Թուրքիա-Հայաստան սահմանը կարող է բացվել նախ ուրիշների համար

1308

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը ոչ հրապարակային հանդիպումներում չափավոր լավատես են, մյուս կողմից՝ ընդգծում են, որ Անկարան չի շտապում Երեւանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները:

Վիեննայում հուլիսի 1-ին Ռուբինյանի եւ նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումից հետո երկու երկրների տարածած նույնական հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար:

2000-ականների սկզբին, երբ մեկնարկել էր այն ժամանակվա արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Աբդուլլահ Գյուլի բանակցային գործընթացը, Երեւանը ներկայացրել էր ոչ պաշտոնական փաստաթուղթ՝ non-paper, որի կետերից մեկը վերաբերում էր հենց երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուն:

Օսկանյան-Գյուլ բանակցություններին զուգահեռ Վիեննայում ընթանում էին նաեւ խորհրդապահական հանդիպումներ Հայաստանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարների մակարդակով: 2008-ին բանակցությունները շարունակվեցին «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած գործընթացի շրջանակում: Թեեւ Ցյուրիխում ստորագրվեցին երկու արձանագրություններ, սակայն հայ-թուրքական հարաբերություններում բեկում չեղավ: Ավելին՝ նախ Երեւան-Անկարա հարաբերությունները, ապա նաեւ ղարաբաղյան կարգավորման գործընթացը մտան փակուղի։ Դրան հաջորդեցին 2016 թվականի քառօրյա, ապա 2020-ի 44-օրյա պատերազմները՝ հայկական կողմի տարածքային եւ մարդկային ահավոր կորուստներով:

Ինչո՞ւ է այսօր Թուրքիան ավելի «կառուցողական»

Անկարայի համար այլեւս չկա «ղարաբաղյան հակամարտություն», քանի որ նրա փոքր եղբայր Ադրբեջանը 44-օրյա պատերազմում ստացել է շատ ավելին, քան ժամանակին երազում էին թուրքերն ու ադրբեջանցիները: Անգամ այս պայմաններում Թուրքիան սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Անդրկովկասյան տարածաշրջանում երկաթուղիների եւ մյուս հաղորդակցությունների ապաշրջափակմանը:

44-օրյա պատերազմից եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, թվում էր, Թուրքիան պետք է շտապեր վերջ տալ Հայաստանի ապաշրջափակմանը: Դա տեղի չունեցավ, քանի որ դեռեւս իրականություն չեն դարձել թուրքական մյուս երկու նախապայմանները՝ Հայաստանը հստակ չի ճանաչել ժամանակակից Թուրքիայի սահմանները կամ չի վերահաստատել Կարսի պայմանագիրը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Երեւանը չի կատարել այնպիսի ակնհայտ հետքայլ, որ կբավարարեր թուրքական ակնկալիքները:

Երեւանը հասկացնել է տալիս, որ չի կարող Հայոց ցեղասպանության հարցում հետքայլ կատարել, բայց անում է մեկ այլ ակնհայտ ժեստ՝ տարանջատելով հայ-թուրքական հարաբերությունները Հայաստան-Թուրքիա գործընթացից, այն է՝ Հայոց ցեղասպանության իրողությունը չի բերում Երեւան-Անկարա հարթություն:

Երեւանը հատուկ կարեւորություն չի տալիս ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչմանը, քանի որ տարածքային որեւէ պահանջ չի ներկայացնում Անկարային, ինչը չեն արել նաեւ Հայաստանի նախկին կառավարությունները, իսկ ցյուրիխյան երկու արձանագրություններով, առանց Կարս անունը նշելու, ընդունել են Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու սահմանները:

Ռուբինյան-Քըլըչը չորրորդ հանդիպման հայտարարությունից պետք է հասկանալ, թե ում են նկատի ունեցել կողմերը՝ «երրորդ երկիր» ասելով: Թուրքիան, անկասկած, նախ եւ առաջ նկատի ունի Ադրբեջանին, որի հետ ցանկանում է կապվել ցամաքային ճանապարհով եւ Հայաստանի տարածքով: Հայաստանը, «երրորդ երկիր» ասելով, առաջինը միայն եւ հենց Ադրբեջանին նկատի չի առնում:

Եթե անգամ Հայաստան-Թուրքիա գործընթացը բեկում չմտցնի, պետք է շարունակել հանդիպումները: Ուկրաինայի պատերազմը եւ ռուսական խոր ներգրավվածությունն այդ պատերազմում Անկարային եւ Բաքվին կարող են նոր սադրանքների եւ մասնակի ներխուժումների առիթ տալ:

Փակ, մասնավոր զրույցներում, երբեմն նաեւ՝ հրապարակային հայտարարություններով, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ահազանգում են նոր պատերազմի հավանականության մասին: Նրանք ընդգծում են, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական յուրաքանչյուր հանդիպում մեկ ամսով հետաձգում է նոր պատերազմը:

Այսօր, երբ նոր աշխարհակարգ է ձեւավորվում, Հայաստանը պարտվել է եւ չունի դաշնակիցներ, ինչպես նաեւ բավարար ներուժ՝ միայնակ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Անկարայի եւ Բաքվի հետ խոսակցությունը ոչ բավարար, սակայն կարեւոր անվտանգային գործիք է: Հետեւաբար պետք է շարունակել խոսակցությունը:

Այլընտրանքը նոր պատերազմն է, որին Հայաստանն այսօր պատրաստ չէ:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։