Ագարակ գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան

2469

Ագարակ գյուղը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, խոշորացված Կապան համայնքի մաս է կազմում:

Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Ագարակը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի նահանջից հետո Ագարակը դարձել է սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանի Եմազլու, Կարաբաբա, Խաշթափ գյուղերին:

Ագարակը գտնվում է մարզկենտրոն Կապանից 20 կմ հեռավորության, ծովի մակարդակից 950 մետր բարձրության վրա: Ըստ Սյունիքի մարզպետարանի տվյալների՝ այսօր գյուղն ունի 164 բնակիչ:

Ագարակը հիշատակվում է 12-13-րդ դարերից և մտնում էր Սյունիքի
Բաղք-Աճանան գավառի մեջ։ Ըստ հին հարկացուցակի՝ Տաթևի վանքին տալիս էր 20
միավոր հարկ և համարվում էր Սյունիքի խոշոր բնակավայրերից։ Գյուղի շրջակայքում կա երեք հին, 15-17-րդ դարերի գերեզմանոց, տապանագիր
ունեցող խաչքարեր, հին գյուղատեղիներ, ներկայումս գյուղի կենտրոնում կանգուն՝ 1830թ. կառուցված Սուրբ Աստվածածին միանավ եկեղեցի։ Գյուղից 1 կմ հեռավորության վրա է գտնվում միանավ, կիսավեր 10-11-րդ դարերի Սարդարանց եկեղեցին, ինչպես նաև՝ 17-րդ դարի միանավ ևս մեկ եկեղեցի:

Ագարակի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 81 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 496 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 969 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 229 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1914 թվական – 814 հոգի, բոլորը՝ հայ, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 876 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 863 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 697 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 788 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Ագարակն ունեցել է.

1939 թվական – 553 հոգի,

1959 թվական – 217 հոգի,

1979 թվական – 226 հոգի,

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ և դիտել նաև՝