Աղավնոն, Բերձորը եւ Ներքին Սուսը Ադրբեջանին են հանձնվել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ

2147

Արցախի արդեն նախկին Քաշաթաղի վարչական շրջանի երեք բնակավայրեր՝ Բերձոր (Լաչին), Աղավնո եւ Ներքին Սուս, Ադրբեջանին են հանձնվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հենքով, որը ստորագրել են Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը:

44-օրյա աղետալի պատերազմից ու մեր պարտությունից հետո այդ երեք բնակավայրերում շարունակում են մի քանի հարյուր հայեր բնակվել այն պարզ պատճառով, որ դրանք գտնվում են Հայաստանը Արցախին կապող 5 կմ լայնությամբ միջանցքի ներսում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Այն պահին, երբ պատրաստ կլինի եւ շահագործման կհանձնվի նոր միջանցքը, բոլոր երեք բնակավայրերը կանցնեն Ադրբեջանին, ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նրանց են անցել տասնյակ բնակավայրեր ու մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք, որոնք 1994-ի մայիսյան զինադադարից հետո Արցախի վերահսկողության տակ էին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե մինչեւ վերջ պայքարելու են Աղավնոյի համար, պարզ, բայց նաեւ վտանգավոր քարոզչություն է, իր վրայից պատասխանատվությունը հեռացնելու եւ մեղքը Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի կառավարության վրա բարդելու քողարկված փորձ:

Հակափաշինյանական ուժերն ու անհատները, լինեն նրանք Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում, Աղավնոն պահելու մասին խոսելիս նախ պետք է փոխեն նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը:

«Հայաստանը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,- ասվում է երեք պետությունների ղեկավարների հայտարարության 6-րդ կետում:

Շատ պարզ է գրված: Երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ 2023-ի նոյեմբեր, իրականում հավանաբար ավելի շուտ, շահագործման կհանձնվի նոր ճանապարհ/միջանցքը, որն անցնելու է Ստեփանակերտ-Կրկժան-Ղայբալու-Զառսլու-Լիսագոր-Բերդաձորի ենթաշրջան (Մեծ Շեն, Հին Շեն, Տասը Վերստ, Կանաչ Թալա, Եղցահող) հատվածով եւ դուրս է գալու Հայաստանի Հանրապետության Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի մոտ:

Արցախի իշխանությունները, հակափաշինյանական ուժերը Արցախում եւ Հայաստանում ընդունում են եւ բազմիցս հայտարարել են, որ եթե գան իշխանության, չեն կարող փոխել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որն, ըստ էության, կապիտուլյացիայի փաստաթուղթ է: Հետեւաբար նրանք ընդունում են, որ չեն կարող պահել Աղավնոն, Բերձորն ու Ներքին Սուսը:

Հասկանալի է, որ երբ գա այս երեք բնակավայրերը դատարկելու ժամանակը, հակափաշինյանական նոր ալիք է բարձրանալու, նրան մեղադրելու են դավաճանության, թուրք-ադրբեջանական վերջնագրերին ենթարկվելու համար:

Այո՛, պարտվել են Հայաստանն ու Արցախը, թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանություններն են Երեւանում եւ Ստեփանակերտում: Մյուս կողմից, անհասկանալի է Արցախի իշխանությունների կեցվածքը: Չէ՞ որ ռուսների միջնորդությամբ եւ մասնակցությամբ նոր ճանապարհ-միջանցքի երթուղին հենց իրենք են բանակցել ու համաձայնեցրել Ադրբեջանի հետ: Պետք է ազնիվ լինել եւ ասել իրականությունը, այլ ոչ թե հերթական անգամ խուսափել պատասխանատվությունից:

Վերջերս Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը համարձակվել էր ասել, որ Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն եւ Նոր Շեն գյուղեր, որտեղով անցնելու է նոր ճանապարհ-միջանցքը:

Աղավնո կամ Արիավան գյուղի հիմնումը սկսվել է 2008-ից, երբ մի քանի տասնյակ սփյուռքահայեր հիմնադրեցին ԱՐԻ (Artsakh Roots Investment) կազմակերպությունը եւ Արցախի կառավարության հետ սկսեցին ներդրումային, բիզնես գործունեություն ծավալել Աղավնոյում, ինչպես նաեւ՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով արդեն Ադրբեջանին անցած Քաշաթաղի եւ Նոր Շահումյանի վարչական շրջաններում՝ Մռավից Արաքս:

Աղավնոյի վերադարձով Արցախի, այն է՝ Հայաստանի կառավարությունը, ավելի ճիշտ՝ հայ հարկատուները, կրելու են եւս մի քանի միլիոն դոլարի վնաս, քանի որ սփյուռքահայերի ներդրած գումարները եւ կուտակված տոկոսները պետք է վերադարձվեն:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։