Ինչպես Հայաստանը կորցրեց Նախիջևանը. 1919-ի հուլիս

12665
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Ներկայացնում ենք այն հատվածը, թե ինչպես բրիտանացիները Նախիջևանը միացրեցին Հայաստանին և թե ինչպես Հայաստանը այն կարողացավ պահել միայն 2 ամիս:

—-

Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը

Մայիս 19-ի գնացքով մեկնեցինք Ջուլֆա՝ Պարսկաստանի սահմանագլուխը: Իջնելով այնտեղ՝ մենք անցանք կամուրջը և այցելեցինք պարսիկ սահմանապահ իշխանություններին, որոնք շատ սիրալիր կերպով ընդունեցին մեզ: Ջուլֆայից ես հեռագիր ուղղեցի Պարսկաստանի վարչապետին հետևյալ բովանդակությամբ.

«Ես գտնվում եմ Պարսկաստանի և Հայաստանի Հանրապետության սահմանի վրա և կարիք եմ զգում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտնելու խորին ուրախություն, որ մեր ժողովուրդները, որոնք միշտ իբրև բարեկամներ ապրել են կողք կողքի, այժմ կարող են վերսկսել իրենց բարիդրացիական պետական հարաբերությունները: Հայաստանը համոզված է, որ պարսից կառավարության դարավոր հովանավորությունը հայերին պետք է արտահայտվի նաև երկու հարևան պետությունների բարեկամական հարաբերություններում: Խնդրում եմ Նորին Վեհափառություն շահին հաղորդել իմ ամենաբարձր զգացումներն ու բարեմաղթությունները»:

Հետևյալ օրը ստացա Պարսկաստանի վարչապետ Վասին ուլ Դոուլեից ստացա հետևյալ պատասխանը.

«Նորին Վեհափառության հրամանով հայտնում եմ Ձեզ խորին շնորհակալություն բարեմաղթությունների համար: Հայաստանը կարող է վստահ լինել, որ պարսկական կառավարությունը անփոխարինելի կերպով պետք է երևան բերի իր բարիդրացիական վերաբերումը դեպի բարեկամ հայ ժողովուրդը և հայկական նոր հանրապետությունը»:

Ջուլֆայից վերադարձին անցանք Նախիջևանով և կանգ առանք Շահթախթի կայարանում, որտեղից նեղ գծով մի երկաթուղագիծ է գնում դեպի Մակուի խանություն: Շահթախթից հատուկ սուրհանդակով ողջույնի նամակ ուղարկեցի Մակուի խանին: Հետագայում Մակուի խանից ստացա ողջույնի և շնորհակալության նամակ: Մակուի խաներից մի քնաիսը ամիսներ ապրում էին Երևանում և վայելում մեր հյուրասիրությունը: Նրանց հետ մենք առջտրական հարաբերությունների մեջ էինք և ստանում էինք ցորեն, խոտ և տավար:

Վերադառնալով Երևան ես անհուն կերպով գոհ էի, որ, վերջապես, մենք անմիջական հաղորդակցության մեջ մտանք Պարսկաստանի հետ, որը մեզ համար արժեքավոր շուկա էր ներկայացնում: Շուտով մենք առևտրական առաքելություն ուղարկեցինք Պարսկաստան, իսկ Պարսկաստանից Երևան եկավ նույնպես առաքելություն ոչ միայն առևտրական, այլ նաև քաղաքական ու քաղաքացիական այլևայլ խնդիրներ կարգադրելու համար:

Պարսկաստանի կողմից մենք ապահով էինք զգում: Հողային ոչ մի վեճ չէինք նախատեսում նրա հետ: Դժբախտաբար, սակայն, մեր ուրախությունը երկար չտևեց: Հազիվ երկու ամիս Նախիջևանը մնաց խաղաղ: Այդ ժամանակաշրջանում Քելբալի խան Նախիջևանսկին և մեր իշխանությունը թշնամի մյուս խաները անդադար պատրաստություններ էին տեսնում: Նախիջևանից անգլիական զորքերի հեռանալուց անմիջապես հետո մենք մեր զորքերը մտցրեցինք: Մեր կառավարությունը շատ խնդրեց, որ անգլիացիները մնան մինչև աշուն, բայց Լոնդոնից եկած հրամանը վճռական էր:

Անգլիացիների հեռանալը թև տվեց մահմեդական դավադիրներին: Հուլիսի 23-ին նրանք հարձակվեցին Նախիջևանում գտնվող զորավար Շելկովնիկյանի զորամասի վրա և միաժամանակ նաև Բաշ Նորաշեն գյուղում գտնվող հայկական մյուս զորամասի վրա:

Հանկարծակիի եկած՝ զորավար Շելկովնիկյանը հարկադրված էր նահանջել դեպի Երևան՝ երկար ճանապարհ կտրելուց հետո: Նրա զորքի մի մասը, թվով մոտ 200 հոգի, գերի էր ընկել և երկար տառապեց գերության մեջ՝ մեծ մասը մեռավ սովից և հիվանդություններից: Հայ պաշտոնյաները Ջուլֆայից փախել էին Պարսկաստան: Երկաթուղային հաղորդակցությունը կտրվեց: Նախիջևան վերադարձած հայերը նորից հարկադրված եղան լքել իրենց տներն ու հողերը և ապաստան փնտրել Հայաստանի ավելի ապահով վայրերում: