Հայերը Երևանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքից իջեցնում են թուրքական դրոշը. հոկտեմբեր, 1923

5886

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

«Երևանյան միջադեպ». այսպես է անվանվել 1923թ. հոկտեմբերին տեղի ունեցածը, երբ հայերը հարձակվեցին Երևանում Թուրքիայի դիվանագիտական առաքելության շենքի վրա և նրա վրայից հանեցին թուրքական դրոշը:

Թե որն էր հարձակման պատճառը, ինչ նպատակներ էր հետապնդում և ովքեր էին հրահրել` թերթերի հրապարակումներից դժվար է հասկանալ: Թուրքական թերթերը մի կողմից քննադատում և դատապարտում էին հայերի հանդուգն քայլը, մյուս կողմից ակնարկում, որ արարքի պատասխանատվությունն ընկնում է Մոսկվայի բոլշևիկյան իշխանությունների վրա, քանի որ Հայաստանը մաս է կազմում Խորհրդային Միության:

«Թևհիտ» թերթը գրեց, որ «ներկայացուցչության դեմ հարձակումներից, դրոշը իջեցնելուց և պահակների զենքերը խլելու փորձից հետո, մեր ներկայացուցիչը Երևանից մեկնել և անցել է մեր սահման» և խստիվ բողոքել է հայերի «այս դատապարտելի ժպիրհության դեմ»: Թերթը հիշեցնում էր, որ Հայաստանը այլևս անկախ հանրապետություն չէ, սակայն ընդգծում, որ «հայերի լիրբ հանդգնությունը» մեծ ազդեցություն է թողել թուրքական  կառավարական շրջանակներում և հանրային կարծիքի վրա: «Եթե մեզ գոհացում չտրվի և այս հարձակման հեղինակները խստիվ չպատժվեն», ապա թուրքական կառավարությունը պետք է դիմի փոխադարձ քայլի: «Երևանի այս տգեղ և դատապարտելի հարձակման համար Ռուսական Համադաշնությունը ևս պատասխանատու է», սակայն «մեր ներկայացուցչի և դրոշի դեմ անարգանքի համար չենք կարող հանդուրժել նրանց, որոնց երեկ ճզմեցինք, իսկ այսօր մեր դեմ ամբարտավան կեցվածք են դրսևորել»:

«Ենի Գյուն» թերթն ընդգծեց, որ «հայերի գործած այս թշնամությունն ու կոպտությունը» այնքան ակնհայտ են, որ «մեր կողմից առանց պատասխանի և անհետևանք չպիտի մնա»: Բայց քանի որ Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը հանձնել է Ռուսաստանին, «Երևանի միջադեպի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է ծանրանում»:

«Վակիթը» «երևանյան միջադեպի» առիթով գրեց, թե «դաշնակցական հրոսախմբերը» հարձակվում են սահմանային հայկական գյուղերի վրա, դրանք հրդեհում և պատասխանատվությունը դնում թուրքերի վրա: «Հայերը Մոսկվայում մեր դեմ խիստ քարոզչություն են տանում, որի նպատակն է խզել Ռուսաստանի և մեր բարեկամական հարաբերությունները և  Արևելքում նոր խնդիր ստեղծել»: Թերթը գրեց, որ Անկարայում Ռուսաստանի դեսպան Սուրիցը այցելել է արտգործնախարարություն և բացատրություն տվել միջադեպի առիթով:

Թուրքական մամուլը պնդում էր, որ հայերը լուրջ դեր են ունեցել միջադեպի հարցում: «Աքշամ»-ը տեսակետ հայտնեց, որ«այս միջադեպի հետևում կամ Չեկան էր կամ էլ` Ռուսաստանը», քանի որ Մոսկվայում այլևս չեն ուզում, որ թուրքերը շարունակեն ներկայացուցիչ ունենալ Երևանում:

Պոլսի հայ մամուլը գրեց, որ Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցածը «խմորվող քաղաքական փոփոխության աննշան մեկ դրվագն է»: «Մոսկվան վերացրել է հայկական անկախությունը, «համադաշնակցություն» և նման բառերը անբովանդակ արտահայտություններ են` շլացնելու միամիտներին: Եթե թուրքական դրոշը իջեցվել է, ապա դա արվել է ոչ թե Երևանի հայ համայնավարների, որոնք պարզ խամաճիկներ են, այլ Մոսկվայի հրամանով: Այս հարցում էլ ռուսական կառավարությունը անպարկեշտ կեցվածք է դրսևորում, երբ փոխանակ իր անունով հրապարակ գալու, արյունաքամ ժողովրդին է քավության նոխազ դարձնում»,- գրել է Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթը իր խմբագրականում:

Խորհրդային մամուլը ևս անդրադարձավ «երևանյան չնչին ու անիմաստ դեպքերին»` չմանրամասնելով դրանք: Ալեքսանդր Մյասնիկյանը «երևանյան միջադեպի» առիթով գրեց. «Ամենայն պատասխանատվությամբ և վստահությամբ պնդում ենք, որ չկա «թուրքական վտանգ», նույնիսկ չնայած երևանյան այն «միջադեպին», որի պատճառով Պոլսի թուրքական և հայկական դեղին ու սպիտակ մամուլը այնքան թմբուկ զարկեց: Թուրքահայաստանի խնդի՞ր: Այդ էլ է լուծված: Մեզ համար գոյություն չունի սահմանների հարց»:

Թաթուլ Հակոբյան

Դիտել նաև՝