«Հայաստանի վերամիավորման շարժում» կազմակերպությունը

1664

Ծանոթ. – 1966 թ ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը (մահացել է 1989-ին), Ստեփան Զատիկյանը (գնդակահարվել է Մոսկվայում 1979-ին) եւ Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը): ԽՍՀՄ տարածքում Հայաստանը դարձավ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն:

ԱՆԻ կենտրոն

—–

1967թ. նոյեմբերի 25-29-ին Երեւանում կայացել է այդ տարվա ընթացքում երրորդ քաղաքական դատավարությունը: 206 հոդվածով (սովետական պետական կամ հասարակական կարգը արատավորող ակնհայտ կեղծ հերյուրանքներ տարածելը) յոթ հոգանոց խումբ է դատապարտվում: Մինչ այդ՝ այս նույն տարվա մայիսին արդեն դատապարտվել էին Սերգեյ Մելքոնյանը եւ Ֆրունզիկ Մկրտչյանը, սեպտեմբերին՝ Զավեն Հարությունյանը: Այս անգամ մեղադրյալի աթոռին էին «Հայաստանի վերամիավորման շարժում» կազմակերպության անդամներ Մարտին Սարգիսի Նալբանդյանը, Երեւանի պետհամալսարանի ավագ գիտաշխատող Ալբերտ Մկրտչի Ղուբասարյանը, նույն համալսարանի ուսանող Սուրիկ Արտավազդի Սարգսյանը, ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ Մկրտիչ Ռուբենի Մովսիսյանը, ինժեներ Արկադի Սերգեյի Հայրապետյանը, ինժեներ Ռուբեն Գուրգենի Սաֆարյանը, տնտեսագետ Իվան-Վանիկ Գրիգորի Ստեփանյանը:

Այս խմբի անդամներից որեւէ մեկի կամ նրանց ժառանգներին գտնել չհաջողվեց:Հենց այդ պատճառաբանությամբ էլ ԱԱԾ-ում հրաժարվեցին մեզ տրամադրել նրանց նկատմամբ կայացված դատավճիռը: Որպես տեղեկատվության աղբյուր օգտագործել ենք Արմենակ Մանուկյանի «Քաղաքական այլախոհությունը Հայաստանում 1950-1988թթ.» գիրքը, այլ քաղբանտարկյալների նկատմամբ կայացված դատավճիռները, որոնց մեջ հիմնականում հիշատակվում է այս խմբի անդամ Մարտին Նալբանդյանը:  Օգտվել ենք նաեւ Նալբանդյանի հետ առնչություններ ունեցած Շահեն Հարությունյանի հուշերից: Ցավոք, այս խմբի հետ սերտ համագործակցած «Հանուն Հայրենիքի» խմբի անդամներից ոչ ոք այսօր ողջ չէ. նրանց միջոցով հնարավոր կլիներ առավել լիարժեք տեղեկություններ տալ խմբի մասնակիցների մասին: 1968 թ. տպագրված «Հանուն Հայրենիքի» ամսագրում անդրադարձ կա այս գործով կայացած դատավարությանը՝ «Դատական կատակերգություն» վերնագրով: Հոդվածի հեղինակը Հովիկ Վասիլյանն է:

Խումբը եւ տարածել է Ղարաբաղի ու Նախիջեւանի խնդիրներին, ընդհանրապես՝ Հայկական հարցին անրադարձող թռուցիկներ: Նրանք կարողացել են տպագրական միջոցներ հայթայթել եւ 1966-67թթ. ընթացքում մեծ քանակությամբ թռուցիկներ տարածել: Այդ թռուցիկներում հեղինակները մեղադրում են խորհրդային կառավարությանը՝ Հայկական հարցը միտումնավոր չլուծելու, այդ հարցը սովետա-թուրքական դիվանագիտության մեջ ի վնաս հայ ժողովրդի օգտագործելու համար: Խմբի անդամներից Մարտին Նալբանդյանն ունեցել է երկար տարիների պայքարի փորձ եւ բազմաբնույթ կապեր՝ գործող տարբեր ընդահատակյա կազմակերպությունների եւ անհատների հետ:

Իր գործունեությունը նա սկսել է 1963-64-ականներից: Առնչություններ է ունեցել այդ շրջանում գործող Հայաստանի երիտասարդական միության հետ: «Յոթ հայրենասերների» դատապարտումից հետո, ապագա ԱՄԿ հիմնադիրներից մեկի՝ Շահեն Հարությունյանի հետ նախաձեռնել է 1965-ին Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ թռուցիկների տպագրության ու տարածման գործը: Թռուցիկներում 1965թ. ապրիլի 24-ին ընդառաջ, Մարտին Նալբանդյանի եւ Մերուժան Հովհաննիսյանի մորաքրոջ որդի Ստյոպա Հակոբյանի հետ միասին բազմացրել են Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի լաբարատորիայում: Մարտին Նալբանդյանն ապագա «Հանուն Հայրենիքի» խմբի անդամ Գեւորգ Հեքիմյանի միջոցով 1967-ին ծանոթացել է Հովիկ Վասիլյանի հետ եւ նրան է փոխանցել երեք թռուցիկ՝ «Կրկին ռուս-թուրքական դիվանագիտության զոհասեղանին», «1921թ. մարտի 16-ին Մոսկվայում» եւ «Հայր հոգում գարունն արթնացավ…» վերնագրով: Վասիլյանն՝ իր համախոհներ Շիրակ Գյունաշյանի եւ Լեւոն Առուշանյանի հետ դրանք տարածել է Երեւան ու Աբովյան քաղաքներում:

Չնայած այն հանգամանքին, որ Մարտին Նալբանդյանը եւ խմբի մյուս անդամներն ունեցել են կազմակերպություն, կարողացել են ծավալել լուրջ գործունեություն, պատրաստել եւ տարածել բազմաքանակ թռուցիկներ, կապ են ունեցել այլ կազմակերպությունների ու անհատների հետ, իրենց ծավալած գործունեության համեմատ նրանք դատապարտվեցին նկատելիորեն մեղմ պատժաչափերի: Սուրիկ Սարգսյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով, Ալբերտ Ղուբասարյանը՝ 2 տարի, Մկրտիչ Մովսիսյանը՝ 1 տարի, Արկադի Հայրապետյանը՝ 2 տարի, Ռուբեն Սաֆարյանը՝ 2 տարի 6 ամիս, Իվան-Վանիկ Ստեփանյանը՝ 2 տարի 2 ամիս, Մարտին Նալբանդյանը 2 տարի 6 ամիս:

Խմբի անդամների նկատմամբ կիրառվեց նաեւ 1967 թ. հոկտեմբեր 31-ին սոցիալիստական հեղափոխության 50-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը, ինչի շնորհիվ նրանցից չորսն ազատվեցին պատժից, իսկ երեքի պատժաչափերը կրճատվեցին կիսով չափ:

Մարտին Նալբանդյանը հետագայում տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության, որտեղ էլ 1991 թվականին վախճանվել է: Ալբերտ Ղուբասարյանը պատմաբան էր, մասնակցում էր Հայկական հանրագիտարանի խմբագրական աշխատանքներին եւ Էրեբունիի պեղումներին: 1987 թ. եղել է «Հայ դատի պաշտպանության ընկերության» նախագահության անդամ: Վախճանվել է 1990-ին:

—–

Սա հատված է խորհրդահայ այլախոհ, 8 տարի անազատություն կրած Վարդան Հարությունյանի ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ արժեքավոր հատորից: