ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցը Հայաստան եւ ոչ միայն

1258

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսը հուլիսի 15-ին այցելել է Երեւան, հանդիպումներ ունեցել Հայաստանի վարչապետի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Այցի մասին նախապես չի հայտարարվել: Պարոն Բըրնսը, որ շատ լավ է ճանաչում Հայաստանը իր նախկին պաշտոնների բերումով եւ առաջին անգամ չէ Երեւանում, հուլիսի 15-ին հանրապետությունում մնացել է միայն 6 ժամ:

Աշխարհի գերհզոր տերության անվտանգության բարձրաստիճան թիվ մեկ պաշտոնյան չէր կարող միայն Հայաստան այցելել: Հարեւան հանրապետություններ Բըրնսի այցը չի հրապարակայնացվել: ԿՀՎ ղեկավարի այցը նվազագույնը պետք է ներառեր նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը, եթե ոչ ավելին: Ամենայն հավանականությամբ, հայկական կողմն է ցանկություն հայտնել, որ Բըրնսի այցի մասին տրվի հակիրճ տեղեկություն՝ կից լուսանկարներով:

Հաշվի առնելով, որ արտահոսքը եղել է ռուսական կողմից, եւ ռուսական մամուլը Մոսկվա-Վաշինգտոն պրկված հարաբերությունների ֆոնին շատ զուսպ բառապաշար է օգտագործել, պետք է ենթադրել, որ Հայաստանն է ցանկություն ունեցել հրապարակայնացնելու Բըրնսի այցը, ավելի ճիշտ՝ այցի հայաստանյան մասը՝ այն համակարգելով Ռուսաստանի հետ:

Սա այն դեպքն է, երբ Երեւանը չափազանց ճիշտ եւ շրջահայաց է աշխատել՝ իր ավելի քան 30-ամյա անկախության պատմության ընթացքում առաջին անգամ ընդունելով ամերիկացի թիվ մեկ հետախույզին, եւ միաժամանակ ընկալելի մնացել իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի համար:

Պետք է նաեւ ենթադրել, որ առաջիկայում Հայաստան կայցելի Ռուսաստանի անվտանգության թիվ մեկ պաշտոնյան:

Հայաստանը պետք է անի հնարավորը՝ չվերածվելու Մոսկվա-Վաշինգտոն առճակատման հարթակի։ Հակառակը, իր չափն ու հնարավորությունները հաշվի առնելով, Երեւանը կարող է լինել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հնարավոր, իսկ ապագայում՝ անխուսափելի համագործակցության հարթակներից:

Քանի որ եկել է առիթը, «Ալիք Մեդիան» հրապարակում է 20-ամյա վաղեմության նման մի դեպք, որի մասին հայկական մամուլում չի եղել անդրադարձ: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռում սգո պատարագ է մատուցել շուրջ 3000 զոհերի հիշատակին: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպանները: Այն ժամանակ փոխարտգործնախարար, այսօր հանգուցյալ Ռուբեն Շուգարյանը Վեհարանում կազմակերպել է Երեւանում ԱՄՆ եւ Իրանի դեսպանների միջեւ հանդիպում, որը տեւել է 15 րոպե:

Այսօր, երբ Ռուսաստանը ներքաշվել է անկանխատեսելի ելքով ուկրաինական պատերազմի եւ ճգնաժամի մեջ, ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարի այցը Հայաստան չափազանց կարեւոր է: Բնական է, որ հանդիպումների ընթացքում առաջնային են եղել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան հարաբերությունները եւ ղարաբաղյան խնդիրը, անվտանգության հարցերը կովկասյան տարածաշրջանում եւ անդին:

Հայկական լրատվամիջոցներում շրջանառված տեսակետը, թե իբր Բըրնսը Հայաստան էր այցելել Ռուսաստանի անվտանգային ոլորտի ղեկավարի հետ հանդիպման նպատակով, իրականության հետ աղերս չունի, ցանկալի եւ անհիմն ենթադրություն է:

Ուիլյամ Բըրնսը 2011 թվականի մարտին նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ, նույն տարվա հոկտեմբերին այցելել Հայաստան: 2008 թվականի մարտից նա զբաղեցնում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ՝ 2005-2008 թվականներին, եղել է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավար:

Նախքան ԿՀՎ ղեկավարի պաշտոնում նշանակվելը՝ 2014-2021 թվականներին, նախագահել է Կարնեգի հիմնադրամում (Carnegie Endowment for International Peace), համագործակցել Դավիդյան հիմնադրամի հետ, որի ջանքերով տասնյակ հայ ուսանողներ դիվանագիտական հմտություններ են ստացել Ֆլեթչերի դպրոցում:

Նյութը պատրաստ էր թողարկման, երբ պարզ դարձավ, որ այսօր Հայաստան է այցելել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։