Ջարդված Սարիղամիշի տակ՝ Էնվերն իր զայրույթը թափեց թուրքահայ ժողովրդի գլխին. Սիմոն Վրացյան

1640

Ներկայացնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունից մի հատված (էջ 10-17), որը վերաբերում է կամավորական շարժմանը:

______________

Կամավորական խմբերը սկզբում 4 էին՝ Անդրանիկի, Քեռիի, Դրոյի, Համազասպի, որոնց մեջ մտնում էին մոտ 2500 կռվողներ: Ապա ավելացավ մի նոր խումբ՝ գնդ. Ջամփոլադյանի հրամանատարության տակ, Ազգային բյուրոյից անկախ: 1915-ի գարնանը Քեռիի, Դրոյի և Համազասպի խմբերը միացվեցին Արարատյան ջոկատի մեջ՝ Վարդանի ընդհանուր հրամանատարության ներքո, որ Վանի գրավման գլխավոր ուժը հանդիսացան: Նույն 1915-ին կազմակերպվեց Իշխանի՝ Հովսեփ Արղությանի խումբը: Ի վերջո, հայ կամավորական խմբերի թիվը հասավ յոթի: 1916 թվին այդ խմբերը վերակազմվեցին հայկական հրացանաձիգ գնդերի, սպաների հրամանատարության տակ և մտցվեցին ռուսական կանոնավոր բանակի մեջ: Ռուս քաղաքականությունը փոխվում էր հայերի վերաբերմամբ, և հայ կամավորական խմբերը այլևս պետք չէին:

Կամավորական խմբերը, սակայն, մի կաթիլ էին համեմատած այն ահագին օժանդակության հետ, որ հայ ժողովուրդը բերեց Ռուսաստանին պատերազմի ընթացքում: Ըստ պաշտոնական հաշվի, հայերի 13 տոկոսը զինվոր էր զանազան ռազմաճակատներում: Ուրիշ խոսքով, 2 միլիոնանոց ռուսահայությունը ավելի քան 250 000 զինվոր տվեց ռուս բանակին: Բացի այդ, նա իր ուժերը հասցրեց գերագույն լարման և թիկունքում՝ մասնակցելով ռազմաճակատի օգնության հատկացվող բազմապիսի ձեռնարկներին: Եվ այդ ամենը կատարվում էր մեկ նպատակով. թուրքահայկական դատի լուծման, Թուրքահայաստանի ազատագրության համար:

Պատերազմի սկզբին հայկական շրջաններում տիրում էր ընդհանուր համոզում. մի քանի ամսվա մեջ ռուսները կգրավեն Վանն ու Էրզրումը, և հայկական շրջանները կազատվեն թուրքական լծից:

Այս հավատն էր, անշուշտ, պատճառ այն համազգային խանդավառության, որ առաջ բերեց կամավորական շարժումը: Սակայն, օրեր ու ամիսներ անցան, և հայկական նահանգները մնացին չգրավված: Ավելին, դեռ 1914-ի դեկտեմբերին քիչ մնաց Ռուսահայաստանի մի մասն էլ վրա գնար. Էնվերի գնդերը հասել էին արդեն Սարիղամիշի բարձրունքները, և Կովկասի  մայրաքաղաքը մատնվել էր խուճապի: Փոխարքան պատրաստվում էր փախչելու դեպի լեռների ա՛յն կողմը, և կովկասյան թրքությունը ցնծության մեջ էր:

Հրաշքը միայն, ավելի ճիշտ, արտակարգ ձմեռը, փրկեց Կովկասը թուրքական ներխուժումից: Ջարդված Սարիղամիշի տակ՝ Էնվերն իր զայրույթի բովանդակ թույնը թափեց թուրքահայ ժողովրդի գլխին: Հայերի բնաջնջման դավը վաղուց էր նյութված Իթթիհատի որջում: Առիթ էր հարկավոր՝ ահա և առիթը. հայերն էին թուրքերի պարտության պատճառը: Հարկավոր էր մաքրել ռազմաբեմը այդ վնասակար տարրից: Եվ ահա գործադրության է դրվում տեղահանության ծրագիրը: Պրուսական ու բելգիական ճակատներում տեղահանություն նշամակում էր տնտեսական քայքայում, Թուրքիայում՝ ջարդ ու կոտորած: Եվ 1915 թ. ապրիլից սկսած, ամիսներ շարունակ, թուրքերը զբաղվեցին հայերի ծրագրված  բնաջնջումով: Ապրիլի 11-ին զանգվածորեն ձերբակալվելով՝ դեպի մահ քշվեց պոլսահայ մտավորականությունը: Ապա՝ գյուղեր ու քաղաքներ դատարկվեցին և ավարի ենթարկվեցին: Մի միլիոնից ավելի ժողովուրդ մորթոտվեց կամ մեռավ տեղահանության ճանապարհին և արաբական անապատների ավազներում: Դարերով կուտակված անհաշիվ հարստություն, տնտեսական ու մշակութային թանկագին նյութեր կորստյան մատնվեցին: Մի ամբողջ քաղաքակիրթ ժողովուրդ խաչ հանվեց ու նահատակվեց վայրագորեն՝ աշխարհի աչքի առջև. ոչ ոք չմբոստացավ ու չմիջամտեց: Եվ ո՞վ կարող էր, ո՞վ սիրտ ու կամք ուներ միջամտելու, երկրագունդը խեղդվում էր արյան մեջ: Մարդկության խիղճը քար էր կտրել…

1916թ. սկզբներին, միաժամանակ, թե Թիֆլիսում, Ազգային բյուրոյի շրջանում, և թե Պետրոգրադի, Մոսկվայի հայության մեջ, զգացվեց համազգային խորհրդաժողով գումարելու պահանջը, քննելու համար օրվա խնդիրները և նոր կացության համապատասխան քաղաքական ուղեգիծ որոշելու: Ժողովի գումարման նախաձեռնությունը ստանձնեց Մոսկվայի Հայկական կոմիտեն իր կորովի նախագահ Ստ. Մամիկոնյանի գլխավորությամբ:

Երկար բանակցություններից հետո կառավարությունը արտոնեց հայկական խորհրդաժողովի գումարումը, Կովկասից հեռու, Պետրոգրադում, և այն պայմանով, որ զուտ գաղթականների օգնության հարցից դուրս ազգային կամ քաղաքական բնույթ կրող որևէ խնդիր չդրվի ժողովրդի օրակարգի վրա:

Պետրոգրադի խորհրդաժողովը գումարվեց 1916 թ. մայիսին: Ժողովին մասնակցում էին գաղթականական գործերով զբաղվող կազմակերպությունների և Ազգային բյուրոյի ներկայացուցիչները, Պետական դումայի հայ անդամները և հրավերով անհատ գործիչներ Թիֆլիսից ու Կովկասի մյուս հայկական կենտրոններից, Պետրոգրադից, Մոսկվայից, Նոր Նախիջևանից և այլն: Բազմանդամ և մեծաղմուկ ժողով էր, որ, սակայն, լավ կազմակերպված չէր և, կարելի է ասել, շոշափելի ոչ մի հետևանք չունեցավ:

Խորհրդաժողովին նախագահում էր Մոսկվայի Հայկական կոմիտեի նախագահ Ստ. Մամիկոնյանը, որ և պատասխանատու էր կառավարության առջև: Ժողովականներ էին, ի միջի այլոց, Պետրոգրադի Հայկական կոմիտեն իր ամբողջ կազմով՝ պրոֆ. Ն. Ադոնց, պրոֆ. Վարդանյան, Ասրիբեգյան, Պետական դումայի անդամներ՝ Մ. Պապաջանյան, Մ. Աջեմյան, Մոսկվայի կոմիտեն նույնպես գրեթե ամբողջ կազմով՝ Ս. Մամիկոնյան, պրոֆ. Ճիվելեկյան, Իվ. Ամիրյան, Հ. Թադևոսյան և այլն, Ազգային բյուրոյից փոխնախագահ՝ Հ. Խունունց, Ն. Աղբալյան, Խ. Կարճիկյան, Ս. Վրացյան և ուրիշներ, Բարեգործական ընկերության նախագահ Ս. Հարությունյան, Վանից՝ Արամ Մանուկյան, Ա. Թերզիբաշյան, օսմանյան երեսփոխան Վահ. Փափազյան և շատ ուրիշներ: Ներկա էր և սոցիալ-դեմոկրատ, աղմկարար մի խմբով՝ Սարգիս Սրապիոնյան (Լուկաշին), Արտ. Կարինյան և այլն:

Ժողովը զբաղվեց գլխավորապես գաղթականական հարցերով, բայց գաղտնի հավաքությներում քննության առնվեցին և Հայկական հարցի հետ կապված քաղաքական խնդիրները:

Օրակարգը դեռ չսպառած՝ կառավարության կողմից անպաշտոն թելադրություն եկավ շուտով վերջ տալու խորհրդաժողովին:

Արտասահմանի հայության իղձերի թարգմանը և քաղաքական գործունեության կենտրոն շարունակում էր մնալ Պողոս Նուբարի պատվիրակությունը Փարիզում, որ գործում էր Ազգային պատվիրակության անունով: Նա ներկայացնում էր հայկական դատը պետությունների առջև և հենված Ամենայն Հայոց կաթողիկոսից ստացած լիազորության և համահայկական վստահության վրա՝ գործում էր ի նպաստ Հայաստանի ինքնավարության: Ինչպես Ազգային բյուրոն Կովկասում, Ազգ. պատվիրակությունը ևս արտասահմանում մեծ պետությունների պետական գործիչների ու կառավարություններից ստանում էր խոստումներ ու հավաստիացումներ, որ հայկական բաղձանքները լիովին կհոգացվեն դաշնակիցների հաղթությունից հետո:

Այս հավաստիացումնների հիման վրա էր, որ Ազգային պատվիրակությունը նախաձեռնեց, կովկասյան կամավորական շարժման հաշվեհարդարից հետո, Հայկական լեգեոնի կազմակերպումը դաշնակիցների արևելյան բանակում: Հայկական լեգեոնը, իր հեղինակների գաղափարով, պետք է ապագայում կազմեր ինքնավար կամ անկախ Հայաստանի բանակի կորիզը: Եվ ինչպես կամավորական խմբերը Կովկասում, հայկական լեգեոնը ևս Պաղեստինի ճակատի վրա և ապա Կիլիկիայում երևան բերեց մարտական ոգու հերոսական արտահայտություններ, մասնակցեց ճակատամարտերի, կատարեց պատասխանատու դերեր, շոշափելի կերպով նպաստեց դաշնակից բանակների զենքի հաջողության և արժանացավ անգլիական ու ֆրանսիական հրամանատարության բարձր գնահատության:

Այսպիսով, թե՛ Ռուսաստանում և թե՛ արտասահմանում հայ ժողովրդի բոլոր հույսերն ի դերև ելան: Խաբված ու լքված դաշնակիցներից ավերված ու ջարդված իր հայրենիքում, ծանրաբեռնված հարյուր հազարավոր գաղթականներով ու պատերազմի զոհերով, առանց հեռանկարի, հայ ժողովուրդը նմանը չտեսնված տագնապով ոտք կոխեց 1917 թվականը: Եվ ով գիտե ի՞նչ կլիներ վախճանը, եթե վրա չհասներ հրաշքը՝

1917 թվի փետրվարի 28-ին, անսպասելի կերպով, պայթեց Ռուսական մեծ հեղափոխությունը:

Կարդալ նաև՝

Էնվեր փաշային մահից փրկողը Սարիղամիշում օսմանյան հայ զինվոր էր. Թաներ Աքչամ