Թուրքական տիրապետության դեմ պայքարը հանգեց թուրքահայ ժողովրդի բնաջնջման. ՀՀ հիմնադիր վարչապետ Քաջազնունի

2205

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ 1923թ. ապրիլին Հ. Յ. Դաշնակցության արտասահմանյան մարմինների խորհրդաժողովին ներկայացրած զեկուցագրից

1915 թվականի ամռանն ու աշնանը տեղի ունեցան թրքահայերի բռնի տեղահանությունը, զանգվածային աքսորներն ու ջարդերը – մահացու հարված հայ քաղաքական դաշտի համար:

Պատմական Հայաստանի մի կեսը – այն կեսը, ուր՝ 80-ական թվականներից ժառանգած ավանդություններով ու եվրոպական դիվանագիտության որդեգրած ընթացքով՝ մեր անկախության հիմքը պիտի գրվեր – այդ կեսը դատարկվել էր հայ ազգաբնակչությունից, հայկական վիլայեթները մնացել էին առանց հայության:

Թուրքերը գիտեին, թե ինչ են անում ու զղջալու պատճառ չունեն այսօր: Թուրքիայում հայկական խնդիրը արմատապես լուծելու համար սա ամենից կտրուկ և, ինչպես ցույց տվեց ապագան, ամենից նպատակահարմար միջոցն է եղել:

Եվ դարձյալ՝ պարապ բան կլիներ հարց դնել այսօր, թէ ո՞ր չափով անդրադարձել է մեր կամավորների մասնակցությունը պատերազմի մեջ՝ թուրքահայերի աղետալի վիճակի վրա:

Ոչ ոք չի կարող ասել, թե վայրագ հալածանքները տեղի չէին ունենա, եթե սահմանի այս կողմը մենք ուրիշ ընթացք բռնած լինեինք, ինչպես դրան հակառակ, ոչ ոք չի կարող ասել, թե հալածանքները կունենային նույն բնույթն ու նույն ծավալը, եթե նույնիսկ ցուցադրած չլինեինք մեր թշնամությունը թուրքերի հանդեպ:

Սա մի խնդիր է, որի մասին կարելի է ունենալ շատ տարբեր կարծիքներ:

Փաստը այն է սակայն, ու սա է էականը, որ թուրքական տիրապետության դեմ տասնյակ տարիներ առաջ սկսած պայքարը հանգեց թուրքահայ ժողովրդի տարագրության կամ բնաջնջման և Թուրքահայաստանի ամայացման:

Այս էր ահռելի իրականությունը:

Թո՛ղ այնուհետև ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը ցնցվեր զայրույթից անորակելի ոճիրի առաջ:

Թո՛ղ պարլամենտների մեջ ու հրապարակային ժողովներում պետական մարդիկ սպառնական խոսքեր արտասանեին մարդասպան թուրքերի դեմ:

Թո՛ղ «կապույտ», «դեղին», «նարնջի» ու անեն ուրիշ գույնի գրքեր, ամբաստանող թղթեր հրապարակեին:

Թո՛ղ եկեղեցիներում ամեն դավանանքի քահանաներ երկնային բարկություն ու աստվածային պատիժ կանչեին չարագործների գլխին:

Թո՛ղ համաշխարհային մամուլը լցներ իր էջերը սարսափեցուցիչ նկարագրություններով ու ականատեսների վկայություններով…

Թո՛ղ…

Գործը կատարված էր արդեն և խոսքերը չէին, որ կենդանություն պիտի տային արաբական անապատներում ընկած դիակներին, վերաշինեին ավերված օջախները ու շենացնեին ամայացած երկիրը:

Թուրքերը գիտեին իրենց անելիքն ու արեցին:

Ավելին՝ կարդալ այս գրքում, որը հասանելի է Երևանի հետևյալ գրախանութներում՝ Էպիգրաֆ, Արթբրիջ, Նոյյան Տապան, Զանգակ, Բուկինիստ: