ԱՆԻ կենտրոնը Սարգիս Պուտագեանի օժանդակությամբ վերահրատարակում է հիմնադիր վարչապետ Քաջազնունու հատորը

4215

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ վերահրատարակության է պատրաստում Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ընտիր երկերի հատորը:

Բեյրութից ազգային գործիչ, գործարար և բարերար Սարգիս Պուտագեանը օժանդակում է շուրջ 500 էջանոց գրքի վերահրատարակությանը:

Հիմնադիր վարչապետի այս հատորը ներառում է նրա լավագույն գործերը: Այն առաջին անգամ ԱՆԻ կենտրոնը հրատարակել է 2018 թվականին՝ Նյու Ջերսիից Փոլ Շահինեանի և Սեդա Արազ Շահինեանի մասնակցությամբ:

Սարգիս Պուտագեանի օժանդակությամբ 2016թ ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Քաջազնունու ԱԶԳ եւ ՀԱՅՐԵՆԻՔ աշխատությունը, որը տեղ է գտել առաջին վարչապետի հատորում:

Քաջազնունու երկերի հատորը վերահրատարակության պատրաստ կլինի հոկտեմբերին:

«Վերահրատարակելով այս գիրքը՝ ԱՆԻ կենտրոնը փորձում է մոռացության չտալ հիմնադիր վարչապետի պետական, քաղաքական, հասարակական և գրական ժառանգությունը»,- ասել է ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող և հատորի խմբագիր Թաթուլ Հակոբյանը:

«Մենք գնահատում և շնորհակալություն ենք հայտնում ազգային գործիչ Սարգիս Պուտագեանին, ով պատրաստակամություն հայտնեց օգնել մեզ, որպեսզի Քազազնունին վերադառնա մեր իրականություն: Հայաստանի համար այս ծանր ու բախտորոշ ժամանակներում Քաջազնունին և նրա ժառանգությունը կարևոր ուղերձ է»,- ասել է նա:

Այս գրքի վերահրատարակությունից հետո շնորհանդեսներ կկայանան Երևանում, Բեյրութում, Հայաստանի և Սփյուռքի այլ հասցեներում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

21 հուլիս, 2022