Ջեյմս Հարբորդի այցը Օսմանյան կայսրություն և Հայաստանի Հանրապետություն. 1919 թվական

6406

Այս բացառիկ տեսանյութը (համր)՝ նկարահանված 1919-ի երկրորդ կեսին, պահպանվում է ԱՄՆ Ազգային արխիվում: Այն ամերիկացի զորավար Ջեյմս Հարբորդի այցից է Օսմանյան կայսրություն և Հայաստանի Հանրապետություն: Տեսանյութում, որ հիմնականում Օսմանյան կայսրությունն է ներկայացնում, կան մի քանի կադրեր Կարսից ու Երևանից: Մասնավորապես, պահպանվել է նաև այն տեսարանը, երբ Էջմիածնից Երևան ժամանող Հարբորդին դիմավորում է վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը: Այդ ընթացքում, երկու հեծյալներ ծածանում են հայկական և ամերիկյան դրոշները:

Փարիզի հաշտության խորհրդաժողովի [1919թ. մարտի 20-ի] որոշմամբ Ամերիկայի կառավարությունը բանակի գեներալ զորավար Ջեյմս Հարբորդին և նրա զինվորական առաքելությանը գործուղել  է Հայաստան: Առաքելությունը պետք է ուսումնասիրեր Մերձավոր Արևելքի իրադրությունը՝ Հայաստանի մանդատը ստանձնելու ԱՄՆ-ի մտադրության նպատակով: Հարբորդի առաքելության առաջ խնդիր էր դրվել հետազոտել և զեկուցագիր ներկայացնել այն շրջանների քաղաքական, ռազմական, աշխարհագրական, վարչական, տնտեսական և այլ պայմանների մասին, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել Ամերիկայի համար։ ԱՄՆ-ի կառավարությանը հետաքրքրել է ավելի քան 1000 հարց: Առաքելության գործունեության արդյունքներն ամփոփվել են «Մերձավոր Արևելքի իրավիճակը» զեկուցագրում, որը ներկայացվել է ԱՄՆ-ի նախագահին 1919-ի հոկտեմբերին և հանձնվել է կոնգրեսին քննարկման համար 1920-ի ապրիլին։ Զեկուցագրի ընդհանուր եզրակացությունն այն էր, որ ԱՄՆ-ը կարող է ընդունել մանդատը: Կոնգրեսը, սակայն, մերժեց Հայաստանի մանդատը ընդունելու նախագահ Վուդրո Վիլսոնի առաջարկը:

Հարբորդի Հայաստան այցի մասին՝ մի հատված Սիմոն Վրացյանի Հայաստանի Հանրապետություն հատորից (Հաղորդագրություն՝ հայ հեռագրական գործակալության, Երևան, 29 սեպտեմբեր [1919թ.], Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993, էջ 639-640):

ժամը 3-ին Էջմիածնից օթոմոբիլով Երևան ժամանեց գեն. Հարբորդը: Գեներալին ընդունեցին վարչապետը՝ նախարարական ամբողջ կազմով, Վրաստանի, Ազրբեջանի դիպլոմատիկան, ամերիկյան, անգլիական, ֆրանսիական զինվորական ներկայացուցիչները: Չնայած Զանգվի կամրջի մոտ շինած կամարին, գեներալ Հարբորդը իջավ օթոմոբիլից: Նրան դիմավորելու առաջացավ ամերիկյան զինվորական ներկայացուցիչը, որը կարճ ճառով ողջունեց գեներալ Հարբորդին: Հետո նրանք մտան կամար, նրանց դիմավորեց վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, որը ողջունեց նրա գալուստը, շնորհակալություն հայտնեց Ամերիկային՝ նրա՝ հայ ժողովրդին ցույց տված օգնության առթիվ և հայտնելով կառավարության կատարյալ պատրաստակամությունը աջակցելու նրա միսիան իրագործելու գործում, արտահայտեց հայ ժողովրդի բաղձանքը՝ տեսնել անկախ և միացյալ Հայաստանը Ամերիկյան մանդատի տակ:

Պատասխան ճառով գեն. Հարբորդը շնորհակալություն հայտնեց Հայաստանին, նրա ցույց տված ընդունելության համար և ավելացրեց,որ «Ամերիկան հետաքրքրվում է Հայաստանով և նրա ճակատագրով, ապացույց իմ Հայաստան գալս: Ես եկել եմ ոչ թե հաճույքի, այլ իմ վրա դրված պարտքը կատարելու:

Իմ միսիայի բոլոր անդամներից յուրաքանչյուրն առանձին ունի իր պարտականությունները և պիտի աշխատի այդ շրջանակում: Ես նույնպես իմ երկու օրվա ներկայության աշխատանքները պարտավոր եմ զեկուցել նախարարներին՝ անհրաժեշտ հրահանգներ ստանալու համար»:

Ճառից հետո վարչապետը ներկայացրեց գեն. Հարբորդին ներկա եղող անձանց: Հետո երկուսով օթոմոբիլ նստելով ուղղվեցին դեպի մայրաքաղաք:

Քաղաքը զարդարված էր հայկական, ամերիկյան դրոշակներով, գորգերով և կանաչներով: Սկսած Զանգվի կամրջից՝ ժողովուրդը խռնվել էր ամբողջ ճանապարհին: Աստաֆյան փողոցում կանգնած էին զորախմբերն ու որբերը: Առջևից գնում էր քաղաքապետը ազգային տարազով և 4 ամերիկյան դրոշակ ունեցող ձիավորներով: Նրանց հետևում էին օթոմոբիլով գեն. Հարբորդն ու վարչապետը, ապա հետևակ ու հեծյալ զորքը, նրանցից հետո դիմավորելու եկած բոլոր պաշտոնական ներկայացուցիչները:

Գեներալ Հարբորդի օթոմոբիլը երևալուն պես, որբերի և փողոցի երկու կողմերում հավաքված խուռներամ ժողովրդի կողմից պայթեցին «կեցցեները»: Նրա համար պատրաստած բնակարանը հասնելիս, զինվորական երաժշտախումբը նվագեց հայկական հիմնը, որից հետո գեներալը ընդունեց զորանցք, շնորհակալություն հայտնեց իր պատվին եղած ընդունելության և գոհունակությունը զորքերի կարգապահության համար և մետեցավ ու նայեց դիմավորող որբերին:

Այսօր առավոտյան 7 օթոմոբիլներով Սարիղամիշ հասավ գեներալ Հարբորդը՝ մի գեներալի, 7 սպաների և 100 հոգուց բաղկացած զինվորական պահակախմբի ուղեկցությամբ:

Գեներալ Հարբորդը, իջևանեց սպայական ժողովատեղին, ուր ընդունվեց զինվորական զորանցք և տեղական ազգաբնակչության ողջյունները: Ընդունելությունից գոհ երկաթուղով մեկնեց Կարս:

Գեներալ Հարբորդի գնացքը, առավոտյան ժամը 8-ին հասավ Կարսի երկաթուղային կայարանը: Գնացքը դիմավորվեց բոլոր ամրոցներից եղած 21 թնդանոթահարվածներով:

Գեներալը ընդունեց ողջյուններ և բարեմաղթություններ քաղաքագլխի կողմից:

Տեղական ազգաբնակչության և վարչությունների ներկայացուցիչներին ընդունելուց հետո գեներալ Հարբորդը օթոմոբիլով մեկնեց զորահրամանատարի մոտ, ուր ճաշի էր հրավիրված:

Խուռներամ բազմության թափորը գեներալին մեծ օվացիաներ էր անում, իսկ զորքը «ուռաներով» ընդունում:

Գեներալին ուղեկցում էին պետական ներկայացուցիչներ: