Դավիթ Մաթևոսյանի մեջ ամեն ինչ կար, բացի ԵՍ-ը. Լևոն Տեր-Պետրոսյան

1863

Լույս է տեսել Դավիթ Մաթևոսյանի գիրքը. ILur

«Անտարես» հրատարակչությամբ լույս է տեսել պետական, քաղաքական գործիչ, ազատամարտիկ, մտավորական, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Մաթևոսյանի հոդվածների, պատմվածքների, հացազրույցների և հուշերի ժողովածուն: Գրքի մասին պատկերացում տալու նպատակով ստորև հրապարակում ենք գրքի խմբագիր Աշոտ Սարգսյանի առաջաբանը:

Խմբագրի կողմից

Իր բոլոր շնորհներով ու գործերով հանդերձ, Դավիթ Մաթեւոսյանն ինձ համար, նախ եւ առաջ, Մարդու եւ Քաղաքացու կատարյալ տիպարն է: Նրա մեջ ամեն ինչ կար, բացի ԵՍ-ը: Վստահ եմ, որ դա կհավաստի նրա հետ շփված ցանկացած անձ:

Լեւոն Տեր-Պետրոսյան

Ինչպիսի փորձանքի տակ էլ որ գլուխս դնելու լինեմ, ինչ պիտակներ էլ որ կպցնեն, միեւնույն է՝ իմ հնարավորությունները, ունակություններն ու ազդեցությունները գործադրելու եմ հանրության լայն շրջանակներում խաղաղության հաստատման անհրաժեշտությունն իբրեւ համոզմունք ամրապնդելու եւ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանով ընտրությունների գնացող քաղաքական ուժին լիարժեք աջակցելու համար։

Դավիթ Մաթեւոսյան

Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման սկզբից եւեթ նրա առաջամարտիկներից ու կազմակերպիչներից էր Դավիթ Մաթեւոսյանը։ Արդեն 1989-ից նա նաեւ ազատամարտիկ էր այս բառի բուն նշանակությամբ՝ Մեղրիի տարածաշրջանում կազմակերպել է սահմանների պաշտպանությունը, նաեւ որպես զինվոր՝ զենքը ձեռքին կանգնել է դիրքում, գնացել ճակատամարտի, նստել ու քնել խրամատում։ Այդպես էր 1990-ականների Ղարաբաղյան շարժման ու պատերազմի տարիներին, երբ 30-ամյա երիտասարդ էր, այդպես էր 2020-ի պատերազմում, երբ տարիքի այդ 30-ը արդեն կրկնապատկվել էր։

Եզակիներից էր Դավիթը ազատամարտիկների մեջ, գուցեեւ միակը, ում համար հակառակորդը երբեք թշնամի չդարձավ, այլ մնաց մարդ-ժողովուրդ, հարեւան, որի հետ համակեցության, հարաբերության լավագույն եւ միակ ձեւը խաղաղ գոյակցությունն էր, բարիդրացիությունը՝ հենված հումանիզմի, երկու կողմի իրական արժեքների փոխադարձ գնահատման, ընդունման ու հարգանքի վրա։ Սա է այն առանցքային գիծը, որ անխաթար անցնում է նրա հոդվածների, հարցազրույցների, ելույթների ու նաեւ գեղարվեստական գործերի միջով։ Այս գաղափարն այնքան խորն է նրա մեջ, որ դուրս է ցցվում անգամ ամենաանսպասելի տեղում, ամենաանսպասելի կոնտեքստում՝ պարզ, գեղեցիկ ու տպավորիչ։ Հակառակորդի հետ հերթական ընդհարումից հետո հերթական բանակցության գնալու առիթով ասում է՝ «գնացի հակառակորդի հետ բանակցելու՝ պատերազմի մեջ խաղաղություն փնտրելու» (տե՛ս ilur.am, 17.07.2017թ.)։ Սա էր Դավիթի առաջնային բնութագիրը, ապրած կյանքի առանցքային գիծը՝ պատերազմի մեջ էլ նա խաղաղություն է փնտրել։

Մտավորական էր նա, դարձյալ այս բառի ամենաընդգրկուն նշանակությամբ։ Մտավորական էր իր ամբողջ էությամբ, ինչին անունով հասարակական մի ամբողջ խավ է հավակնում, սակայն, անգամ ամենաբարձր տիտղոսներով, շատ քչերն են այդ կոչման որակները լրացնում այնքան լիարժեք, որքան Դավիթը։ Չէր կարող լռել, չտեսնելու տալ որեւէ բան, ինչը սխալ էր կամ սխալ էր համարում։ Չէր կարող կեղծել ինքն իրեն ոչ մի հարցում եւ ոչ մի դեպքում։ Նրա համար առաջնային էր փաստի եւ փաստարկի արժեքը, բանավեճում չէր քաշվում համաձայնել, երբ փաստական կամ տրամաբանական նման բավարար հիմքեր էր տալիս զրուցակիցը։

Ընկերական հարաբերությունները նրա համար, կարծես, միակողմանի էին՝ ինչով կարող է ինքը օգնել եւ օժանդակել դիմացինին՝ իր արածի փոխարեն ոչինչ չակնկալելով։ Դրանով, մի տեսակ, ինքնահաստատվում, դրանից ինքը հարստանում, ներքին մեծ բավականություն էր ստանում։

Բնածին էր Դավիթի քաղաքական մտածողությունը՝ հստակ ու անփոփոխելի սկզբունքներով։ Պետական մարդ էր Դավիթը, պետականության նրա ըմբռնումը եւ պատասխանատվության զգացումը առաջնային էին եւ միակ հիմքը՝ ոչ միայն իր ստանձնած տարբեր պաշտոններում, այլ նույն կերպ՝ որպես պարզ քաղաքացի նրա վարքագծում ու կեցվածքում։ Քաղաքական ու պետական մտածողության թելադրանքով էր, օրինակ, նրա բազմակի բողոքն ու զայրույթը՝ Մեղրիով անցնող Հայաստան–Նախիջեւան–Ադրբեջան երկաթուղու «հայրենասիրական» ապամոնտաժման դեմ։

«Ես ուխտ եմ արել»,– ասում էր Դավիթը։ Նրա սրբազան այդ ուխտը մարդկային-քաղաքական-պետական էր՝ Հայաստանում հաստատված ավազակապետության վերացումը եւ իր այնքա՜ն փափագած խաղաղության հաստատումը։ «Ուխտավորի» նվիրումով նա առաջին շարքերում մասնակիցն էր այդ ավազակապետության դեմ բոլոր պայքարներին, մասնավորապես՝ 2006–2007-ին ծառացած դիմակայության առաջին անհավասար պայքարին («Արմատ»–«Այլընտրանք»–«Իմպիչմենտ» դաշինք), իսկ 2007-ի աշնանից՝ նա հանգուցային դերակատարներից էր Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հայտի շուրջ ծավալված համաժողովրդական շարժման, նրա նախընտրական շտաբի հիմնական հենասյունը։

Գեղագետ էր Դավիթը՝ պատկերի նուրբ զգացողությամբ։ Պատմվածքներ էր գրում։ Երբ մի առիթով ասացի, թե իր պատկերները Բակունցին են հիշեցնում, նեղվեց, կարմրեց իրեն հատուկ ամոթխածությամբ, ասաց՝ «էլ չեմ գրի»։ Անգամ «մաքուր» քաղաքական հոդվածներում ու խոսքում մի արտահայտության, դարձվածի, պատկերի տեսքով «սողոսկում է» գեղարվեստական պատկերը։ Գրքի առաջին մասում ամփոփված քաղաքական հոդվածներից մի քանիսը հանգիստ կարելի էր դնել նաեւ նրա գեղարվեստական գործերի շարքում։ Ավազակապետական ռեժիմի նրա կերտած կերպարը «Ռեժիմի հուշարձանը» հոդվածում, որքան սպանիչ է, նույնքան ճշգրիտ, արձանի նման առարկայական ու շոշափելի։ Բայց հենց այնպես հանուն գեղարվեստի չէր գրում։ Գեղարվեստը նրա համար միջոց էր՝ քաղաքական խոսքն ու գաղափարը ավելի համոզիչ դարձնելու, շատերին հասցնելու ու համոզելու համար։ «Սուլթան Նանան» որքան բարձրաճաշակ, քնքուշ գեղարվեստ է, նույնքան եւ ավելի՝ քաղաքական, պետական մտածողության արդյունք է եւ ասելիք։ Այստեղ էլ առաջնային խնդիրը պատմությամբ տրված հարեւանի հետ խաղաղ գոյակցության, բարիդրացիության անշրջանցելի խնդիրն է, որ մշտապես առաջնային է եղել Դավիթ Մաթեւոսյանի համար։

Անհնար է սկսել «Սկիզբ» վերնագրած ծավալուն, իր ժանրի մեջ կատարյալ հուշագրությունը եւ մի շնչով չհասնել վերջին. գեղացիկ ու պարզ լեզուն, շարադրանքի դինամիզմը ընթերցողին տեղափոխում է այդ օրերը եւ, կարծես, մասնակից դարձնում իրադարձություններին։ Ճշգրիտ վավերագրություն լինելով հանդերձ՝ որոշ դրվագներ պարզապես առանձին նովելներ են, հուզիչ իրադարձություններով ու հմայիչ կերպարներով՝ ոչ միայն հայ, այլ նաեւ ադրբեջանցի։ Այս հուշագրության դրվագներից յուրաքանչյուրը, որպես հավաստի աղբյուր, մանրամասն ցուցադրում է Շարժման եւ պետականության առաջին տարիների բազմազան ու յուրատեսակ ամենօրյա խնդիրներն ու տարաբնույթ խոչընդոտները, որոնց լուծման համար ցանկացած մակարդակի պաշտոնյայից ոչ միայն խելք, կառավարման հմտություններ ճիշտ կողմնորոշվելու, հաճախ, ինչպես շախմատում, միակ ճիշտ քայլը գտնելու ունակություն, այլ նաեւ վճռականություն եւ անձնական խիզախություն էր պահանջում։ Դավիթն այդպիսի գործչի մի էտալոն է եղել իրեն վստահված բոլոր գործերում, բնագավառներում եւ պաշտոններում։ Հիանալի քաղաքական դիտողականությամբ օժտված լինելով, նա արձանագրում է առաջին հայացքից մանր թվացող այնպիսի փաստեր, որոնք գծագրում են ե՛ւ 1990-ակաների, ե՛ւ հետագա տարիների ներքաղաքական, հասարակական մթնոլորտը՝ շատ կարեւոր հիմք այդ տարիների քաղաքական իրադարձություններն իմաստավորելու ու հասկանալու համար։ Նրա հաղորդած մանրակրկիտ տեղեկությունները միայն առանձին մի տարածքի (Մեղրիի շրջանին) չեն վերաբերում, այլ նաեւ շատ ավելի լայն՝ ընդհուպ հանրապետության արտաքին քաղաքական հարցերին եւ իրողություններին։ Երանի ունենայինք այսօրինակ անաչառ ու վավերական հուշեր ժամանակի այլ գործիչներից ու դերակատարներից։

Անհնար էր, չէր կարող տանը նստել Դավիթը, երբ պատերազմ էր։ Եւ չնստեց։ Գնաց ինքնուրույն, ինքնակամ, իր պատկերացրած վտանգին դիմակայելու։ Գնաց որպես խաղաղության մարտիկ եւ անմահացավ հանուն խաղաղության…

Հերոսական է եղել Դավիթի կյանքը այս բառի ամենաբազմակողմ նշանակությամբ։

Տարբեր առիթներով կարող են փողոց ու հրապարակ դուրս գալ հարյուր-հազարավոր մարդիկ։ Ընթացքը եւ արդյունքը կախված են նրանից, թե ինչ «մերան-խմորիչ» է ստանում այդ հոծ զանգվածը մարդկային գործոնի տեսքով՝ նկատի ունենալով ոչ միայն համաժողովրդական ընդվզման ղեկավար կազմը, այլ նաեւ նույնպիսի որակներով անհատներին մյուս օղակներում։ Ամեն ինչ կախված է լինում այս վերջինների գործունեության ու վարքագծի մեկնակետից՝ դա սեփական անձն է, թե երկիրը, ժողովուրդը, պետությունը, հռչակված խնդիրը։ 1988-ի Համաժողովրդական շարժման այդ «մերան-խմորիչը» կազմող անհատների միակ մեկնակետը երկրորդն էր, եւ Դավիթը այդ հատկանիշը մարմնավորող էտալոնային վառ անհատներից մեկն է։

Այս ժողովածուն ընթերցողին կներկայացնի մարդկային այն կերպարներից ու գործիչներից մեկին, որոնց ամենօրյա տքնանքի, անմնացորդ նվիրումի ու պայքարի առարկայացումն էր Ղարաբաղյան շարժմամբ սկիզբ առնող Հայոց պատմության հերոսական տասնամյակն իր անհավատալի հաղթանակներով ու ձեռքբերումներով։ Այն գործիչներից մեկին, որոնք մինչեւ վերջ անդավաճան մնացին իրենց սկզբունքներին ու դավանած արժեքներին, որոնք իրենց կերպարով օրինակ են քաղաքական մտածողության, քաղաքացիական կեցվածքի եւ մարդկային բարոյականության։ Եթե ժամանակին ամենաառաջին պլանում չի երեւացել Դավիթ Մաթեւոսյանը, ապա իր գործունեության արդյունքով, ավանդով ու կերպարով պատմության մեջ անուն առ անուն հիշատակվելու, արժեւորվելու եւ հիշվելու արժանի գործիչների առաջին շարքերում է անտարակույս։

***

Ժողովածուի նյութերը ներկայացված են երեք բաժնով.

ա) Դավիթ Մաթեւոսյանի հեղինակած քաղաքական հոդվածներ, հարցազրույցներ.

բ) Գեղարվեստական արձակ, հուշագրություն, նամակներ, այլ նյութեր.

գ) «Հավելվածում» Դավիթ Մաթեւոսյան անձի, գործչի, ընկերոջ մասին կարծիքներ, գնահատականներ։

Ժողովածուն կազմվել է ընտրությամբ. դուրս են մնացել, մասնավորապես, ելույթներ, մի քանի տասնյակ հեռուստատեսային հարցազրույցներ, ռեպորտաժներ նրա դատավարությունից եւ այլն։

Նյութերը դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ։

Հոդվածների վերջում հեղինակի ստորագրությունները թողել ենք այն դեպքերում, եթե դրանց կից այլ տեղեկություններ կան։

Հրապարակվող ժողովածուն առաջին ձեռքից կարեւոր եւ արժանահավատ սկզբնաղբյուր է՝ վերջին 30 տարվա Հայաստանի պատմության, քաղաքական մթնոլորտի, ամենատարբեր արժեքավոր մանրամասների, մասնավորապես՝ Ղարաբաղյան շարժման, ղարաբաղյան առաջին պատերազմի, 2007 թվականի աշնանից ծավալված Հայկական երկրորդ համաժողովրդական շարժման իրողությունների ճանաչման, օբյեկտիվ վերհանման ու գնահատման համար։ Որպես այդպիսին՝ այն անպայման պետք է կազմվեր ու հրատարակվեր։ Դավիթ Մաթեւոսյանի զոհվելուց, անժամանակ մահվանից հետո այս գիրքը նաեւ յուրատեսակ մի հուշարձան է նրա հիշատակին։

Աշոտ Սարգսյան

Պատմական գիտությունների թեկնածու