Պրահայից Ռամբույե և Մադրիդ ու Կազան. ի՞նչ են բանակցել Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

3356

Հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

Պրահյան գործընթաց

Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցությունները շարունակվեցին Պրահայի գործընթացի շրջանակներում: 2004թ. մարտի 19-ին համանախագահների մասնակցությամբ Չեխիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի և Վիլայաթ Գուլիևի հանդիպումը: Չնայած երկու շաբաթ անց Գուլիևին փոխարինեց Էլմար Մամեդյարովը, պրահյան գործընթացը կանգ չառավ:

2004թ. ապրիլի 28-ին Վարշավայում տեղի ունեցավ Քոչարյանի և որդի Ալիևի երկրորդ հանդիպումը: Ղազախստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երրորդ հանդիպմանը միացավ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Աստանայի հանդիպման նախօրեին ռուսական մամուլում եղան հրապարակումներ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում քննարկվում է հետաձգված հանրաքվեի տարբերակը: Դեռ 1989թ. օգոստոսի 7-ին Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով ենթահանձնաժողովի նիստում ԽՍՀՄ կառավարությանն առաջարկվել էր ԼՂԻՄ-ում անցկացնել հանրաքվե` շրջանում բնակչության մեծամասնության կամքը որոշելու նպատակով:

1989թ. նոյեմբերին Արկադի Վոլսկին ղարաբաղյան խնդիրը հանրաքվեով կարգավորելու հնարավորության շուրջ ասել էր. ՙԱյստեղ ևս կան տարակարծություններ և կանխավ հայտնի երկու արդյունքներ: Եթե հանրաքվեն անցկացվի միայն ԼՂԻՄ բնակչության շրջանում, արդյունքը պարզ է լինելու: Եթե հանրաքվեն անցկացվի ամբողջ Ադրբեջանում, ապա արդյունքն այլ կլինի՚:

Հանրաքվե անցկացնելու տարբերակը միջազգային հանրությունը սկսեց լրջորեն քննարկել 2004թ. աշնանը: 2005թ. հուլիսի կեսերին, երբ համանախագահները հերթական անգամ ժամանել էին տարածաշրջան, լրատվամիջոցներում եղավ արտահոսք, ըստ որի` հայկական կողմը համաձայն է Ադրբեջանին վերադարձնել ԼՂ-ն շրջապատող տարածքները, ինչի դիմաց Բաքուն կհամաձայնի հետագայում ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնելուն:

2005թ. մայիսի 15-ին Վարշավայում տեղի էր ունեցել նախագահներ Քոչարյանի և Ալիևի չորրորդ հանդիպումը: Տարվա ընթացքում շարունակվում էին արտգործնախարարների հանդիպումները:

Կազանում օգոստոսի 27-ին Քոչարյան-Ալիեւ հինգերորդ հանդիպումը շարունակվեց երկու ժամ: Բանակցություններից հետո նախագահները մամուլի համար հայտարարություն չարեցին և շտապեցին հիպոդրոմ՝ մասնակցելու ձիարշավին: Միջնորդները Կազանում նախագահներին ներկայացնում են կարգավորման հիմնարար սկզբունքների երկու-երկուսուկես էջանոց աշխատանքային փաստաթուղթը, որը կազմված էր մի քանի հիմնարար կետերից: Առաջարկվում էր ԼՂ կարգավիճակը որոշել հանրաքվեով (համաժողովրդական քվեարկությամբ), ղարաբաղյան ուժերը դուրս բերել անվտանգության գոտու հինգ շրջաններից, բացառությամբ Լաչինի և Քելբաջարի: Փաստաթղթով նախքան հանրաքվեի անցկացումը ԼՂ-ն ստանում էր միջանկյալ կարգավիճակ:

Դեկտեմբերին ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելը Լյուբլյանայում կազմակերպության արտգործնախարարների հանդիպման իր ելույթում ընդգծեց, որ հակամարտության կողմերը կարգավորման եզրին են:

Ռամբույե և Բուխարեստ

2006-2007թթ. ՙբաց պատուհանի՚ տարիներ էին, Հայաստանը և Ադրբեջանն ազատ էին նախագահական ընտրություններից: Միջազգային հանրությունը հույսեր ուներ, որ հնարավոր է հասնել գոնե միջանկյալ կարգավորման, սակայն կողմերը չկարողացան համաձայնության հասնել ԼՂ կարգավիճակի, Քելբաջարի շրջանի ու Լաչինի միջանցքի հարցերում: Բաքուն պնդում է տարածքային ամբողջականության, Երևանը և Ստեփանակերտը` ԼՂ ինքնորոշման իրավունքի, իսկ միջազգային հանրությունը` երկու սկզբունքները ՙհաշտեցնելու՚ հեռանկարը:

Օսկանյանի կարծիքով` հակադրյալ թվացող սկզբունքները հնարավոր է համատեղել միայն մեկ ձևով` հանրաքվեի ճանապարհով: ՙԲանակցային սեղանի վրա դրված փաստաթղթում տեղ է գտել հանրաքվեի գաղափարը, որի շուրջ բանակցություններ են ընթանում: Կարող եմ ասել, որ մենք հեռանկար տեսնում ենք, որ կարելի է այդ երկու սկզբունքները համատեղել£ Այսինքն` ԼՂ ժողովրդին տալ հնարավորություն, որպեսզի ինքը որոշի, թե որն է ուզում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությո՞ւնը, թե՞ ԼՂ ինքնորոշումը՚:

Համանախագահների ներկայացրած փաթեթը, ըստ Օսկանյանի` իդեալական փաստաթուղթ չէ, այլ ՙչարյաց փոքրագույնը՚, սակայն վերապահումներով և որպես բանակցությունների հիմք ընդունելի է Երևանի համար: Նա անգամ ասում էր, որ եթե ադրբեջանական կողմը ևս ընդունի փաստաթուղթը, ապա հայ ժողովրդին պետք է համոզել, որ առաջարկված սկզբունքներով է միայն հնարավոր կարգավորել խնդիրը: Մամեդյարովը ևս սեղանին դրված երկուսուկես էջանոց փաստաթուղթը, ընդհանուր առմամբ, որպես բանակցությունների հիմք, համարում էր ընդունելի` նկատելով, որ ՙսատանան հետաձգված հանրաքվեի մանրամասների մեջ է՚:

Մինչ Երևանն ու Բաքուն քննարկում էին հետաձգված հանրաքվեի մանրամասները, միջնորդներն աշխատանքային փաստաթուղթ մտցրեցին նոր տարր` միջանկյալ կարգավիճակի գաղափարը, ինչը պիտի թույլ տար ԼՂ-ին ունենալ ելք դեպի միջազգային շուկաներ, դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ-ում, արտասահմանյան ուղիղ ներդրումների, ընտրությունների ճանապարհով երկիրը կառավարելու պատեհություն, այսինքն` ստատուս-քվոն օրինականացնել:

Քի Վեսթի ձախողումից շուրջ հինգ տարի անց Ժակ Շիրակը ևս մեկ փորձ արեց մերձեցնել կողմերի դիրքորոշումները: 2006թ. փետրվարի 10-11-ը նախ Ելիսեյան պալատում նա հանդիպումներ ունեցավ Քոչարյանի, ապա` Ալիևի հետ, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ուղևորվեցին մայրաքաղաքի մերձակա Ռամբույե ամրոց: Քոչարյան-Ալիև բանակցություններում ակնկալվող առաջընթացը մնաց անհասանելի: Կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ ԼՂ կարգավիճակի, ինչպես նաև Քելբաջարից հայկական ուժերի դուրսբրման ժամանակացույցի և Լաչինի միջանցքի հարցերում:

Պրահյան գործընթացի շրջանակներում հայկական կողմը համաձայնություն էր տվել ղարաբաղյան ուժերի դուրսբերմանը հինգ շրջաններից, բացառությամբ Լաչինի և Քելբաջարի: Հատկապես վերջինս կարևորագույն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի և ԼՂ-ի համար, քանի որ այդ լեռնային շրջանի վերադարձը նշանակում է շփման գծի երկարում շուրջ 200 կիլոմետրով: Հայկական կողմը համաձայն էր Քելբաջարից հեռանալ, երբ ԼՂ-ում տեղի ունենա կարգավիճակի հանրաքվե: Ու քանի որ շատերի համար պարզ է, որ հանրաքվեի գաղափարը փաստաթուղթ է մտցվել կողմերի երեսը փրկելու նպատակով, Բաքուն կտրականապես դեմ էր Քելբաջարի և հանրաքվեի շաղկապմանը: Ադրբեջանը պնդում էր, որ Քելբաջարից հայկական ուժերի դուրսբերումը չկապվի հանրաքվեի հետ, բայց մյուս կողմից` համաձայն էր այդ շրջանը հետ ստանալ ավելի ուշ` երեք, հինգ կամ տասը տարի հետո, այսինքն` որևէ հստակ ժամկետում, բայց ոչ երբեք հանրաքվեից հետո:

Քանի որ Ռամբույեում բանակցությունները փակուղի էին մտել Քելբաջարի պատճառով, միջնորդները Բուխարեստի հանդիպման նախօրեին փաստաթղթում փոփոխություն մտցրեցին: Քելբաջարի վերադարձի հարցն անջատվեց հանրաքվեի անցկացումից և շաղկապվեց ԼՂ միջանկյալ կարգավիճակի հետ: Միջնորդները կողմերին առաջարկեցին համաձայնության գալ հանրաքվեի մանրամասների, Լաչինի միջանցքի և Քելբաջարից ղարաբաղյան ուժերի դուրսբերման ժամկետների շուրջ: 2006թ. հունիսի 4-ին Ռումինիայի մայրաքաղաքում սկսվում հաջորդ օրը շարունակվում են Քոչարյան-Ալիեւ բանակցությունները, սակայն նախագահներին չի հաջողվում հաղթահարել տարակարծությունները:

Վիեննայում` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, հունիսի 22-ին համանախագահները դիմեցին աննախադեպ քայլի` փաստացի գաղտնազերծելով այն փաստաթուղթը, որի շուրջ նախագահները չէին կարողացել համաձայնության գալ Ռամբույեում և Բուխարեստում: Միջնորդները համատեղ հայտարարության մեջ նշում էին, որ այլևս սպառվել է նոր առաջարկներ և գաղափարներ ներկայացնելու իրենց երևակայությունը, և շեշտում ՙհասարակական լայն շրջանակներին տեղեկացնելու՚ ու նրանց ՙայդ սկզբունքային քննարկումների մեջ ընդգրկելու՚ անհրաժեշտությունը:

Այլ խոսքերով` միջնորդներն առաջին անգամ երկու հասարակություններին կոչ արեցին հրապարակավ քննարկել առաջարկվող փաստաթուղթը: Դեռ 1998թ. Հայաստանի առաջին նախագահը միջնորդներին առաջարկել էր թույլատրել հրապարակել կարգավորման փուլային տարբերակի մանրամասները: Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսները նրան մեղադրում էին ՙՂարաբաղը ծախելու՚ մտադրությունների մեջ: Այսպիսով, նախկին նախագահը փորձում էր հրապարակավ պաշտպանել, իր կարծիքով, փուլային տարբերակի առավելությունները: Համանախագահները մերժեցին` պնդելով, որ բանակցություններում գաղտնիության պահպանումն ունի վճռորոշ նշանակություն:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարեց, որ զբաղեցրած տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը կարգավորման հիմնական սկզբունքների կարևոր տարր է: ՙՍակայն հայերին հորդորելով` ՙդուրս բերեք զորքերը, ինչը թույլ կտա նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում՚, մենք չենք հասնի ցանկալիին: Եթե հայերն իմանան, որ դրա փոխարեն ինչ-որ բան կստանան, ապա դա կանեն: Եթե հայկական զորքերը դուրս բերվեն, ապա դա կնվազեցնի լարվածությունը: Սակայն փոխարենը նրանք պետք է ինչ-որ բան ստանան: Դժվարությունն այն է, թե ինչպես համաձայնեցնել հայկական ուժերի դուրսբերման ժամանակային չափորոշիչները ԼՂ  կարգավիճակի հետ՚:

2006թ. նոյեմբերին Բրյուսելում արտգործնախարարներ Օսկանյանն ու Մամեդյարովը, թվում է, համաձայնության էին հասել զբաղեցրած շրջանների վերադարձի և կարգավիճակի փոխկապակցվածության շուրջ: Երկուսուկես էջանոց փաստաթղթում հստակ նշվում էր, որ հայկական զինված ուժերը փուլերով դուրս են բերում ԼՂ-ը շրջապատող ադրբեջանական տարածքներից, հատուկ մոտեցում է ցուցաբերվում Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ: Լաչինի միջանցքը հայկական կողմի պատկերացումով պետք է ունենա ԼՂ-ի հետ նույն կարգավիճակը:

Լաչինի հարցը պրահյան գործընթացի ընթացքում եղել է ամենավիճելիներից: Բաքուն պնդում էր, որ միջանցքից բացի շրջանի մյուս մասերը, այսինքն` Լաչինի ՙոչ միջանցքային՚ հատվածները, հետ տրվեն հնարավորինս շուտ, ինչին Երևանը դեմ էր: Լաչինի շրջանը ունի 1835 քառակուսի կմ տարածք, մինչդեռ միջանցքը ենթադրում էր 25-ից 50 կմ լայնություն:

Նախագահ Քոչարյանը 2006թ. սեպտեմբերին քաթարյան ՙԱլ Ջազիրա՚ հեռուստակայանին տված հարցազրույցում ասել էր. ՙՄենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցելու տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու պայմանների շուրջ` բացի ԼՂ-ը Հայաստանին միացնող Լաչինի նեղ միջանցքից: Եթե Ադրբեջանը, իրոք, մտահոգված է իր փախստականների խնդրով և  Ադրբեջանի վարչական սահմանից դուրս գտնվող տարածքների վիճակով, նա կարող էր վաղուց վերականգնել դրանք՚:

Երևանի և Բաքվի միջևվիճելի էր մնում ոչ միայն Լաչինի միջանցքի լայնության չափը, այլ միջանցքի կարգավիճակը: Հայաստանը պնդում էր, որ միջանցքը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ որ ունենալու է ԼՂ-ը, այդ թվում` միջանկյալի դեպքում: Ադրբեջանը առարկում էր եւ առաջարկում այլ տարբերակներ` միջանցքն օգտագործել միասնաբար, դնել ԵԱՀԿ իրավասության տակ կամ վարձակալել, ասենք` 99 տարով: Այսինքն, Բաքուն չէր հաշտվում Լաչինի միջանցքը կորցնելու փաստի հետ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երրորդ և 2006թ. ընթացքում վերջին անգամ հանդիպեցին նոյեմբերի 28-ին Մինսկում:

Վերադառնալով քաղաքականություն` Լևոն Տեր-Պետրոսյանը շրջանառության մեջ դրված փաստաթուղթը, որին սկզբունքորեն համաձայնել էր Հայաստանը, որակեց ՙտասը տարի առաջ մերժված փուլային տարբերակ՚, որը ժամանակին առաջին նախագահի ընդդիմախոսները որակում էին պարտվողական: ՙԿողմերի դեմքը փրկելու համար ավելացված է միայն մի անորոշ կետ ԼՂ-ում անցկացվելիք հանրաքվեի կամ ժողովրդական հարցման՝ պլեբեսցիտի մասին: Փաստաթուղթն իբրև թե համաձայնեցված է շուրջ 99 տոկոսով, և մնում է ընդամենը մի քանի մանրամասն, որոնց առնչությամբ կողմերը դեռևսչեն հարթել իրենց տարաձայնությունները: Մանրամասնություն կոչվածները, սակայն, կարող են այնքան սկզբունքային լինել, որ չհաղթահարվեն դեռևս երկար ժամանակ: Ադրբեջանը, հույսը դրած նավթադոլարների վրա, բոլորովին չի շտապում, իսկ Հայաստանը, չգիտես ինչին ապավինած, հարցը լուծելու անհրաժեշտ կամք չի դրսեւորում՚:

Տեր-Պետրոսյանը ՙփակուղային վիճակի՚ հարցում քննադատեց Քոչարյանին, որից բացի, ՙմեղքի իր բաժինն ունի Օսկանյանը, և մասամբ` Ղուկասյանը, որը ԼՂ-ի` որպես հակամարտության լիիրավ կողմի, միջազգային մանդատը զիջել է Հայաստանի նախագահին՚:

Արտգործնախարար Օսկանյանը մերժում էր մեղադրանքները, որ հարցն ինքնորոշումից տեղափոխվել է տարածքային վեճի հարթակ. ՙԼավագույն ապացույցը, որ այդպես չէ, և որ դա մնում է ինքնորոշման հարթակի վրա, այսօրվա փաստաթուղթն է: Գործընթացի ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ է, որ փաստաթղթի հիմքում ընկած է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և դա միջազգայնորեն արդեն որոշ ճանաչում է ստացել, որովհետև համանախագահներն այդ մասին խոսում են  իրենց հրապարակային հարցազրույցներում: Տասը տարի առաջ ինքնորոշման մասին նույնիսկ չէինք կարող բարձրաձայն արտահայտվել, միջազգային հանրության մեզ կդատապարտեր: Այսօր ոչ միայն բաց խոսում ենք, այլև փաստաթղթում ամրագրված է՚:

Քոչարյանը 2007թ. դեկտեմբերին պնդեց, որ մինչևՏեր-Պետրոսյանի հրաժարականը բանակցությունները տարվում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում. ՙԿիրառվում էր հետևյալ բանաձևը. դե-յուրե` Ադրբեջանի կազմում, դե-ֆակտո` համեմատաբար անկախ կարգավիճակ: Փաստորեն, լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Դա պարտվողական դիրքորոշում էր, որի հետևանքների վերացումն ինձնից պահանջեց երկար տարիներ: Ներկայումս բանակցային գործընթացի հիմքում ընկած է ինքնորոշման սկզբունքը: Վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂՀ-ում տեղի ունենալիք հանրաքվեով: Մինչև հանրաքվեն ենթադրվում է ԼՂՀ-ում տիրող իրավիճակի միջազգային ճանաչում: Մենք երկու անգամ չափազանց մոտ էինք կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը, երկու անգամ էլ դա տեղի չունեցավ Ադրբեջանի մեղքով՚:

Եթե իրավամբ Տեր-Պետրոսյանը համարում էր, թե ինքնավարությունը կբավարարեր ԼՂ-ին, ապա այս տրամաբանությամբ նա պետք է վետո չդներ Լիսաբոնում, քանի որ միջազգային հանրությունը պատրաստ էր հենց ինքնավարության բարձր մակարդակ տրամադրել  ԼՂ-ին: Տեր-Պետրոսյանն օգտվեց վետոյի իրավունքից, ինքնավարությունն Ադրբեջանի կազմում համարելով անընդունելի, քանի որ ՙցեղասպանության և բռնի արտաքսման մշտական սպառնալիքը՚ կախված կլինի ԼՂ  բնակչության վրա. ՙԱդրբեջանը չի կարող ապահովել ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքները: Այդ պատճառով մենք գտնում ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելն է՚:

1992թ. վաղ գարնանը ռուսական մամուլին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը ասել էր բաներ, որոնք նրա քաղաքական հակառակորդները (այն ժամանակ համախոհները) ավելի քան մեկուկես տասնամյակ անց հաճույքով հիշեցնում էին ու վերատպում մամուլում: Հարցին, թե ինչպես է տեսնում ղարաբաղյան խնդրի լուծումը, Տեր-Պետրոսյանը պատասխանել էր. ՙԿուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր կողմերին, քանի որ այդ դեպքում ԼՂ-ը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք պատրաստ ենք սա քննարկել ցանկացած մակարդակում՚:

