Վարչապետ Խատիսյանի առաջին և վերջին այցը Հայաստանին միացված Նախիջևան. 1919-ի մայիս

4527
Հատված Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունից:
ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն 2018-ին վերահրատարակել է Հայաստանում: Այս հրապարակումներում վերնագրերը դնում է ԱՆԻ կենտրոնը։

_______________________________

Քարտուղարը գնաց և հայտնեց նրան հետևյալը. «Հայաստանի Հանրապետության վարչապետ պր. Խատիսյանը և անգլիական զորավար Դեյվին Ձեզ խնդրում են բարի լինել և բարձրանալ վագոնը»:

Այս առաջարկին Քելբալի խանը պատասխանեց. «Ես կմտնեմ վագոն, բայց ոչ թե վարչապետ պր. Խատիսյանի հրավերով, այլ տեղի տալով անգլիական հրամանատարության զինվորական ուժի առաջ»:

Եվ ներս մտավ: Զորավար Դեյվին նրան բացատրեց, որ Նախիջևանի շրջանը, համաձայն մեծ պետությունների որոշման, կկցվի Հայաստանի Հանրապետությանը և այդ որոշման վրա ինքը իշխանությունը հանձնում է Հայաստանի Հանրապետությանը: Խան Նախիջևանսկին այդ առիթով Նախիջևանի բնակչության կողմից բողոքեց, ասելով, որ ժողովուրդը հակառակ է Հայաստանի կցմանը, բայց քանի որ մեծ պետությունների որոշումն է դա, այլ բան չի մնա իրենց, քան ենթարկվել՝ խոստանալով օրինապահ ընթացք:

Այս պաշտոնական խոսքերի փոխանակությունից հետո ընդհանուր խոսակցություն սկսվեց, որի ավարտին Նախիջևանսկին ցերեկվա ժամը 3-ին բոլորիս հրավիրեց իր տուն ճաշի: Մենք ընդունեցինք հրավերը, իսկ մինչ այդ որոշեցինք տեսակցել տեղի բնակչության երևելիների հետ և այցելել անգլիական զորամասեր: Մեքենա նստեցինք ե և զորավար Դեյվին միայն. խան Նախիջևանսկին ցանկություն հայտնեց ուղեկցել մեզ՝ նստելով վարորդի կողքին:

Անգլիական զորամասերը մեզ և հայկական դրոշին զինվորական բարևներ տվեցին:

Նախիջևանի գավառային վարչության շենքում հավաքվել էին մահմեդական երևելիները, որոնց հետ մոտ մեկ ժամ զրուցեցինք: Խոսում էին գլխավորապես մի գյուղատնտես՝ Սուլթանով ազգանունով, նախկին դատական պաշտոնյա Քենգերլինսկին և մի քանի մուֆթիներ:

Նրանց հայտնած գլխավոր մտքերը երեք պահանջներ էին արտահայտում: Առաջին՝ ուզում էին, որ քաղաքացիական նահանգապետից զատ, որ ես բերել էի իմ հետ, մնացած բոլոր պաշտոնյաները տեղի մահմեդականներ լինեին, երկրորդ՝ պետք չէ հայկական զորամասեր մտնեն Նախիջևան, երրորդ՝ հայ փախստականները պետք չէ վերադառնան Նախիջևան՝ իրենց լքած տները:

Առաջին հարցի առիթով ես հայտնեցի, որ պաշտոնեությունը կլինի խառը, իսկ նահանգապետի օգնականը կլինի մահմեդական: Երկրորդ հարցի վերաբեյալ ասացի, որ հայկական զորքերը պետք է մնան՝ կարգը պահպանելու համար: Իսկ երրորդի մասին հայտարարեցի, որ տեղի մահմեդականները պարտավոր են բարեկամաբար ընդունել հայերին, որոնք վերջին տարիների դեպքերի առիթով հարկադրված էին լքել իրենց տունն ու տեղը և փախչել այս գավառից: Միաժամանակ ասացի նրանց, որ եկել է ժամանակը, որ խաղաղ բանակցություններ հաստատվեն երկու դրացի ժողովրդների միջև:

Իմ պատասխանները, ըստ երևույթին, գոհացում չտվեցին մահմեդական երևելիներին, որոնք սկսեցին բարձրացնել իրենց ձայնը  և նույնիսկ բացականչել, թե անգլիացիները խաբել են իրենց, քանի որ խոստացել էին, որ հայերը պետք է տան միայն մեկ նահանգապետ, իսկ ամեն ինչ պիտի մնա նախկին ձևով:

Զորավար Դեյվին վրդովվեց և սկսեց վճռականորեն պահանջել, որ ենթարկվեն անգլիական իշխանության հրամանին: Ամբոխը սկսեց նկատելիորեն հուզվել և աղմկել: Դուրս եկավ մի մոլլա, որ մեզ հետ խոսել էր և կրակոտ ճառով սկսեց գրգռել ամբոխին: Ամբոխը սկսեց աղաղակել. «Չենք ուզում հայկական իշխանություն, չենք ուզում հայկական զորքեր»:

Բավական փափուկ կացություն ստեղծվեց, և ես ստիպված եղա դիմել ամբոխին ճառով՝ շեշտելով մեր գալու խաղաղ նպատակը, ինչպես նաև մեր անվերադարձ որոշումը ճանաչել տալու հայկական իշխանությունը: Ինձանից հետո խոսեց զորավար Դեյվին նույն ոգով: Իսկ հետո նաև խան Նախիջևանսկին հայտնեց ամբոխին, որ ինքը խնդրում է մեզ հավատալ ինչպես «հյուրերի» և վստահել երկրի իրավունքների և շահերի պաշտպանությունը ժողովրդի ներկայացուցիչներին:

Այս ճառից ամբոխը հանգստացավ և կամաց-կամաց սկսեց ցրվել: Հստակ էր, որ նախապես պատրաստված ցույցի հետ գործ ունենք: Սրանից հետո մենք մի որոշ ժամանակ էլ խոսեցինք երևելիների հետ, որոնք մեզ խոստացան ժողովրդին պահել հանգիստ, և հեռացանք:

Գնացինք ճաշի խան նախիջևանսկու մոտ: Քաղաքը դեռևս կրում էր ռմբակոծության հետքեր, որին ենթարկվել էր Անդրանիկի զորամասերի կողմից: Խան Նախիջևանսկու տան վրա ևս կային հայկական ռմբերի հետքեր: Ճաշը խաղաղ անցավ: Բացի մեր խմբից ներկա էին Նախիջևանի բոլոր խաները և բոլոր անգլիական սպաները: Ճաշի ընթացքում արտասանվեցին ճառեր խաղաղ կենակցության և գործակցության մասին: Ճաշից հետո վերադարձանք կայարան, որտեղ արդեն խաղաղ տրամադրություն էր տիրում: