Չարյաց փոքրագույնն է համաձայնել ադրբեջանցիների ու վրացիների հետ և ընդունել թուրքական պայմանները

2148

Կարինից (Էրզրում) հետո արդեն ընկել էր Սարիղամիշը, երբ ՀՅԴ Արևելյան բյուրոյի նախաձեռնությամբ, ապրիլի 20-21-ին Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ խորհրդաժողով, որին մասնակցում էին հայ քաղաքական, կուսակցական, ռազմական ղեկավարները` գեներալներ Նազարբեկյանը, Սիլիկյանը և Անդրանիկը, դաշնակցական առաջնորդներ Արամը, Ահարոնյանը, Դրոն, Վրացյանը, Քաջազնունին, Խատիսյանը, ժողովրդական Պապաջանյանը, բոլշևիկ Պողոս Մակինցյանը, այլ գործիչներ:

Խորհրդակցությունում ընթերցվեց դաշնակցական Կարճիկյանի նամակը, որում ընդգծվում էր, որ հայ ժողովուրդը չպիտի երես թեքի Ռուսաստանից, նա է հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը: Հայ քաղաքական գրեթե բոլոր ուժերը, չընդունելով հանդերձ Խորհրդային Ռուսաստանի տնտեսական-քաղաքական համակարգը, ռուսամետ կողմնորոշում ունեին: Արևելահայությունը, գրում է սպեցի‎ֆ‎իկ մտավորական Դավիթ Անանունը, մեծ ձգտում ուներ բռնել ռուսական փեշից, ՙբայց այդ փեշը, հակառակ հայության բուռն փափագին` ինքը դուրս սողաց նրա ձեռքից՚:

Քաջազնունին ներկայացրեց վիճակը և փորձեց համոզել, որ ստեղծված պայմաններում չարյաց փոքրագույնն է համաձայնել ադրբեջանցիների ու վրացիների հետ և ընդունել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանները, այլապես կքայքայվի Անդրկովկասյան խախուտ դաշնությունը, և հայ ժողովուրդը կհայտնվի թուրքերի դեմ մեն-մենակ: Սակայն ընդհանուր կարծիքն այն էր, որ պետք է մերժել թուրքերի պայմանները և շարունակել պատերազմը: Թուրքական պայմաններն ընդունելու կողմնակիցները փոքրամասնություն էին` Քաջազնունի, Պապաջանյան, սոցիալ-դեմոկրատ Ղազար Տեր-Ղազարյան և մի քանի ուրիշներ:

1918թ. ապրիլի 22-ին մենշևիկները, Սեյմի մահմեդական խմբակցությունների աջակցությամբ, առաջարկեցին հիմնադրել անկախ Անդրկովկասյան Ժողովրդական Դաշնակցային Հանրապետություն: Մեկ անգամ ևս հայերը կանգնեցին մղձավանջային ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև: Զինվորական կորպուսը դեռեւս պահում էր Կարսի ամրոցը, և նախատեսվում էր , թե կարող է առնվազն երկու ամիս դիմադրել թուրքական հարձակումներին: Բայց և այնպես, եթե հայերը մերժեին վրաց-մահմեդական համատեղ մարտավարությունը Սեյմում, ապա պայքարը պետք է շարունակեին միայնակ: Հուսահատ, ընկճված հայ պատգամավորները դառնությամբ հավանություն տվեցին Անդրկովկասի անկախությանը:

Նկարագրում է Վրացյանը. ՙՄեռելատան էր նմանվում այդ օրը Սեյմի դահլիճը: Միայն հայերը չէին սգավոր: Վրացիներն էլ լավ չէին զգում իրենց: Տոնական տրամադրություն ունեին միայն վրացի ազգայնականները, բայց, մանավանդ, թուրքերը (թաթարներ): (Մամեդ Էմին) Ռասուլզադեն ցնծում էր: Մուսավաթական խմբակցությունը իրեն զգում էր նոր փեսայի դերում: Իրական սգի մեջ էին հայերը: Սիրտ չկար խոսելու: Ի՞նչ խոսել. բոլոր խոսքերն արդեն ասված էին: Նրանց ապրումներն արտահայտեց Քաջազնունին: Հուզված, մազերը ցրիվ, բարձրացավ ամբիոն ու կարդաց. ՙՊարոնայք, Սեյմի անդամներ: Դաշնակցություն խմբակցությունը, շատ պարզ գիտակցելով այն մեծ պատասխանատվությունը, որ առնում է իր վրա այս պատմական վայրկյանին, միանում է ինքնուրույն Անդրկովկասյան պետության հայտարարությանը՚:

Չխենկելին պետք է ձևավորեր Կոմիսարիատին փոխարինելիք անդրկովկասյան անկախ նոր կառավարությունը, սակայն դեռ վարչապետի պաշտոնում չհաստատված և առանց Սեյմի կամ իր կառավարությանը մաս կազմելուն հավանություն տված հայ գործիչների, Հայկական կորպուսին հրամայեց հանձնել Կարսը:

Հազարավոր հայեր խուճապահար փախչում էին դեպի Երևանի նահանգ: Կարսից հեռացավ մոտ 20 հազար մարդ` նախօրոք այրելով քաղաքի լավագույն շենքերը: Ապրիլի 25-ին օսմանյան երրորդ բանակը առանց կռվի մտավ հայկական բերդաքաղաքը: Սակայն հակառակ պայմանավորվածության, թուրքական զորքերը կանգ չառան, իսկ հայկական ուժերը կռվով նահանջեցին մինչև Ալեքսանդրապոլ: Ապրիլի 28-ին հայկական բանակը անցավ Ախուրյանի ձախ ափը` պայթեցնելով աջ ափի ամրությունները:

Ապրիլի 26-ին Սեյմը հաստատել էր կառավարության կազմը` Չխենկելու գլխավորությամբ: Հենց նա էլ Բաթումում շարունակեց Տրապիզոնում ընդհատված բանակցությունները թուրքերի հետ: Նրա կառավարությունն արդեն պատրաստ էր ընդունել Բրեստ-Լիտովսկի պայմանագրի բոլոր կետերը: Մայիսի 11-ին, խորհրդաժողովի բացման օրը, Խալիլ բեյն ասաց, որ դա արդեն իրենց չի բավարարում, քանի որ Տրապիզոնի խորհրդաժողովից հետո արյուն է թափվել. թուրքերը պահանջում էին նաև Ախալցխայի և Ախալքալաքի գավառները, Երևանի նահանգի արևմտյան մասը, ներառյալ Արաքս գետի հովիտը և երկաթուղին: Առանց ժամանակ տալու, թուրքական զորքերը ներխուժեցին Երևանի նահանգ` մայիսի 15-ին գրավելով Ալեքսանդրապոլը: Հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում թուրքական զորքերը և մահմեդական խմբերը համարյա շրջապատել էին Երևանը:

Խատիսյանը գրում է. ՙԳաղթականների տարերային հոսքը դեպի Երևան, մթերքների պակասը, պատերազմական գործողությունները և համաճարակն այնպիսի ծանր կացություն էին ստեղծել հայկական գավառներում, որ անհրաժեշտ էր փութացնել հաշտության կնքումը: Խորհրդաժողովը պիտի տեղի ունենար Բաթումում: Նորից սկսեցինք կազմել պատվիրակություն, որի գլուխ անցավ դարձյալ Չխենկելին, հայերից անդամներն էին Քաջազնունին և ես: Մեր առաքելությունն այս անգամ մեզ շատ դյուրին կթվար: Մտածում էինք, թե պետք է միայն գնալ և ստորագրել Բրեստ-Լիտովսկի պայմանավորվածություններով մի դաշնագիր՚:

Հայկական պատվիրակությունը Բաթումում միայնակ էր մնացել, ավելին` թաթարները պաշտպանում էին թուրքերին: ՙԵրբ մենք թուրքերից պահանջում էինք մեզ թողնել Ալեքսանդրապոլի գավառի հայկական մասերը, թաթարները պնդում էին, թե Հայաստանի մայրաքաղաքը պետք է լինի Վաղարշապատ գյուղը` պահանջելով Երևանը կցել Ադրբեջանին: Ուսուպբեկովը և Խան Խոյսկին պնդում էին, թե Երևանը թաթարական քաղաք է, ուստի մահմեդականները չեն ների, եթե Երևանը զիջեն հայերին՚,- գրում է Խատիսյանը:

Հայաստանի անկախության հարցում ընդհանուր դիրքորոշում չկար նաև Օսմանյան կայսրության ղեկավար շրջանակներում: Նախքան Բաթումի խորհրդաժողովը կայսրության ղեկավարներից Թալեաթ փաշան Խալիլին զգուշացնում էր, որ ուժեղ հայկական պետության ստեղծումը անընդունելի է: Թալեաթի պատկերացումով` թույլ Հայաստանի և թույլ Վրաստանի անկախությունը ընդունելի տարբերակ էր: Էնվեր փաշայի համար ընդունելի տարբերակը Հայաստանի ոչնչացումն էր:

Բաթումի բանակցությունների նախօրեին Խալիլը հեռագրեց Էնվերին` նշելով, որ Կովկասի բռնակցումը չի բխում կայսրության շահերից: Խալիլի կարծիքով` Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև բու‎‎ֆերային պետությունների  ստեղծումը ավելի շահեկան է:

Սակայն երբ թուրքական բանակները անցան Ախուրյանը, հայերի հանդեպ Էնվերի դիրքորոշումը առավել կոշտացավ: 1918թ. մայիսի 27-ին Էնվերը Վեհիբ փաշային հղած ցուցումներում զգուշացնում էր, որ անկախ պետություն ունենալու դեպքում հայերը արտասահմանից կհավաքվեն Հայաստանում և այդ դեպքում` Հայաստանը Օսմանյան կայսրության նկատմամբ Ռուսաստանից էլ ավելի վատ թշնամի կլինի: Հետևաբար, Էնվերի համոզումով` հայկական հողերը պետք է բաժանվեին Վրաստանի և Ադրբեջանի միջև: Էնվերին հղած պատասխանում Վեհիբը շեշտում էր, որ այս ճանապարհով հնարավոր չի լինի ամբողջությամբ վերացնել հայերին:

Ինչպես Խալիլը, Թալեաթը ևս պաշտպանում էր տարածքով փոքր Հայաստանի ստեղծումը, այսպես` արտաքին աշխարհի համար տպավորություն ստեղծելով, որ թուրքերը հայկական հարցի նկատմամբ ունեն խաղաղասեր դիրքորոշում, ի տարբերություն Էնվերի, ով կարծում էր, որ ՙՌուսական Հայաստանի լիկվիդացիան լավագույն լուծումը կարող է լինել՚:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից