«Մեր նշանաբանը՝ անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ». Սիմոն Վրացյան

7791

1920 թվականի այս օրը՝ նոյեմբերի 24–ին, Հայաստանում կազմվեց նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Նույն օրը Վրացյանի ստորագրությամբ հրապարակվում է կառավարության հռչակագիրը, որում մասնավորապես ասվում էր. «Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ»:

Վրացյանը հեռագիր է հղում Մուստաֆա Քեմալին [Աթաթուրք]:

«Հաշտության խնդիրը և մեր կողմնորոշումը» վերնագրված խմբագրականում նոյեմբերի 24-ին ՀՅԴ «Յառաջ» օրաթերթը շեշտում է թուրքերի հետ լեզու գտնելու անհրաժեշտությունը. «Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել ու ապահովել իր պետական և ֆիզիկական հարատև գոյությունը, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թուրքական կողմնորոշում: Եթե հայ ժողովուրդը վերջին համաեվրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական կողմնորոշում, այլ լիներ թուրքերի հետ, ամենայն հավանականությամբ, նա խուսափած կլիներ կոտորածներից: Պետք է ըմբռնենք, որ օտարի վրա հենվելով չէ, որ կարող ենք խաղաղություն ձեռք բերել, այլ միմիայն մեր սեփական ուժերին ապավինելով պիտի որոշենք մեր բախտը մեր ուժեղ հարևանների` թուրքերի հետ»:

Նոյեմբերի 29–ին Մուստաֆա Քեմալը [Աթաթուրք] պատասխանում է Վրացյանի հեռագրին. «Գոհունակությամբ ստացա Ձեր հեռագիրը, որով հայտնում եք, որ ցանկանում եք բարեկամական հարաբերություններ ունենալ դրացի պետությունների հետ և տեսնել, որ Ալեքսանդրապոլում սկսված բանակցությունները կհանգեն երկու կողմերի փոխադարձ շահերը ապահովող ելքի»: