Արփի լիճ. ինչպես 1920-ին այս հրաշք անկյունը մնաց Հայաստանի կազմում

23057

Լուսանկարում Արփի լիճն է, որը գտնվում է Շիրակի մարզում, Հայաստանի Հանրապետության ծայր հյուսիս-արևմուտքում՝ ժամանակակից Թուրքիայի (արևմուտքում)  և Վրաստանի (հյուսիսում) սահմանին մոտ: Խորհրդային Հայաստանի ժամանակներում (սա Խորհրդային Հայաստանի քարտեզն է, կարմիր գույնով տարածքը Ամասիայի շրջանն է) Արփի լիճը Ամասիայի շրջանի մեջ էր մտնում:

Ամասիայի շրջան վարչական միավորի քարտեզը

Ամասիայի շրջանը կամ տարածքը, որը պատմագրության մեջ հանդիպում է նաև Աղբաբա ձևով, 1920-ին Հայաստանի Առաջին Հանրապետության, ապա և Խորհրդային Հայաստանի մաս է կազմել ուշագրավ հանգամանքների բերումով: Ինչպես իրենց հուշերում գրել են 1920-ի նոյեմբերից Ալեքսանդրապոլում թուրքերի՝ Քյազիմ Կարաբեքիրի հետ բանակցություններ վարող հայ պատվիրակները, թուրքերը մտադիր էին նաև տիրանալ Աղբաբային:

Թուրքերը, սակայն, Աղբաբայի շրջանը՝ շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք, զիջեցին հայերին: Այդ “զիջումը” բացատրվում էր ոչ միայն հանուն “հայ-թուրքական բարեկամության” ապագայով, այլ նրանով, որ ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները արդեն պայմանավորվել էին, որ Սուրմալուն կանցնի թուրքերին, որի դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից՝ հօգուտ ապագա Խորհրդային Վրաստանի: Բայց քանի որ Սուրմալուն տարածքով ավելի մեծ էր Բաթումի շրջանից, ապա այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը զիջեցին Ամասիան:

Արփի լիճը և շրջակայքը Հայաստանի գեղեցկագույն անկյուններից է:

Այս լիճը, որը ծովի մակերևույթից ունի ավելի քան 2000 մետր բարձրություն, արհեստական ջրամբար է:

Նախքան պատվարի կառուցումը՝ 1951 թվականը, Արփին 1,6 մետր խորությամբ և 5 միլիոն խորանարդ մետր ջրի ծավալով փոքրիկ լիճ էր, որի ջրերը գոյանում էին հարակից լեռների աղբյուրներից և ձնհալից: Հենց այդ փոքրիկ լճից էր սկիզբ առնում Ախուրյան գետը (թուրքերը անվանում են Արփաչայ), որը մինչև Գյումրիի մոտերքը, ավելի հստակ՝ մինչև Երազգավորս գյուղը, հոսում է Հայաստանի տարածքով, ապա միմյանցից բաժանում է ժամանակակից Թուրքիան և Հայաստանի Հանրապետությունը (Բագարան գյուղի մոտ Ախուրյանը և Արաքսը հանդիպում են, ապա ժամանակակից Թուրքիան և Հայաստանի Հանրապետությունը միմյանցից շարունակում է բաժանել Արաքսը):

Ախուրյան գետը Հայաստանի Հնարապետության տարածքում

Ամբարտակի կառուցումից հետո Արփի լիճը դարձավ Խորհրդային Հայաստանի, ապա՝ Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ ջրային ավազանը Սևանա լճից հետո: Այսօր Արփի լճի ծավաը գերազանցում է 100 միլիոն խորանարդ մետրը:

Ձմռանը Արփի լիճը սառցակալում է։ Հենց Արփի լճի հարևանությամբ՝ Պաղակն (Խորհրդային Միության ժամանակ՝ Շուրաբադ) գյուղում է գրանցվել Անդրկովկասում ամենից ցածր ջերմաստիճանը՝ -46 աստիճան ըստ Ցելսյուսի:

Լուսանկարը և տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի