Հայաստանի և Ադրբեջանի միջև «քարտեզների պատերազմը». 1980-ականներ

3159

Ոսկեպարից Նոյեմբերյան ճանապարհին անցորդները նկատած կլինեն Սուրբ Աստվածածին եկեղեցու երկարությամբ կիսակառույց տները: Դրանք կառուցվել են 1980-ական թվականների կեսերից, երբ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև ընթանում էր «քարտեզների պատերազմը»:

Խորհրդային մամուլում բառ անգամ չեք կարող գտնել այդ «պատերազմ»-ների մասին: Ժամանակին «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանները անդրադարձել են դրանցից մի քանիսին:

Ոսկեպարի կիսակառույց այս տները, ըստ խորհրդային քարտեզի, գտնվում են հենց հայ-ադրբեջանական սահմանի վրա: Այդ տներից մի քանի մետր այն կողմ Ադրբեջանի Ներքին Աքսիպարա գյուղն է, որը 1990-ակաների սկզբից, քանի դեռ պատերազմ չէր սկսվել Արցախում, գտնվում է հայկական վերահսկողության տակ:

Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը և ժողովրդին թվում էր, որ հենց սահմանին տներ կառուցելով է նաև հնարավոր կանգնեցնել Ադրբեջանի ընդարձակումը դեպի Հայաստան: Ներքին Աքսիպարա գյուղից բացի՝ կա նաև Վերին Աքսիպարա ադրբեջանական գյուղը, որը ճանապարհից չի երևում և գտնվում է հայկական Ոսկեպար գյուղից դեպի արևմուտք՝ անտառի մեջ: Այդ գյուղն էլ է հայկական վերահսկողության տակ, իսկ տները, ինչպես Ներքին Աքսիպարայում և նրան հարևան ադրբեջանական Բաղանիս-Այրում գյուղում, ավերված են:

Հայերի և ադրբեջանցիների միջև պատերազմական առաջին գործողությունները Երասխ-Սադարակ կռիվներից ամիսներ անց, տեղի են ունեցել հայ-ադրբեջանական Նոյեմբերյան-Ղազախ հատվածում 1990-ի ամռանը:

Խորհրդային տարիներին, հատկապես 1922-1936 թվականներին, երբ Հայաստանը Ադրբեջանի և Վրաստանի հետ ԽՍՀՄ մաս էր կազմում Անդրֆեդերացիա անունով և Թիֆլիս կենտրոնով, երեք հանրապետությունների միջև տեղի են ունեցել տարածքային բազմաթիվ փոխանակումներ (տես՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Վրաստան տարածքային փոխանակումները): Այդ փոխանակումները հաճախ վեճերի պատճառ են դարձել: Ինչքան էլ հանրապետությունները համարվեին «եղբայրական»՝ հողային հարցում եղբայրությունը վերածվում էր նաև բախումների ու թշնամանքի:

Հայ-ադրբեջանական «քարտեզների պատերազմ»-ներից մեկը, որը վերածվեց բարձր մակարդակի ծեծկռտուքի ու մի քանի տարվա թշնամանքի, տեղի ունեցավ 1984-ի աշնանը իմ ծննդավայր Դովեղ գյուղում:

Ես դպրոցական էի և այսօրվա պես հիշում եմ. գյուղ էին եկել Մոսկվայից ուղարկված մարդիկ, որոնք մեր և հարևան ադրբեջանական գյուղի միջև սահմանն էին ճշտում: Դա հավանաբար 1984 թվականի ուշ աշունն էր կամ 1985-ը: Մեր գյուղը գտնվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունում և սահմանակից է Ադրբեջանի Քեմեռլի բնակավայրին: Այս գյուղի հետ Դովեղն ունի շուրջ 13 կմ երկարությամբ սահման, որն անցնում է հիմնականում անտառի եզրով: Որտեղ ավարտվում է անտառը՝ հենց այնտեղ սահմանն է, որը ձգվում է դեպի Բարեկամավան և Կոթի:

Խորհրդային Միությունում սահման ասվածը հարաբերական էր: Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ վարչական սահմաններ գոյություն ունեին, բայց այդ սահմանները անցնելիս դու կարիք չունեիր անձնագիր ցույց տալու, ոչ էլ հսկիչ-անցագրային կետ կար: Վրացական կամ ադրբեջանական տառերը և գրությունները կարդալով միայն կհասկանայիր, որ Խորհրդային Հայաստանում չես:

Ես ադրբեջանցիներին հիշում եմ շատ փոքր տարիքից: Պապիս ադրբեջանցի ծանոթներն էին գալիս մեր տուն: Հայրս ևս ուներ ադրբեջանցի ծանոթներ: Մենք նրանց դոստ էինք ասում, որը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է բարեկամ: Գյուղերում ամեն մեկն ուներ իր դոստը:

Գրեթե ամեն օր Քեմեռլիի ադրբեջանցիները, հիմնականում` կանայք, իրենց ավանակներին մրգեր ու բանջարեղեն բարձած, մեր գյուղով անցնելով, հասնում էին Նոյեմբերյան քաղաքի շուկա, որտեղ վաճառում էին իրենց բերքը: Հետդարձի ժամանակ ավանակներին կապում էին մեր գյուղի զբոսայգու երկաթյա ցանկապատին, մտնում խանութ և գնումներ կատարում: Հիմնականում շաքար էին գնում մեծ քանակությամբ: Խորհրդային Ադրբեջանում հավանաբար շաքարի պակաս կար:

Մեր և ադրբեջանցիների հարաբերությունները միանշանակ չէին: Մի կողմից` մենք ապրում էինք միասին այսօր գոյություն չունեցող Խորհրդային Միություն կոչվող երկրում, հետևաբար` նույն պետության քաղաքացիներ էինք: Մյուս կողմից՝ միշտ էլ մեր և ադրբեջանցիների միջև լարվածություն կար: Մեր գյուղին պատկանող անտառներից շուրջ 1 800 հեկտարը իրականում օգտագործում էին ադրբեջանցիները:

1984-ի աշնանը մեր և ադրբեջանցիների հարաբերությունները չափազանց լարվեցին, անտառի պատկանելության և այնտեղից ջուր տանելու վեճի պատճառով գրանցվեցին բախումներ, որոնց ընթացքում մի քանի մարդ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:

Տուժածներից մեկը Խորհրդային Հայաստանի վարչապետի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանն էր: Նա իր հուշերում՝ «Հողի ճակատագրով» խորագրով, մանրամասն գրում է Դովեղ-Քեմեռլի բախումների մասին:

Դովեղի անտառների չորս աղբյուրներից ադրբեջանցիները ջուր տանելու նպատակով ջրատար էին կառուցել։ Դա այնպիսի լարվածություն էր առաջ բերել, որ 1984թ. հոկտեմբերին Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը Մոսկվայում հանդիպել էր Ադրբեջանի առաջնորդ Քյամրան Բաղիրովի հետ և պայմանավորվել, որ ջրատարի հարցը տեղում ուսումնասիրվի: Հայկական կողմից պատասխանատու էր նշանակվել Մովսիսյանը, ադրբեջանական կողմից` վարչապետի տեղակալ Ռասիզադեն, որը պետք է դառնար անկախ Ադրբեջանի ամենաերկարակյաց վարչապետը:

Հարցը կարգավորելու նպատակով Մովսիսյանն ու Ռասիզադեն հանդիպում են Իջևանում, ապա Նոյեմբերյանով հասնում Դովեղի անտառներ: Նրանց ուղեկցում էին նաև տեղական այլ պաշտոնյաներ: «Մեքենան, որի մեջ ես և Ռասիզադեն էինք, կանգ առավ աղբյուրի մոտ, որտեղ ադրբեջանցիները եռանդով շարունակում էին շինարարական աշխատանքները։ Երբ մենք աղբյուրից բարձրացանք անտառի բացատը, չորս կողմից մի հսկայական ոհմակ, զինված մահակներով, հարձակվեց մեզ վրա: Այնուհետև հայերիս առանձնացրին և մի քանի կիլոմետր քշելով (բառիս բուն իմաստով)՝ բերեցին Քեմեռլի տանող ճանապարհի խաչմերուկը։ Եվ այստեղ մեր դեմ դուրս եկան հինգ բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում մահակներով, եղաններով, կացիններով զինված մարդիկ էին… Սկսվեց մի խայտառակ իրարանցում, քաշկռտուք, վայնասուն: Ծեծկռտուքից անմասն չմնացի նաև ես` ստանալով լուրջ մարմնական վնասվածքներ: Ապա բռնի ուժով մեզ նստեցրին բեռնատար մեքենաների խցիկներում և բաց պատուհաններից քարերի, մահակների ու բռունցքների հարվածների տակ բերեցին Քեմեռլի»,-գրում է Մովսիսյանը իր հուշերում:

Դովեղի անտառում և Քեմեռլի գյուղում Մովսիսյանից բացի ծեծի են ենթարկվում նաև նրան ուղեկցող մյուս հայ պաշտոնյաները: Իրադրության հանդարտեցումից հետո Մովսիսյանին և նրան ուղեկցող մյուս հայերին բաց են թողնում: Այդ ընթացքում Նոյեմբերյանի շրջանում լուր է հասնում, որ «թուրքերը Մովսիսյանին ու մյուս հայերին սպանում են»: Գյուղացիները վերցնում են իրենց որսորդական զենքերը և շարժվում դեպի Քեմեռլի: Արյունալի թվացող բախումը հնարավոր է լինում կանխել:

«Երևանում մի քանի օր հիվանդանոցում պառկելուց հետո եկա կենտկոմ և Կարեն Սերոբիչին (Դեմիրճյան) պատմեցի կատարվածի մասին։ Չեմ կարող մոռանալ, որ պատմածս լսելուց հետո նա շուռ եկավ և անձայն արտասվեց։ Ես առաջին անգամ էի նրա աչքերում արցունքներ տեսնում»,- գրում է Մովսիսյանը:

Այս միջադեպի արձագանքը հասնում է Մոսկվա: Խորհրդային Միության առաջնորդներից Եգոր Լիգաչովը Մովսիսյանին հրավիրում է Մոսկվա` մանրամասների մասին տեղեկանալու նպատակով: Հայ-ադրբեջանական բախումից հետո Հայաստան է այցելում Ադրբեջանի առաջնորդ Բաղիրովը և կատարվածի համար ներողություն խնդրում:

Դովեղում արձանագրված միջադեպից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվում է վարչական սահմանների հստակեցում՝ Նոյեմբերյանից մինչև Մեղրի: Ընդունվում է փաստաթուղթ, որը վերնագրված էր «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»:

Թաթուլ Հակոբյան

9 հունիսի, 2020թ