Լոզանի բանակցությունները եւ Սեւրի պայմանագրի չեղարկումը. 23 հուլիսի, 1923թ

1393

1923թ. միջազգային կարեւոր իրադարձություններից էին Լոզանում ընթացող բանակցությունները, որտեղ քննարկվում էին Թուրքիային վերաբերող հարցերը։ Դրանցից ամենակարեւորը Թուրքիայի եւ Անտանտի երկրների հարաբերությունների կարգավորումն էր, որտեղ մեծ դերակատարություն ուներ Խորհրդային միությունը։ ԽՍՀՄ-ը, համաձայն ստանձնած պարտավորությունների, աջակցում էր թուրքերին, որոնք օր օրի նորանոր զիջումներ էին ստանում եվրոպական երկրներից։

Լոզանում ամբողջությամբ եւ վերջնականապես չեղարկվում է Սեւրի պայմանագիրը։

ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը, պատասխանելով Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Մուխթարին, գրում էր, որ «Խորհրդային Դաշնության բոլոր ժողովուրդները Սեւրի անարդարացի պայմանագրից հրաժարվելը հաղթանակ են համարում։ Նրանք ուրախությամբ ողջունում են խաղաղության դարաշրջանի հաստատվելը, եղբայրական թուրք ժողովրդի վերականգնումն ու բարգավաճումը»,- ասել էր Չիչերինը։

Նույնքան ոգեւորված էր նաեւ Ահմեդ Մուխթարը, որը երախտագիտություն էր հայտնում Խորհրդային իշխանությանն ու անձամբ Չիչերինին մեծ աջակցության համար։ «Ուրախությամբ հայտնում եմ, որ Լոզանում Թուրքիայի եւ Անտանտի երկրների միջեւ 1923թ. հուլիսի 23-ին ստորագրվել է խաղաղության պայմանագիր։ Այս երջանիկ նորությունը Ձեզ հաղորդելով, պ. Կոմիսար, համոզված եմ, որ այն նույնպիսի ուրախությամբ կընդունվի Ձեր բարեկամական երկրի բոլոր շրջանակների կողմից, ինչպես ընդունվել է Թուրքիայում։

Մեր երջանիկ եւ բեղմնավոր քաղաքական համագործակցության ընթացքում, որն ուղղված էր մեր քաղաքական եւ տնտեսական անկախության դեմ ոտնձգությունները չեզոքացնելուն, ինչպես նաեւ ամբողջ շահագործվող Արեւելքի բարգավաճմանը նպաստելով, մեր երկու երկրները դժվարությամբ, բայց բազմաթիվ հաջողություններ ունեցան, որոնք ունեն համաշխարհային նշանակություն։
Նոր Ռուսաստանը իր ստորագրությունը կդնի Լոզանում մշակված փաստաթղթի եւ խաղաղության պայմանագրի տակ։ Դա նոր, լրացուցիչ գործոն է Խորհրդային Ռուսաստանի ակտիվում, որը ձեռք է բերվել մեր սերտ ու երջանիկ համագործակցությամբ եւ որը ամրապնդում է միջազգային ասպարեզում Խորհրդային Ռուսաստանի կառավարության իրավական դրությունը»,- գրում էր Ահմեդ Մուխթարը։

«Նորք» ամսագրի 1923թ. երկրորդ համարում Ասքանազ Մռավյանը «ջախջախում էր» Սեւրի պայմանագիրը եւ դրա մերժումը համարում կարեւոր առաջընթաց։

«1922թ. աշնան սկզբին գլխովին ջարդվեց ու ծովը նետվեց հունական արքայական բանակը, որի միջոցով Լլոյդ-Ջորջը պաշտպանում էր Սեւրի դաշնագրի խարխուլ շենքը։ Գրավելով Զմյուռնիան եւ միաժամանակ մոտենալով նեղուցներին՝ Անգորայի Մեծ Ազգային ժողովի զորքերը ունեցան հեղափոխական կրկնակի հաղթանակ»,- գրում էր Մռավյանը։

Աղբյուրը՝ Հայկական Կարմիր, 1923 թվական, Մեդիամաքս

Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան

Դիտել նաև ԱՆԻ կենտրոնի քննարկումը՝