Դեպի Մադրիդ

Հակամարտության կողմերը 2007թ. մտան` առջևում ունենալով համապետական ընտրություններ: Մայիսին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, հուլիսին՝ նախագահական ընտրություններ ԼՂ-ում: Մինչ այդ` 2006թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ում անցկացվեց Սահմանադրության հանրաքվե: ԼՂՀ-ում մայր օրենքն ընդունվեց անկախության հանրաքվեից 15 տարի անց: Սահմանադրության առաջին հոդվածում ասվում է, որ ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է:

2007թ. մայիսի 12-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեց վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը: Եվրոպական կազմակերպությունները հայտարարեցին, որ ընտրությունները հիմնականում համապատասխանել են միջազգային չափանիշներին:

Հուլիսի 19-ին ԼՂՀ նախագահական ընտրություններում թեկնածուներից Բակո Սահակյանը հաղթեց քվեների ավելի քան 85 տոկոսով: Նրա հիմնական մրցակիցը փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն էր, ով ստացավ քվեների շուրջ 12,5 տոկոսը:

Տարվա ընթացքում համանախագահները ՙեռյակով՚ կամ առանձին մի քանի անգամ այցելեցին տարածաշրջան: Բանակցային սեղանի վրա էին ՙԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքները՚, որը Կազանում ներկայացված փաստաթղթի  թարմացված, նորացված տարբերակն էր: Օսկանյանը և Մամեդյարովը 2007-ին հանդիպեցին հինգ անգամ, ևս մեկ անգամ բանակցեցին Քոչարյանը և Ալիեւը: Հունիսի 9-ին Սանկտ Պետեnրբուրգում կայացած հանդիպման ընթացքում, ինչպես համատեղ հայտարարությունում հաստատեցին միջնորդները, նախագահները չկարողացան հաղթահարել տարակարծությունները:

2007թ. սեպտեմբերին եռանախագահները Ստեփանակերտում հանդիպեցին Բակո Սահակյանի, Երևանում` Օսկանյանի և Քոչարյանի, Բաքվում` Ալիևի և Մամեդյարովի հետ: Կարգավորման փակուղային վիճակը ևս մեկ անգամ հաստատվեց հոկտեմբերի առաջին օրերին, երբ Տաջիկստանի մայրաքաղաքում` ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում, նախագահներ Քոչարյանի և Ալիևի միջև հանդիպում չկայացավ: Դժվար է հիշել միջազգային համաժողով, առավել ևս` ԱՊՀ գագաթաժողովները, որոնց ներկա լինեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ու նրանց միջև հանդիպում չկայանար: Դուշամբեի գագաթաժողովում չկայացավ:

Մադրիդում նոյեմբերի 29-30-ը ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան հանդիպմանը միջնորդ պետությունների ավագ դիվանագետները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսը և Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Օսկանյանին և Մամեդյարովին ներկայացրին 14 կետանոց գրավոր փաստաթուղթ, որում ամրագրված էին կարգավորման հիմնական սկզբունքները:

Օսկանյանը Մադրիդի իր ելույթում հայտարարեց, որ հակամարտության կողմերին ներկայացված փաստաթուղթն ՙարդար է, հավասարակշռված ու նախնական համաձայնության համար հիմք կարող է ծառայել՚: ՙԱյս փաստաթուղթը հիմնարար խնդրին է անդրադառնում` ԼՂ ժողովրդի անվտանգությանը` ինքնորոշման միջոցով, ինչպես նաև փախստականների ու տարածքների խնդրին, որոնք ծագել են այդ ինքնորոշման պայքարի արդյունքում՚:22

Մադրիդում համանախագահները հայտարարեցին, որ վերջին երեք տարիներին կողմերը զգալիորեն մոտեցրել են դիրքորոշումները, և եկել է վերջին տարաձայնությունները հաղթահարելու ժամանակը. ՙԿողմերին առաջարկվել է հիմնական սկզբունքների ընդունումով ավարտել բանակցությունների ներկա փուլը և անհապաղ անցնել համապարփակ համաձայնագրի նախագծի մշակմանը՚: