Արցախում 377 ընտանիք տուն է ստացել

1916

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արցախում 377 ընտանիք տուն է ստացել։

Նորակառույց բնակարաններ եւ բնակելի տներ են տրամադրվել զոհված, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող, 5 եւ ավելի զավակներ ունեցող, ինչպես նաեւ տեղահանված, ՊԲ գործող եւ պահեստազորի զինծառայողների, ինչպես նաեւ ծնողազուրկ անձանց եւ փախստականների ընտանիքներին:

Ըստ կոմիտեի տվյալների՝ բնակարանների մեծ մասը՝ 312-ը, տրամադրվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի շրջանում, 17-ը՝ Մարտունու շրջանում:

2021-ի դեկտեմբերին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ Արցախն առաջիկա 3 տարում նախատեսում է կառուցել 5000 բնակարան` հիմնականում Արցախից 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների եւ զոհվածների ընտանիքների համար։ Բեգլարյանը հավելել էր, որ տեղահանվածները շուրջ 40 հազար են, նրանցից 13-14 հազարը Արցախում են եւ պետական աջակցությամբ ապրում են վարձով բնակարաններում, մյուսները Հայաստանում են, շատ չնչին մասն էլ արտագաղթել է։

Պետնախարարն այն ժամանակ նշել էր, որ Ստեփանակերտում կառուցվում է 1211 բնակարան, 1438 բնակարան էլ կառուցվում է շրջաններում։ Ըստ նրա՝ նախագծման փուլում են նոր բնակավայրեր` տեղահանված ընտանիքների եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներից հեռացածների համար։ Նա խոստացել էր, որ մինչեւ 2021-ի ավարտը Արցախի կառավարությունը շահագործման կհանձնի 317 բնակարան, որից 294-ը՝ Ստեփանակերտում։

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի՝ 2021-ի աշնան տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվում էր շուրջ 5300 արցախցի ընտանիք` մոտ 20 հազար 430 մարդ։