1923-ին Հայաստանի բազմաթիվ շրջաններում ծայրահեղ աղքատություն էր տիրում, քաղաքական իրավիճակն էլ կայուն չէր։
Խորհրդային միության հանրապետություններում տիրող իրավիճակի մասին մշտական տեղեկություններ էր հավաքում Քաղաքական գլխավոր վարչությունը (ГПУ) եւ զեկուցում կուսակցության բարձրագույն ղեկավարությանը։ 1923թ. մարտին ՔԳՎ-ն հայտնում էր, որ Դարալագյազում, Զանգեզուրում եւ Ղարաքիլիսայում բնակչության գրեթե 30 տոկոսը սովահար է։ Անգամ արձանագրվել էին սովամահության դեպքեր։ Գյուղացիները դժգոհում էին այգեգործական եւ անասնապահական բարձր հարկերից։ Մեծ խնդիր էր նաեւ ոռոգումը՝ համակարգերը գրեթե չէին գործում։
Տնտեսական դրությունից դժգոհ էին նաեւ մահմեդականները։ ՔԳՎ-ն հաղորդում էր, որ 1923-ի հունիսի սկզբին Երեւանի գավառի մահմեդականները դժգոհ էին հարկային ծանր բեռից եւ Թուրքիա տեղափոխվելու մտադրություն էին հայտնել։
Չնայած տնտեսական դժվար իրավիճակին՝ Հայաստանի գյուղերում ու քաղաքներում հասարակ մարդիկ փող էին հավաքում ինքնաթիռ կառուցելու համար, որը կոչվելու էր «Խորհրդային Հայաստան»։ Ապրիլին հանգանակվել էր շուրջ 100 մլն։ Նույն ժամանակահատվածում գումար էին հավաքում «Կարմիր նավատորմի» համար։
«Խորհրդային երկրները ամեն կողմից շրջապատված են կապիտալիստական երկրներով։ Խորհրդային հանրապետությունները նույնպես պետք է ուժեղ նավատորմ ունենան։ Կարմի՛ր նավատորմ։ Որպեսզի մեզ թշնամի իմպերիալիստական երկրները մեզ վնաս չտան, մեր ազատ կյանքն ու խաղաղ աշխատանքը չխանգարեն»,- գրում էին թերթերը։
Աղբյուրը՝ Հայկական Կարմիր, 1923 թվական, Մեդիամաքս
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Դիտել նաև՝