Արցախում այսօր ադրբեջանցիների ախորժակը զսպող միակ ուժը ռուսական սվիններն են․ Թաթուլ Հակոբյան

1405

Արցախում այսօր ադրբեջանցիների ախորժակը զսպող միակ ուժը ռուսական սվիններն են, «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Լրագրողը նկատեց՝ ռուսական սվինները պաշտպանում են ռուսական շահերը, բայց, եթե չլինեն ռուսական խաղաղապահները, Արցախում կարող է տեղի ունենալ կա՛մ արագ հայաթափում, կա՛մ ամենամեծ ողբերգությունը։ «Այսինքն՝ եկեք նաև իրատես լինենք», – ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով պնդումներին, թե ռուս խաղաղապահները պետք է հեռանան՝ Հակոբյանը շեշտեց՝ ուզում են ազատվել մի բանից, որի փոխարինողը չունեն։

Դիտարկմանը, թե նաև վարչապետն է քննադատում խաղաղապահներին՝ ասելով, որ նրանց թողտվությամբ ադրբեջանցիները երկու անգամ գրոհեցին Արցախի պաշտպանության բանակի դիրքերը, լրագրողն այսպես արձագանքեց․ – «Վարչապետ Փաշինյանի այդ քաղաքականությունը պարզ շանտաժ է, որին արդեն պարոն Լավրովը պատասխանել է։ Պարզ շանտաժ է։ Տեսեք՝ ինչ է տեղի ունենում՝ Հայաստանը մի կողմից հենց, որ Ադրբեջանը դառնում է սանձարձակ և գրոհում է Արցախի կամ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, նույն օրը պարոն Փաշինյանն անմիջապես հեռախոսը վերցնում Պուտինին է զանգում, պարոն Արարատ Միրզոյանը հեռախոսը վերցնում Լավրովին է փնտրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Շոյգուին է փնտրում, Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Գրիգորյանը Պատրուշևին է փնտրում, այսինքն՝ հրապարակային այս շանտաժի լեզուն են օգտագործում, դա մի լեզու է, որ ռուսների հետ աշխատելու, իմ կարծիքով, լավագույն լեզուն չէ։ Ես կարծում եմ, որ պետք է վերջ տալ այս ձևով աշխատելուն և պետք է ռուսների հետ այլ ձևով աշխատել, դա չաշխատող մեխանիզմ է», – ասաց Հակոբյանը։

Կառավարության վերջին նիստում, անդրադառնալով Արցախի սահմաններին լարվածությանը, վարչապետ Փաշինյանը նախ մեղադրեց ռուս խաղաղապահներին, թե պատերազմից հետո նրանց ներկայությամբ ու թողտվությամբ են տեղի ունեցել Արցախում մի շարք միջադեպեր՝ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը, հայ զինծառայողների գերեվարումը, հրադադարի խախտումները, ապա խոսեց խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտման անհրաժեշտության մասին։

 

Պաշտոնական Մոսկվան արձագանքեց՝ նշելով, թե դեռ չի տեսել Հայաստանի վարչապետի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու հետ կապված։

 

«Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է քննարկել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ուստի ես հիմա չեմ կարող կռահել», – ասել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ ի պատասխան հայտարարեց, թե «ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»:

 

Արտգործնախարարությունը սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ է գրված եղել Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ առաքելության վերաբերյալ ռուսական կողմին ներկայացված գրավոր տեքստում:

Թաթուլ Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև