ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետք է վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր բնակված լինել ՀՀ-ում

2265

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն առաջարկել է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար իբրեւ պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը, գրում է Ալիք Մեդիան:

Սահմանադրությամբ ազգությամբ հայերը Հայաստանում բնակվելու պահից ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք, սակայն «Քաղա­քա­ցիու­­թյան մասին» օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համար­վում Հայաստանում բնակություն հաստատած:

Գործող օրենքի նպատակն, ըստ ԱԱԾ-ի, հայ­րե­­նադարձությունը խթանելն է, սակայն վերջին տարիներին ծառայություն կատարած ուսումնասիրություն­նե­րը ցույց են տվել, որ ազգությամբ հայ լինելու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձանց մի ստվար զանգված, հատկապես Մերձավոր Արեւելքի երկրների՝ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները, երբեւէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ:

«Իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն հայցելու նպա­տա­կով եւ, որպես կանոն, չեն իրա­կանացնում հայանպաստ գոր­ծու­նեություն։ Բացի այդ՝ եղել են նաեւ դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»,- ասված է հիմնավորման մեջ։

Ազգությամբ հայ լինելու փաստի արժանահա­վա­տությունը խորությամբ եւ բազմակողմանի ստուգելը՝ հաճախ ան­ի­րատեսական

Ազգային անվտանգության ծառայությունում հանգել են այն եզրակացության, որ ազգությամբ հայերի համար սահմանված խրախուսող նորմերը փաստացի ոչ ամբողջապես են ապահովում օրենքում ներդրված նպատակների իրականացումը:

Օտարերկրյա պետությունների դեպքում, հատկապես առանձին դեպքերում ներքաղաքական սուր լար­վա­ծության եւ ռազմական գործողությունների գոտիներում, ՀՀ ԱԱԾ-ն իր սահմանափակ ռե­սուրս­ներով կարճ ժամկետում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի ներկայացրած կեն­սագրական տվյալների, ներառյալ ազգությամբ հայ լինելու փաստի արժանահա­վա­տությունը անհրաժեշտ խորությամբ եւ բազմակողմանի ստուգելը հաճախ ան­ի­րատեսական է դառնում:

Ըստ ԱԱԾ-ի՝ միջազգային փորձի վերլուծությունը եւս ցույց է տալիս, որ ազգային պատկանելիության հիմքով քաղաքացիություն ստանալու գործընթացը տարբեր երկրներում առավել բարդ եւ տարատեսակ ընթացակարգեր է ենթադրում: Իսրայելում, օրինակ, ծննդյան, էթնիկ պատկանելության ուժով հրեաները կարող են քաղաքացիություն ձեռք բերել Իսրայելում հաստատվելու դեպքում:

Ակնկալվում է, որ նախագիծը կնվա­զեց­­նի ազգու­թյամբ հայ ներ­կա­յացող, սակայն իրականում հայ­կա­կա­նության հետ որեւէ առնչություն չու­նեցող օտար­եր­կրա­ցիների՝ Հա­յաս­տանի Հան­րա­պե­տու­թյան քաղաքացիություն հայցելու դի­մում­ների քանակը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

      

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասի հա­մա­ձայն` ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նշված հոդվածով սահմանված իրավունքների իրա­կա­­նացման կարգը սահմանվում է օրենքով: «Քաղա­քա­ցիու­­թյան մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված չէ, թե որ պահից է անձը համար­վում Հայաս­տանի Հան­րա­պետությունում բնակություն հաստատած: Մասնավորապես, Օրեն­քի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցիու­թյուն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված ան­ձի կողմից նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիու­­թյուն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաս­տա­նի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրա­վունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հա­մար, եթե օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հա­յաս­տանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հան­րա­պետության Սահմանադրությանը: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Հա­յաս­տանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ ան­գոր­ծունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կարող է ստա­նալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն առանց վերոհիշյալ պահանջ­նե­րի պահպանման:

Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում Օրենքն առա­­վել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ: Մասնավորապես, Օրենքում հիշատակված չէ բնակություն հաստատելու պահից ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքը, առանց որևէ նախապայմանի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք է վերապահվել ազգությամբ հայերին:

Ենթադրվում է, որ օրենսդիրը նպատակ է ունեցել դրանով խթանել հայ­րե­­նադարձությունը, խրախուսել Սփյուռքում հայապահպանությունը և սփյուռ­քա­­­հայերի շրջանում մեծացնել Հայաստանի Հանրապետությունում հասարակական, քաղաքական, տնտեսական գործունեության նկատմամբ հետաքրքրվածությունը, ինչպես նաև վերջին­նե­րիս մասնակցությունը հայանպաստ գործունեությանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վերջին տարիներին կատարված մեծաթիվ ուսումնասիրություն­նե­րի արդյունքում պարզվել է, սակայն, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձանց մի ստվար զանգվածը (հատկապես Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները) երբևէ չի եղել Հայաստանի Հանրապետությունում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ և կարճ ժամկետներով, իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն հայցելու նպա­տա­կով), տեղեկացված չեն հայկական մշակույթի, պատ­մու­թյան, ՀՀ-ում ընթացող հասարա­կա­կան-քաղաքական և սոցիալ-տնտեսական գործըն­թաց­նե­րի մասին, ճանաչված չեն ծագման երկրի հայ համայնքում, որևէ մասնակցություն չունեն ծագ­ման երկրներում հայ համայնքի և հայկական եկեղեցական կյանքին և, որպես կանոն, չեն իրա­կանացնում հայանպաստ գոր­ծու­նեություն: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պազվել է նաև, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների (հատկապես Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և այլն) քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք ձեռք չեն բերել և տնտեսական գործունեություն չեն ծավալել, ինչպես նաև մեծ մասամբ Հայաստանի Հանրապետություն չեն այցելել: Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար:

Ազգությամբ հայ լինելու հիմքով ՀՀ քաղաքացիություն հայցող օտարերկրացիների ներկայացրած` ազգային պատկանելիությունը հավաստող փաստաթղթերի իրավա­չա­փու­թյան գնահատման հարցում նույնպես գործնականում հաճախ բարդություններ են առաջանում: Մասնավորապես, օտարերկրյա քա­ղաքա­ցի­ների անձը հաստատող փաստաթղթերում բացակայում են ազգային պատկանելիության մասին նշումները, միաժամանակ, օտարերկրացիները, որպես կանոն, հնարավորություն չունեն ծագման երկրի իրավասու մարմիններից ստանալու ազգությամբ հայ լինելու կամ համայնքային պատկանելիության մասին ապոստիլով հաստատված` փաստաթուղթ, քանի որ ազգային պատկանելիությունը փաստացի պաշտոնապես չի հաշվառվում: ՀՀ իրավասու մարմինների կողմից որպես հիմք ընդունվում են Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված ազգությամբ հայ լինելու փաստը հավաստող փաստաթղթերը (տատի, պապի, ծնողների, կամ նրանցից մեկի Հայ Առաքելական, Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե եկեղեցիների կողմից տրամադրած՝ դիմողի կամ նրա նախնիների մկրտության և հայ լինելու մասին փաստաթղթեր): Այս կապակցությամբ ևս ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հայտնի են դարձել դեպքեր, երբ արտերկրում տրամադրվել են մկրտության և ազգությամբ հայ լինելու մասին կեղծ փաստաթղթեր:

Անհրաժեշտ է նշել նաև, որ համաձայն Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի պահանջների, ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձի փաստաթղթերը ստանալուց հետո, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 15-օրյա ժամկետում պարտավոր է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացնել իր եզրակացությունը: Լրացուցիչ տե­ղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության եզրակացություն ներ­կա­յացնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով:

Ակնհայտ է, որ օտարերկրյա պետությունների դեպքում, հատկապես առանձին դեպքերում ներքաղաքական սուր լար­վա­ծության և ռազմական գործողությունների գոտիներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանափակ ռե­սուրս­ներով, կարճ ժամկետներում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի ներկայացրած կեն­սագրական տվյալների, այդ թվում` ազգությամբ հայ լինելու փաստի արժա­նահա­վա­տության անհրաժեշտ խորը և բազմակողմանի ստուգում իրականացնելը հաճախ ան­ի­րատեսական է դառնում:

Այսպիսով, ազգությամբ հայերի համար Օրենքով սահմանված խրախուսող նորմերը փաստացի ոչ ամբողջապես են ապահովում Օրենքում ներդրված նպատակների ամբողջական իրականացումը: Բացի այդ, Օրենքով ամրագրված արտոնությունն ամբողջությամբ չի արտացոլում Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիությունը պարզեցված կարգով ստանալու ընթացակարգը՝ ՀՀ-ում մշտական բնակություն հաստատելու պահից նշված իրավունքի իրացման առումով։

Նշված խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է Օրենքով սահմանել ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու (գտնվելու) պարտադիր պահանջ։ Այսպիսի պահանջի սահմանումը թույլ կտա ՀՀ իրավասու մարմիններին առավել երկար ժամանակ ունենալ տվյալ անձի ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքի իսկությունը պարզելու համար: Բացի այդ, տվյալ անձի կողմից որոշակի կենսական կապեր կստեղծվեն Հայաստանի Հանրապետության հետ: Առնվազն ՀՀ այցելելու ընթացքում, որպես օտարերկրացի (կացության կարգավիճակ կամ մուտքի վիզա ստանալու կամ ՀՀ պետական սահմանի անցման կետերով ՀՀ մուտք գործելու դեպքերում), տվյալ անձը կհայտնվի ՀՀ իրավապահ մարմինների տեսադաշտում նախապես, ինչը թույլ կտա առավել ամբողջական պատկերացում կազմել տվյալ անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրական շարժառիթների վերաբերյալ:

Հարկ է նշել, որ միջազգային փորձի վերլուծությունը ևս ցույց է տալիս, որ ազգային պատկանելիության հիմքով քաղաքացիություն ստանալու գործընթացը տարբեր երկրներում առավել բարդ և տարատեսակ ընթացակարգեր է ենթադրում: Իսրայելում, օրինակ, ծննդյան, էթնիկ պատկանելիության ուժով հրեաների կողմից քաղաքացիություն հնարավոր է ձեռք բերել Իսրայելում հաստատվելու դեպքում:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:

«Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդու­նմամբ պայմանավորված ՀՀ պե­տա­կան բյուջեի եկամուտների և ծախսերի մասում փոփոխություններ չեն առաջանա:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում օրենքով ամրագրված կարգավորումը կհամապատասխանեցվի Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, ազ­գությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կիրականացվի առավել արդյունավետ, կնպաստի ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց հայ­րենադարձությանը, կնվա­զեց­­նի ազգու­թյամբ հայ ներ­կա­յացող, սակայն իրականում հայ­կա­կա­նության հետ որևէ առնչություն չու­նեցող օտար­եր­կրա­ցիների կողմից Հա­յաս­տանի Հան­րա­պե­տու­թյան քաղաքացիություն հայցելու դի­մում­ների քանակը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՀայաստանի վերա­փոխ­ման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլոր­տա­յին և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: