Ադրբեջանը ավարտում է Արցախ-Հայաստան նոր ճանապարհի (միջանցք) իր հատվածը

2395

Ադրբեջանական կողմը ավարտին է հասցրել Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի (միջանցք) իր հատվածի շինարարությունը եւ այս օրերին ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքները շարունակում է արդեն Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի երկու հայկական գյուղերում՝ Հին Շենում եւ Մեծ Շենում:

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ»։

Ադրբեջանը նոր ճանապարհի (միջանցք) աշխատանքները սկսել է 44-օրյա պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո: Ռուսական կողմի միջնորդությամբ Ստեփանակերտի եւ Բաքվի ներկայացուցիչները որոշեցին նոր միջանցքի աշխարհագրությունը, որը շրջանցում է Շուշին (ինչն արձանագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ) եւ անցնում Ստեփանակերտ-Բերդաձորի ենթաշրջան (Մեծ Շեն, Հին Շեն, Տասը Վերստ, Կանաչ Թալա, Եղցահող) հատվածով, դուրս գալիս Հայաստանի Հանրապետության Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի մոտ:

Հակարի գետի մոտ, այնտեղ, որտեղ միանում են Աղավնո եւ Հակարի գետերը, ադրբեջանական կողմը կառուցել է նոր կամուրջ, որով անցնում է Արցախ-Հայաստան նոր ճանապարհը (միջանցք): Այնտեղ խաչվելու են Լաչինի շրջանի երկու հատվածները միմյանց կապող եւ Արցախ-Հայաստան ճանապարհները:

Այս պահին դժվար է հստակ ասել, թե ինչքան երկարություն ունի միջանցքի այն հատվածը, որն անցնելու է Ադրբեջանի կամ նոյեմբերի 9-ին հայտարարության հետեւանքով Ադրբեջանին անցած տարածքով: Ռուս խաղաղապահները վերատեղակայվելու են այդ հատվածում, որից հետո, երբ ավարտվի նոր ճանապարհի (միջանցք) շինարարությունը, հայկական կողմերն այլեւս չեն կարող օգտվել Աղավնո-Բերձոր-Բերդաձորի հատված ճանապարհից: Արցախյան կողմը համաձայնել է այդ շրջանի երեք բնակավայրերը՝ Բերձոր (Լաչին) քաղաքը, Աղավնո եւ Ներքին Սուս գյուղերը, վերադարձնել նոր միջանցքի պատրաստ լինելուց հետո: Քննարկվում է Աղավնոյի բնակիչներին Մեծ Շեն եւ Հին Շեն տեղափոխելու տարբերակը:

Ամիսներ առաջ Արցախի կառավարության մի աղբյուր մեզ տեղեկացրել էր, որ նոր ճանապարհի (միջանցք) հայաստանյան հատվածը կառուցելու է Հայաստանը, ադրբեջանականը՝ Ադրբեջանը, արցախյանը՝ Արցախը:

Հայաստանյան հատվածը ամենակարճն է՝ ընդամենը մի քանի կիլոմետր Կոռնիձորից մինչեւ Խորհրդային Հայաստան-Խորհրդային Ադրբեջան նախկին վարչական սահման: Ադրբեջանական կողմը ոչ միայն ավարտել է իր հատվածը, այլեւ կառուցում է Հին Շեն-Մեծ Շեն-Բերդաձորի խաչմերուկ հատվածը, որն ամբողջությամբ հայաբնակ է եւ գտնվում է Արցախի վերահսկողության տակ:

Ադրբեջանական տասնյակ մեքենաներ եւ ադրբեջանցի շինարարներ, ինժեներներ, վարորդներ, ասֆալտապատողներ առանց ռուս խաղաղապահների այս օրերին աշխատանքներ են կատարում երկու հայկական գյուղերում: Սկզբնական շրջանում ռուս խաղաղապահներն ուղեկցում էին ադրբեջանցիներին, բայց քանի որ դա անհնար էր երկար ժամանակով, ադրբեջանցիները եւ երկու հայկական գյուղերի բնակիչները լռելյայն պայմանավորվել են միմյանց չխանգարել, չմիջամտել: Շփումներ, անշուշտ, կան եւ չեն կարող չլինել: Այն պահին, երբ մենք Հին Շեն եւ Մեծ Շեն գյուղերում էինք, ադրբեջանցի շինարարները, բանվորները, վարորդները իրենց գործն էին անում, հայերը՝ իրենց:

Թե երբ են Արցախի իշխանությունները սկսելու եւ ավարտելու ճանապարհի (միջանցք) իրենց հատվածը, հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ինչու են ադրբեջանցիները կառուցում Արցախի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի ճանապարհի մոտ 10 կիլոմետրանոց հատվածը:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։