Դուռը փակեք, մնում ենք բանտում. 22-23 ապրիլի, 2018թ

4085
Karen Karapetyan, Nikol Pashinyan

Հանրային հեռուստաընկերությունը ֆիլմ է պատրաստել Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնյաներ պատմում են նաև Սերժ Սարգսյանի հրաժարականին նախորդած հանդիպումների ու խոսակցությունների մասին։

Նիկոլ Փաշինյան –  Երբ որ Սերժ Սարգսյանը դուրս եկավ [ապրիլի 22-ին Մարիոթ հյուրանոցում] հանդիպումից, և ես հայտարարություն արեցի ու դուրս եկա, մեր կողմնակիցները, թիմակիցները այնտեղ էին։ Ու ես բոլորի դեմքերին լարվածություն տեսա, շատ մեծ լարվածություն կար։ Ես բոլորին էդ էի ասում՝ չե՞ք հասկանում՝ ամեն ինչ ավարտված է, չի կարող որևէ փոփոխություն լինել։

Երբ հասանք Հյուսիսային ավտոկայանին, շատ մեծ երթ էր մտնում Երևան, ու ես մի պահ հասցրի ապակին իջեցնել ու գոռացի մարդկանց, որ իրենք տեսնեն, որովեհտև եթե իրենք լսեին, կարող էին միանգամից փակել։ Բայց չհաջողվեց, արագ ապակին բարձրացրին։ Ու հետո գնացինք Սևանի ոստիկանություն։ Ճիշտն ասած՝ շատ հոգնած էի, բնականաբար, ևինչպես հետագայում պարզվեց, ջերմություն էլ ունեի։ Հետո, մի քանի ժամ ինչ-որ ձևակարերպումներ անելուց հետո, ինձ տարան խուց։ Ջերմաչափ ուզեցի, ջերմությունս չափեցի, տեսա, որ ջերմություն ունեմ, բայց շատ բարձր չէր՝ 37,8։ Իքս պահի ինձ արթնացրին, ասացին, որ հեռախոս ենք բերել, որ տեղյակ պահեք սահմանված կարգով ձեր գտնվելու մասին։ Ճիշտն ասած՝ զարմացա։ Զանգեցի Աննային, նախ հետաքրքրվեցի՝ ի՞նչ կա, ասաց, որ շատ մեծ հանրահավաք է եղել, այսինքն՝ պրոցեսը չի կանգնել։ Հանրահավաք է եղել, երևի աննախադեպ բազմամարդությամբ։

Տե՛ս նաև՝ Մեկ տարի անց․ բացառիկ հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Մեկ էլ ուղեկցեցին մի տեղ՝ բակ, որտեղ երևի մի երեսուն հոգի դիմակավորված ոստիկաններ էին կանգնած՝ Հատուկ նշանակության ջոկատը։ Հասկացա՝ ինչ է կատարվում, ինձ թույլ տվեցին, որ ասեմ, որ Սևանում եմ ու հենց տեղում տարան ուրիշ տեղ։ Ինձ բերեցին ձերբակալվածների պահման վայր, որից հետո եկավ [ԱԺ նախագահ] Արա Բաբլոյանը։ Իր ասածն այն էր, որ «դե, փորձենք ինչ-որ երկխոսություն և այլն»։ Ես ասացի՝ կարճ ասած՝ «ձև չկա»։ Խուց մտավ Հրանտ Մարգարյանը՝ Դաշնակցության բյուրոի ներկայացուցիչ։ Հրանտ Մարգարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հայտարարել այսօր, որ հոկտեմբերին հրաժարական կտա։ Ինչու հոկտեմբերին․ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինի, նոր։ Եվ դրանից հետո եկավ Կարեն Կարապետյանը։ Կարեն Կարապետյանը առաջարկում էր, որ ինքը ինձ հետ գա Հանրապետության հրապարակ։ Այսինքն՝ գա հրապարակ և ինձ հետ բարձրանա հարթակ։ Ես ասում էի՝ բայց ո՞նց տենց, ո՞նց եք դա պատկերացնում։ Ասենք էդ սցենարը գնաց, դու ո՞նց ես պատկերացնում՝ մարդիկ ի՞նչ կմտածեն հետո։ Մարդիկ կասեին, որ էս ամբողջ պատմությունը նրա համար էր, որ Սերժ Սարգսյանին․․․ այսինքն ներիշխանական ինտրիգ էր, որ Սերժ Սարգսյանին փոխարինեն Կարեն Կարապետյանով։

