադրել թուրքերի վրա՝ մեզ համար նպաստավոր մտքով: Մենք Լեգրանին և Մդիվանուն ծանոթացրեցինք մեր ցանկություններին և օգնելու խոստման պատասխան լսեցինք:

Այդ ընթացքում էր, որ Լեգրանը մեր կառավարությունից թույլտվություն խնդրեց Ադրբեջանից Հայաստանի սահմանները մտցնել երկու գունդ կարմիր զորքեր, որպեսզի, ինչպես ինքն էր ասում, «ավելի իրական ուժ ունենար թուրքերի հետ խոսելու համար»:

Այդ առաջարկը մեր կառավարությունը չընդունեց, որովհետև դա պիտի նշանակեր Հայաստանի զինվորական գրավում բոլշևիկների կողմից: Նիստի ընթացքում որոշվեց, որ խաղաղության պատվիրակությունը և Մդիվանին Երևանից Ալեքսանդրապոլ մեկնեն տարբեր գնացքներով՝ իրար հետևից:

Նիստը վերջացավ ցերեկվա ժամը 4-ին: Մեր մեկնումը նշանակված էր նույն գիշերը ժամը 2-ին: Մութ, ցուրտ գիշերով գնացինք կայարան, ժամը 2-ին մեր գնացքը շարժվեց: Երկու ժամ հետո ճանապարհվեց հաջորդ գնացքը՝ տանելով Մդիվանուն: Մենք շարժվեցինք այն հաշվով, որ Ալեքսանդրապոլ հասնենք ուշ երեկոյան: Բանն այն է, որ այդ ժամանակ Ալեքսանդրապոլ քաղաքը համարյա տեղի բոլշևիկների ձեռքում էր: Մյուս կողմից, թուրքերի ներկայությունը շատ էր գրգռում հարևան թաթարներին: Մենք ուզում էինք տեղ հասնել՝ առանց զարթնեցնելու այդ թաթարների հետաքրքրությունը:

Մեր գնացքը Ալեքսանդրապոլ հասավ երեկոյան ժամը 10-ին:

***

Արդեն նոյեմբերի կեսերին Բաքվում կազմվել էր Հայաստանի հեղկոմը (հեղափոխական կոմիտեն) Կասյանի նախագահությամբ և մասնակցությամբ Ավիս Նուրիջանյանի: Նոյեմբերի 29-ին բոլշևիկյան զորքերը Ղազախից մտան Իջևան (Քարվանսարա):

Սահմանն անցնելով՝ նրանք առանձին թռուցիկով հայտարարեցին, որ իբր թե Հայաստանի գյուղացիները և բանվորները խնդրում են իրենց օգնությունը դաշնակցական կառավարության դեմ: Հայ բոլշևիկների հետևից գալիս էին ռուս Կարմիր զորքերը: Այսպիսով, բացի թուրքական զորքերից, Հայաստանը դեմ հանդիման կանգնած էր ռուս բոլշևիկյան ուժերի, որոնք գործում էին տեղական ադրբեջանյան մասերի հետ միասին:

Որպեսզի Հայաստանի դրության պատկերը լիակատար լինի, պետք է ասենք, որ Վրաստանը, թեև մի կողմից ձգտում էր կատարելապես չեզոք լինել թուրքերի հանդեպ, բայց մյուս կողմից չէր ուզում թույլ տալ որևէ դաշնագիր կամ համաձայնություն կնքվի Հայաստանի և Թուրքիայի միջև ի հաշիվ այն հողամասերի, որոնց վրա Վրաստանն աչք ուներ: Ահա այդ պարագան ցույց տվող գրություններից մեկը.

«11 նոյեմբեր, 1920թ, թիվ 602:

Ղարաքիլիսայի շրջանի թիկունքի պետ, զորավար Արեշյանին:

Սրանով ուղարկում եմ Ձեզ ի տեղեկություն պատճենն իմ գրության 11 նոյեմբերի, թիվ 600, Հայաստանում գործող թուրքական ուժերի արևելյան ճակատի գլխավոր հրամանատարի անունով:

Զորավար Կարալով»:

Հետո մեջ է բերված գրության պատճեն.

«Հայաստանում գործող թուրքական ուժերի արևելյան ճակատի գլխավոր հրամանատարին:

Ծանոթանալով ձեր՝ Հայաստանի գլխավոր հրամանատարի անունով նոյեմբերի 8-ի գրությանը զինադադարի պայմանների վերաբերյալ, որոնցում դուք շոշափում եք Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառը, որտեղ, ըստ այդ պայմանների՝ զինադադարի ժամանակը լրանալուց հետո կարող են բացվել պատերազմական գործողություններ (կետ 5) և զինադադարի ընթացքում իսկ դադարում է երկաթուղային հաղորդակցությունը Սանահին և Ալեքսանդրապոլ կայարանների միջև (կետ 3), ես՝ Վրաստանի Հանրապետության զինվորական ներկայացուցիչը Հայաստանում, հայտնում եմ բողոք և պարտք համարում բացատրել, որ Բորչալուի գավառի չեզոք գոտին Թիֆլիսի նահանգի նախկին սահմաններում Վրաստանի կառավարությունը համարում է իր հողամասը, որի շուրջ նա վեճ է ունեցել Հայաստանի կառավարության հետ, և Խորհրդային Ռուսաստանի հետ կնքված դաշնագրով այդ հողամասը ճանաչվել է անվիճելի վրացական: Ուստի, որևէ հավակնություն Բորչալուի գավառի և նրա սահմաններում գտնվող երկաթուղու մասին իմ կառավարությունը համարում է թշնամական վարմունք ձեր կառավարության կողմից իր նկատմամբ:

Հայաստանում Վրաստանի Հանրապետության զինվորական ներկայացուցիչ.

զորավար Կարալով

Ճիշտ է՝ գնդապետ Միկաբերիձե»:

Այսպիսով, վրաց կառավորությունը, հրաժարվելով Հայաստանի հետ արտաքին թշնամիների դեմ գործակցությունից, վիճելի գոտին հայտարարում է իբրև անվիճելիորէն իրենը՝ հիմնավորելով իր այդ «իրավունքը» Խորհրդային Ռուսաստանի ճանաչման վրա: Վրաց կառավարության այս գիշատիչ ընթացքը ցույց է տալիս, որ մահացու ընդհանուր վտանգի առջև իսկ մեր հարևանները չկարողացան մի փոքր ավելի հեռատես քաղաքականություն վարել և հրաժարվել փոքր բաներից՝ մեծ արժեքների պահպանման համար: