Արցախ գնացող բարձրավոլտ գծերի, կապի և գազամուղի զգալի հատվածներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ

3496

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ դեպի Արցախ տանող նոր ավտոճանապարհին զուգահեռ հայկական կողմն անցկացնում է բարձրավոլտ էլկտրահաղորդման գիծ և կապի մալուխ, սակայն չի հասցնի այդ աշխատանքները ավարտել օգոստոսի 25-ին, երբ Բերձորը, Աղավնոն ու Սուսը հանձնվելու են ադրբեջանցիներին։

Ուստի, մինչև նոր ճանապարհի կառուցումը, այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայումը և դեպի Արցախ էլեկտրականության, կապի նոր գծերի ու գազամուղի անցկացումը, գործող գծերի ու գազամուղի զգալի հատվածներ տևական ժամանակ մնալու են ադրբեջանական վերահսկողության ներքո։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը «Ազատությանը» ասել է. «Զուգահեռ կոմունիկացիաներ են կառուցվում, մասնավորապես, բարձրավոլտ էլեկտրագիծ, կապի գիծ և այսպես շարունակ»:

Պատասխանելով հարցին՝ կհասցնե՞ն մինչև նոր ճանապարհին անցնելը կոմունիկացիաների անվտանգության հարցը լուծել, Խանումյանն ասել է. «20 օրում չի հասցվի, բայց զուգահեռ աշխատանքներ տարվում են, որ հայաստանյան հատվածի ճանապարհահատվածը վերջանալուն պես այդ կոմունիկացիները նույնպես պատրաստ լինեն»:

«Որոշ հատվածներ հիմա էլ են իրանց վերահսկողության տակ, էդ նույն օդային գիծը, գազատարը, մինչև այսօր էլ տարբեր հատվածներ անցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքով»,- ասել է նա: