Հայրիկիս հետ՝ Գյումրիում

1991

Իմ եղբայրը՝ Աշոտ Հակոբյանը, ծառայում է Հայկական բանակում: Քանի որ Հայաստանի և Արցախի սահմաններում անհանգիստ է, մենք նույնպես անհանգիստ ենք:

Հայրիկս՝ լրագրող Թաթուլ Հակոբյանը, խոստացել էր այս ամռանը ինձ տանել Սև ծով՝ Վրաստան: Ես ծով, ջուր, լողալ շատ եմ սիրում, բայց չուզեցի գնալ այլ երկիր, քանի որ եղբայրս ծառայում է Հայաստանի համար:

Փոխարենը հայրիկն առաջարկեց մեկական օրով լինել Գյումրիում, Դովեղում, Թբիլիսիում, Ստեփանավանում, Սյունիքում կամ Արցախում:

Հուլիսի 29-ին մայրիկիս և հայրիկիս հետ մեր մեքենայով ուղևորվեցինք Գյուրի: Ես և հայրիկը միասին մի քանի անգամ անցել ենք այդ քաղաքով, բայց շատ բան չեմ հիշում, քանի որ փոքր էի: Հիմա արդեն 11 տարեկան եմ, սեպտեմբերի 1-ին գնալու եմ 6-րդ դասարան:

– Հայաստանում միակ քաղաքը Գյումրին է, որտեղ պահպանվել է 19-րդ դարի կեսերի Հայաստանը,- նայելով կենտրոնի տներին ասում էր հայրս:

Գյումրին նախկինում ունեցել է Ալեքսանդրապոլ, Լենինական, Կումայրի անունները: Քաղաքի կենտրոնում պահպանվել են սև գույնի երկհարկանի տներ: Կենտրոնական հատվածում գործում են հինգ եկեղեցիներ:

Երեկոյան իմ հայրիկը ընկերների հետ հանդիպման գնաց Ալեքսանդրովսկի, այնտեղ հայկական երաժշտություն կար:

Ես և մայրս քայլում էինք Գյումրու կենտրոնական փողոցներով: Քիչ անց զանգեց հայրիկը և մեզ հրավիրեց նույնպես ունկնդրելու գյումրեցի և երևանցի երաժիշտների կատարումները:

Հետո գնացինք Շալե հյուրանոց՝ գիշերելու: Հյուրանոցը փոքր էր, բայց շատ հարմարավետ և գեղեցիկ: Առավոտյան նախաճաշեցինք և վերադարձանք Երևան: Ճանապարհին եղանք Մարալիկ և Թալին քաղաքներում:

Հայրիկը ասաց, որ տարիներ առաջ ֆիլմ է նկարել Գյումրիի մասին: Ես այն չեմ դիտել, բայց ամառային արձակուրդների ժամանակ անպայման դիտելու եմ:

Ես Գյումրին շատ սիրեցի և սպասում եմ, թե երբ հայրիկս կասի.

– Սոնա, պատրաստվիր, ուղևորվում ենք Գյումրի:

Սոնա Հակոբյան

Լուսանկարը՝ Սամվել Ադամյանի

With My Father in Gyumri