Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը շրջանցող գրեթե 12 կմ երկարությամբ թունել է կառուցում

4349

Ջեմ Նյուզը գրում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը շրջանցող գրեթե 12 կմ երկարությամբ թունել է կառուցում, որը կապելու է Գյանջա քաղաքը Քելբաջարի հետ։ Այն անցնելու է Մռավի լեռնաշղթայի տակով։

Նախքան ղարաբաղյան առաջին պատերազմը (1991-1994), դեպի Քելբաջար տանող միակ ավտոմոբիլային ճանապարհն անցնում էր Մարտակերտի շրջանով։ Մարտակերտի ճանապարհը դեռ կա, բայց այն անցնում է Լեռնային Ղարաբաղի այն հատվածով, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Հյուսիսային՝ շատ ավելի դժվար ճանապարհը դեպի Քելբաջար անցնում է Մռավի լեռնաշղթայով, այն ձմռանը գրեթե անանցանելի է:

2021 թվականի օգոստոսի 16-ին, այսինքն՝ 44-օրյա պատերազմի ավարտից ինը ամիս անց հիմքը դրվեց թունելի՝ ճանապարհի մի մասի, որը պետք է Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջան կապի Քելբաջարի հետ։

Թունելի երկարությունը կկազմի 11.658 մետր:

Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2025 թվականին։ Նույն տարում լրանում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության ժամկետը։ Պաշտոնական Բաքուն արդեն մի քանի անգամ իշխանությանը մոտ կանգնած տարբեր անձանց շուրթերով հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել խաղաղապահ առաքելությունը շարունակելու մասին պայմանագիրը Մոսկվայի հետ։ Ավելին, 2020 թվականի նոյեմբերի 10-ի պայմանագիրը դեռ չի վավերացվել Ադրբեջանի խորհրդարանի կողմից։ Եթե ​​հետևենք օրենքի տառին, ապա խաղաղապահներն ապօրինի են գտնվում ողջ աշխարհի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքում։