Հայաստանից գրաված հողամասերը Ռուսաստանը հանձնում է Խորհրդային Ադրբեջանին․ 1920-ի աշուն

10601

1920 թ․ սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի առաջին օրերին՝ Ալեքսանդրապոլը, իսկ դեկտեմբերի 2-ին՝ ռուս-թուրքական հարվածների տակ, ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Իջևան մտած Հայհեղկոմին։

Ներկայացնում ենք ՀՅԴ Յառաջ օրաթերթի 1920թ․ հոկտեմբերի 12-ի խմբագրականը։

ԱՆԻ

—–

ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ ՍՕՎԵՏԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Երէկ առաւօտ Երևան ժամանեց Սօվետական Ռուսաստանի յատուկ պատւիրակութիւնը պ. Լեգրանի գլխաւորութեամբ:

Պատւիրակութեան նպատակն է, ինչպէս յայտնի է, հաշտութեան դաշինք կնքել Հայաստանի և Սօվետական Ռուսաստանի միջև.

Այսպիսով բաւական երկար ընդմիջումից յետոյ երկու պետութիւնները հնարաւորութիւն են ստանում վերսկսելու հաշտութեան այն բանակցութիւնները, որ ամիսներ առաջ մեր ներկայացուցիչները ընկ. Շանթի նախագահութեամբ վարում էին Մօսկւայում Սօվետական կառավարութեան հետ:

Այդ բանակցութիւնները, մեզնից միանգամայն անկախ պատճառներով դժբախտաբար ընդհատուեցին ժամանակաւորպէս՝ շարունակելու և վերջացնելու համար Հայաստանի մայրաքաղաքում:

Սիրում ենք հավատալ, որ գէթ այժմ մեզ պիտի յաջողւի վերջապէս համաձայնութեան համար մի ընդհանուր լեզու գտնել և ամենամօտ ժամանակում հաշտութեան դաշինք կնքել Սօվետական Ռուսաստանի հետ արդար հիմունքների վրա:

Կարծում ենք սակայն, որ բանակցութիւնների և յաջող ընթացքի և ելքի տեսակէտից աւելորդ չպիտի լինէր բնաւ մէկ քանի դիտողութիւն անել օգոստոսի 10-ին կնքւած զինադադարի պայմանագրին յաջորդող իրադարձութեանց մասին:

Ինչպէս յայտնի է, այդ պայմանագրի գլխաւոր հիմունքներից մէկն էլ այն էր, որ Սօվետական Ռուսաստանը իր չեզոք (այսինքն՝ ոչ թուրք և ոչ էլ հայ) զօրքերի միջոցով ժամանակաւոր կերպով գրաւում էր Նախիջևանը, Զանգեզուրը և Ղարաբաղը: Այդ գրաւումը, սակայն, չպիտի կանխորոշէր այդ հողամասերի վերջնական բաղդը:

Զինադադարի կնքումից յետոյ անցաւ ամբողջ երկու ամիս: Այս ժամանակամիջոցի ընթացքում Սօվետական իշխանութիւնը, կամ, աւելի ճիշտը, նրա՝ Ադրբէջանում գտնվող ներկայացուցիչները կատարեցին մի շարք այնպիսի գործողութիւններ, որոնք տրամագծօրէն հակառակ են օգոստոսի 10-ին կնքւած պայմանների բացորոշ թելադրութւններին:

Ամենից առաջ բոլշևիկները սկսեցին պատերազմական գործողութւններ Ղափանի դէմ, որ կառավարւում էր ինքն իր ոյժերով և որի ազատասէր ու հերոս ժողովուրդը չէր կամենում ընդունել որևէ դրսի իշխանութիւն, թէկուզ ժամանակավորապէս:

Ղափանը Հայաստանից կտրւած է և մի բոլորովին անկախ շրջան է, թէ Հայաստանի և թէ Ադրբէջանի հանդէպ: Նա իր դիրքով իսկ չեզոք է: Հետևաբար, ոչ մի հիմք չկար այդ չեզոք հողամասը զէնքի ոյժով գրաւելու:

Որովհետև Սօվետական իշխանութեան և Սօվետական չեզոք զօրքերի միջամտութեան բուն նպատակը, ըստ օգոստոսի 10-ի պայմանագրի, ուրիշ բան չպիտի լինէր, բայց եթէ վերջ տար Ադրբէջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող արիւնոտ կռիւներին և իր չեզոք զօրքերով պահպանել խաղաղութիւնը Նախիջեւանում, Զանգեզուրում և Ղարաբաղում մինչև այն րոպէն, երբ նրան կյաջողւէր իր արդար միջամտութեամբ որոշել գրաււած հողամասերի քաղաքական բաղդը:

Սակայն պատերազմական յամառ գործողութիւնները Ղափանի դէմ ցոյց տւին, որ Սօվետական իշխանութիւնը բնաւ տրամադիր չէ մնալու միանգամայն չէզոք դերում:

Չեզոքութեան երկրորդ աղաղակող խախտումը Ռուսաստանի Սօվետական իշխանութեան ներկայացուցիչների կողմից եղաւ այն, որ ժամանակաւորապէս գրաււած վայրերում նրանք սկսեցին սոսկալի հալածանք և դաժան խստութիւններ հայկական պետութեան կողմնակից տարրերի և մասնաւորապէս տեղական դաշնակցականների դէմ: Մինչդեռ նրանք  ամեն կերպ ոյժ տւին միաժամանակ Ադրբէջանի կողմնակից տարրերի և ագենտների բացարձակ թշնամական գործունէութեանը ընդդէմ Հայաստանի:

Մենք մեր ձեռքի տակ ունենք անհերքելի փաստեր, որ Խալիլ փաշաների նման անձնաւորութիւններ մինչեւ այսօր էլ գործում են իրենց բանդաներով հայ ժողովրդի դէմ և հրով ու սրով ստիպում են տեղական ազգաբնակութեանը Զանգեզուրում ու Նախիջեւանում ընդունել Ադրբէջանի իշխանութիւնը:

Երրորդ, ամենահիմնական և ուղղակի խախտումը օգոստոսի 10-ի պայմանագրի այն եղաւ, որ Սօվետական ռուս զօրամասերը հեռացւեցին գրաււած վայրերից և նրանց տեղը բերւեցին կամ կազմակերպւեցին գերազանցապէս թուրքական զօրքեր, որոնք ամեն ինչ են, բայց ոչ յամենայն դէպս չեզոք՝ Հայաստանի հանդէպ:

Այդ իրադարձութիւններից յետոյ կարող են արդեօք հայ ժողովուրդն ու նրա հարազատ կառավարութիւնը ընդունել կատարեալ վստահութիւն պ. Չիչերինի և պ. Լեգրանի կողմից բազմիցս մեր պետութեան հասցէին կրկնւած բարեկամական խօսքերի լիակատար անկեղծութեան և շիտակութեան մասին:

Վերոյիշեալ փաստերը գալիս են դժբախտաբար յոռի կասկածների առիթներ տալու Սօվետական Ռուսաստանի միջնորդութեան արդար և յաջող ելքի մասին հայ-ադրբէջանեան վիճելի խնդիրների լուծման գործում:

Չեզոքութեան քողի տակ՝ Հայաստանից ժամանակավորապէս գրաււած հողամասերը Ռուսաստանի Սօվետական իշխանութիւնը փաստօրէն յանձնել է արդէն Ադրբէջանի թուրքական ոյժերի ձեռքը, և վիճելի խնդիրները մեզ համար նպաստաւոր լուծում ստանալու դէպքում անգամ նա հնարաւորութիւն պիտի ունենայ արդեօք այդ հողամասերը առանց զինւած բարդութիւնների յանձնել Հայաստանին:

Չնայելով այս բոլորին, մենք յոյս ունենք սակայն, թէ այնուամենայնիւ, Սօվետական Ռուսաստանը, երկար ձգձգումներից յետոյ, պիտի կամենայ կնքել մեր կառավարութեան հետ հաշտութեան մի այնպիսի դաշինք, որով հայ ժողովուրդը գէթ իր հիւսիս-արևելյան սահմանների վրա հանգիստ շունչ առնէ, որով միանգամայն ապահոււի Հայաստանի անկախութիւնը և որով վերջապէս նա ազատ լինի տնօրինելու իր քաղաքական բաղդը իր ուզած ձևով:

Յառաջ, ՀՅԴ, թիւ 222, Երեքշաբթի, 12 Հոկտեմբեր, 1920

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2015/07/31/armenia-russia-august-10-1920-armenian-text/