Այդ թեման ինձ մոտ եղել է՝ ես արդյոք պիտի լինեմ վարչապետի թեկնածու, թե ոչ։ Եվ, թերևս, վճռական գործոնը, հենց սա է եղել։

Արարատ Միրզոյան – Առավոտյան նորից դուռը բացվեց, և կարգադրեցին խցակցիս դուրս գալ, և ներս մտավ Կարեն Կարապետյանը։ Կարեն Կարապետյանն ասաց․ «Իսկ դու հավատո՞ւմ ես, որ ես Հայաստանի լավն եմ ուզում»։ Ասացի՝ իհարկե, և անկեղծորեն, էդպես եմ կարծում։ Ասաց՝ էդ դեպքում գնանք միասին բանակցենք, հետո Սասուն Միքայելյանին էլ բերեցին։ Եվ Նիկոլ Փաշինյանը, Կարեն Կարապետյանը, ես և Սասուն Միքայելյանը սկսեցինք արդեն քննարկել, այսպես ասած, հրաժարականի պայմանները։

Նիկոլ Փաշինյան – Գնաց, զանգեց եկավ ու ասաց՝ հունիսին [Սերժ Սարգսյանի հրաժարականը]։ Ես ասացի՝ չէ, հնարավոր չի էդպիսի բան։ Եվ, էնտեղ չեմ հիշում՝ ինչպես եղավ, ես ասացի՝ ինձ մի հատ զանգի հնարավորություն տվեք։ Աննային զանգեցի։ Ասաց՝ էս պահին Արշակունյաց պողոտայով երթ ա, և առջևից քայլում են զինվորականներ։ Եվ ես ասացի, որ էսօր պետք է հրաժարական տա Սերժ Սարգսյանը, ուրիշ տարբերակ չկա։

Արարատ Միրզոյան – Եվ վերջին առաջարկը եղավ,  որ արդեն ապրիլի 23-ի երեկոն։ Մենք նորից քննարկեցինք, և դա էլ մերժեցինք։ Ես նույնիսկ կատակեցի, ասեցի՝ «փակե՛ք դուռը, պարոն Կարապետյան, մենք բանտում ենք մնում», իսկ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ մեկ-երկու ժամ կտա։

Նիկոլ Փաշինյան – [Կարեն Կարապետյանը] Գնաց զանգեց, եկավ, ասաց՝ շատ լավ, էսօր հրաժարական կտա։

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումը, 23 Ապրիլ, 2019թ

ԴՈւՌԸ ՓԱԿԵՔ, ՄՆՈւՄ ԵՆՔ ԲԱՆՏՈւՄ
կամ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ

Գուցե տարօրինակ հնչի, բայց ողջ Շարժման ամենահանգիստ կամ երևի ավելի ճիշտ միակ հանգիստ օրն իմ համար Էրեբունիում Ձերբակալվածների Պահման Վայրում գտնված ընթացքն էր։

Երբ ապրիլի 22-ի երեկոյան Շենգավիթից ինձ ու Սասունին բերեցին այստեղ, մի անասելի հանգստություն իջավ վրաս։ Բոլոր զգայարաններս անջատվել էին կարծես։ Մեզնից վերցրեցին գոտիներս և կոշիկներիս կապիչները, մնացածը Շենգավիթում ՀՔԾ քննիչներն էին վերցրել։ Խնդրեցի մի կապիչը երկու կես անել, որ գոնե փոքրիկ կապ կարողանամ անել վերևի անցքերով, որ կարողանամ քայլել։ Համաձայնեցին։

Տարան տարբեր խցեր։ Արդեն հետո պիտի իմանայինք, որ նույն վայրում են Ավինյանը, Արմեն Գրիգորյանը, մյուս ընկերներից շատերը։

Պառկեցի։ Երբեմն-երբեմն ջեռուցման խողովակով որոշակի տակտով հարվածներ էին լսվում։ Դժվար էր շփոթել տակտը՝ քայլ արա մերժիր սերժին։ Նույնն էինք պատասխանում։

Չգիտեմ, թե ինչքան անցավ, բայց դուռը բացվեց, և խցիս մյուս տղային կարգադրեցին դուրս գալ, ինչից հետո մի բարձրաստիճան պաշտոնյա ներս մտավ։ Հետագա ժամերի ընթացքում սա կրկնվեց նորից ու նորից ու նորից ու նորից։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ գալիս էին տեսակցելու և բանակցելու։ Բոլորին ասում էի՝ գնացեք Սերժին ասեք թող հրաժարական տա՝ ձեզ էլ, երկիրն էլ իր հետ անդունդն է տանում, դրանից հետո կգաք կբանակցենք։

ՄԻՊ Արման Թաթոյանի այցից հետո ինձ մի ռադիոընդունիչ բերեցին։ Վերջապես տեղեկություն ստացա, թե ինչ է կատարվում դրսում։ Նիկոլի տեղն առաջվա պես անհայտ էր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հետ մի քանի տոպրակ սնունդ էր բերել։ Հսկիչներին խնդրեցի մաս-մաս անել և բաժանել բոլոր ձերբակալվածներին։

Առավոտյան նույնը։ Շըխկ-շըխկ, ճըռռ, բարև ձեզ, տղա ջան դու դուրս արի։ Քիչ անց ներս մտավ Կարեն Կարապետյանը։ Երկուսս էլ վառեցինք սիգարետները։ Նույն մեսիջները երկու կողմից։ Խոսակցությունն էլի փակուղի մտավ։

– Հավատում ե՞ս, որ ես Հայաստանի լավն եմ ուզում,- ասեց։

– Իհարկե,- պատասխանեցի։ Չէի խաբում։

– Դե գնանք բոլորով միասին խոսենք։

Ուղեկցեցին մի այլ խուց։ Նիկոլն էր նստած։ Փաթաթվեցինք, իրար որպիսություն հարցրեցինք։ Պատմեց, որ տարել են Սևան ու անմիջապես հետ բերել Երևան։ Սասունին էլ բերեցին։ Կարեն Կարապետյանը կարգադրեց մեզ սուրճ տալ։

Հասկացա, որ ողջ ընթացքում բանակցել են երեքիս հետ էլ առանձին-առանձին, փորձել են թույլ տեղ գտնել։ Երեքս էլ բոլորին նույնն ենք ասել՝ միայն հրաժարական։ Նիկոլն էլ վերջում ասել էր, որ մեզ էլ կանչեն, որ միասին պայմանները քննարկենք։

Փոխանցեց աշնանը Ֆրանկոֆոնիայից հետո հրաժարական տալու պատրաստակամությունը։ Բնականաբար ժպիտով մերժեցինք։ Գնաց, խոսեց, եկավ, կարծեմ ինչ-որ մայիսոտ-հունիսոտ մի օր առաջարկեց։ Ասեցինք՝ բացառվում է։ Գնաց, խոսեց, եկավ, առաջարկեց ապրիլի 25-ը։ Խնդրեցինք մենակ թողնել մեզ։ Խոսեցինք, միաձայն ու միակամ որոշեցինք, փոխանցեցինք՝ չէ։ Կատակեցի՝ մենք մնում ենք բանտում, դուռը փակեք։

Առաջարկեց նույն օրը՝ ապրիլի 23-ի ուշ երեկոն։ Ասեցինք՝ չէ։ Մեկ-երկու ժամվա մեջ,- ասեց Նիկոլը։ Կարեն Կարապետյանը գնաց, խոսեց, եկավ, ասեց՝ պայմանավորվեցինք, երկու ժամվա մեջ կլինի։

– Դե միասին գնանք Հրապարակ,- ասեց։ Նորից մենակ մնացինք։ Որոշեցինք մերժել։ Պայմանավորվեցինք իր հետ լուսանկարվել ելքի մոտ։ Գնացինք լվացվելու և հարդարվելու։ Դուրս եկանք։

Տիգրան Մեծ պողոտայի կեսերից ստիպված եղանք մեքենայից իջնել ու ոտքով շարունակել։ Մարդիկ մեզ գրկում, համբուրում, օդ էին թռցնում։ Համատարած ցնծություն էր։

Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել։ Անգամ մինչև հիմա։ Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ։