Հայաստան-Արցախ միջանցք/ճանապարհը. նոր մանրամասներ

3712

Հայաստանը Արցախի հետ կապող նոր ճանապարհը պատրաստ չէ, սակայն կողմերը եկել են ժամանակավոր համաձայնության: Քանի որ Հայաստանը նոր է սկսել Կոռնիձորից մինչեւ Հակարի գետի վրա ադրբեջանցիների կառուցած կամրջին կապող հատվածի շինարարությունը, որը կտեւի ավելի քան 8 ամիս, ժամանակավորապես օգտվելու է 4,7 կիլոմետրանոց այլընտրանքային ճանապարհից:

Ադրբեջանցիների՝ Հակարի գետի վրա կառուցած կամրջից ճանապարհը մտնելու է աջափնյա հատված եւ Հակարի եւ Աղավնո գետերի հոսքին հակառակ ուղղությամբ, դուրս է գալու Տեղ-Աղավնո ոլորաններից մեկի մոտ՝ այնտեղից միանալով այսօր գործող ճանապարհին:

4,7 կիլոմետրանոց այլընտրանքային, ժամանակավոր ճանապարհի մի հատվածն անցնում է Հայաստանի տարածքով, մի մասը՝ Ադրբեջանի: Այստեղ կտեղակայվեն ռուս խաղաղապահներ:

Ուշագրավ իրավիճակ է լինելու ճանապարհի այն հատվածում, որն անցնում է Շուշիի հարեւանությամբ: Պարզվում է, որ այստեղ փոփոխություն չի լինելու, այսինքն՝ մենք օգտվելու ենք գործող ճանապարհից, իսկ նախապես ծրագրված Ստեփանակերտ-Ղայբալիքենդ-Զառսլու հատվածը, որ պետք է կառուցեր Արցախի կառավարությունը, եւ որը շրջանցելու էր Շուշին, առայժմ չի կառուցվելու:

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գրավեց ոչ միայն Շուշին, այլեւ քաղաքից արեւմուտք ընկած անտառապատ շերտը՝ հայտնի Իսահակի աղբյուրի տարածքը, որով եւ պիտի անցներ նոր ճանապարհը: Դրա համար Ադրբեջանը պետք է ռուսներին տրամադրեր մի քանի մետր լայնքով տարածք նոր ճանապարհի համար: Կողմերը, սակայն, որոշել են շարունակել օգտվել գործող ճանապարհից, որն անցնում է Շուշիի մերձակայքով եւ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ է:

Այսպիսով՝ Արցախը Հայաստանին կապող ճանապահը օգոստոսի 25-ից (եթե ադրբեջանցիները չհասցնեն մինչեւ օգոստոսի 25-ը ավարտել 4,7 կմ-անոց հատվածի շինարարությունը, ապա ժամկետը կարող է մի քանի օրով կամ շաբաթով երկարաձգվել) հետո անցնելու է հետեւյալ երթուղով՝ Ստեփանակերտ-Շուշիի խաչմերուկ-Լիսագոր-Տասը վերստ-Մեծ Շեն-Հին Շեն-Հակարիի կամուրջ-Տեղ հատվածով: Եթե ավելի պարզ, ապա գործող ճանապարհից նորը տարբերվելու է նրանով, որ շրջանցելու է Աղավնոն եւ Բերձորը, անցնելու է Հակարի-Հին Շեն-Մեծ Շեն-Տասը վերստ հատվածով:

Եվս մեկ էական հանգամանք՝ 5 կիլոմետր լայնությամբ նոր միջանցքում մնալու է նախկին Լաչինի շրջանի՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի տարածքը՝ Աղանուս, Ապարան, Մեղվաձոր գյուղերը, եւ դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից:

Հայաստանն ու Արցախը պետք է նոր միջանցք տեղափոխեն նաեւ էլեկտրասյուները եւ կապի մալուխները: Ամենամեծ դժվարությունը եւ ժամանակատարը նոր գազատարի կառուցումն է: Այսօր գազատարը, ինչպես մյուս ենթակառուցվածքները, մասամբ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներով:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։