Մեղրիի շրջանի գյուղերը 1831 թվականին

9493

1831 թվականի տվյալներով՝ այսօրվա Սյունիքի մարզի Մեղրիի շրջանում եղել է 21 գյուղ, որոնցից 11-ը՝ հայաբնակ, 10-ը՝ բնակեցված մուսուլմաններով:

Շրջանի ամենամեծ բնակավայրը Նյուվադին էր, որն ուներ 291 հոգի բնակչություն, բոլորն էլ մուսուլման, բոլորն էլ՝ թաթ: Թաթերը պարսկալեզու ժողովուրդ են, որոնք այսօր բնակվում են Ադրբեջանում: Խորհրդային տարիներին Հայաստանի թաթաբնակ և քրդաբնակ բազմաթիվ գյուղեր մարդահամարների ընթացքում գրվեցին թուրք, հետո՝ ադրբեջանցի, կորցնելով նաև ինքնությունը: 1922 թվականին Խորհրդային Հայաստանում եղել է 16 պարսկական, այդ թվում՝ թաթական գյուղ, որոնք հետագայում դարձել են ադրբեջանական:

Երկրորդ ամենամեծ բնակավայրը Մեղրին է՝ 272 հոգի, բոլորը՝ հայեր, երրորդը՝ Ներքին Մալևը՝ 255 հոգի, բոլորը՝ հայեր: Ներքին Մալևը խորհրդային տարիներից դարձել է ամառանոց:

Ներկայացնում ենք Մեղրիի շրջանի բոլոր 21 գյուղերը՝ ըստ 1831 թվականի տվյալների՝ հինք ընդունելով Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” կոթողային աշխատությունը:

1. Նյուվադի, իսլամ,               291 հոգի

2. Մեղրի, հայ                          272 հոգի

3. Մալեվ Ներքին, հայ            255 հոգի

4. Կարճեվան, հայ                  154 հոգի

5. Շվանիձոր, հայ                    152 հոգի

6. Ալեդարա, իսլամ                 131 հոգի

7. Վանք, հայ                            54 հոգի

8. Մարզկիթ, իսլամ                 54 հոգի 

9. Գուդեմնիս, հայ                   48 հոգի

10. Վարդանիձոր, իսլամ         36 հոգի

11. Թեղուտ, իսլամ                  31 հոգի

12. Տաշտուն, հայ                     23 հոգի

13. Ագարակ, հայ                     22 հոգի

14. Կալեր, հայ                         21 հոգի

15. Թաղամիր, իսլամ              19 հոգի

16. Վահրավար, հայ                18 հոգի

17. Մարալզամի, իսլամ          18 հոգի

18. Լեհվազ, իսլամ                  15 հոգի

19. Կուրիս, հայ                        12 հոգի

20. Նոր Արեվիք, իսլամ           6 հոգի

21. Լիճքվազ, իսլամ                5 հոգի 

Այսպիսով, 1831-ին Մեղրիի այսօրվա շրջանում բնակվել է 1.637 հոգի, որից 1031-ը՝ հայ, 606-ը՝ իսլամ:

Մեղրին, նախքան Հայաստանի Հանրապետության, ապա Խորհրդային Հայաստանի մաս կազմելը, եղել է Սեֆյան Իրանի Նախիջևանի խանության կազմում:

Ռուս-պարսկական առաջին պատերազմի և 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով՝ Սյունիք-Զանգեզուրը անցել է Ռոմանովների Ռուսաստանի տիրապետության տակ, իսկ 1868-ից Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի մաս է կազմել։

1921 թվականին եղել է Խորհրդային Հայաստանի 9 գավառներից մեկի՝ Զանգեզուրի գավառամասերից: Զանգեզուրն ուներ 6 գավառամաս, որից մեկը՝ Մեղրին:

Մեղրու շրջանը 664 քառակուսի կիլոմետր տարածքով, ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին:

Ըստ 1971թ Հայկական ՍՍՀ վարչատարածքային բաժանման, Մեղրիի շրջանում կար 2 քաղաքատիպ ավան՝ Մեղրի և Ագարակ, ինչպես նաև՝ 8 գյուղական խորհուրդներ: Բնակավայրերի ընդհանուր թիվը 18 էր:

1980-ական թթ վերջերին շրջանն ունեցել է շուրջ 15 հազար բնակչություն:

2021 թվականին Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանը սահմանակից է.

արևելքում՝ Ադրբեջանի Զանգելանի (մինչև 2020թ նոյեմբերը Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսականի ենթաշրջան) շրջանին,

արևմուտքում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի (հայկական Գողթն գավառ, որը 1919-ին Հայաստանի Հանրապետության մաս էր կազմում) շրջանին,

հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը,

հյուսիսում՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի և Կապանի ենթաշրջաններին:

Մեղրիի շրջանը գտնվում է Հայաստանի ամենահարավում՝ ծովի մակարդակից 390 մետր բարձրության վրա գտնվող Մեղրու կիրճի և 3904 մետր բարձրության Կապուտջուղ լեռան միջև: Ունի լեռնային կտրտված մակերևույթ: Շրջանի զգալի մասը զբաղեցնում է Մեղրու կիրճը: Հյուսիսում և հյուսիս-արևելքում Մեղրու, արևմուտքում՝ Զանգեզուրի լեռնաշղթաներն են։ Կլիման չոր մերձարևադարձային է, բարձրադիր մասերում՝ ցուրտ լեռնային։ Շրջանի մի հատվածը անտառային ու ալպյան մարգագետնային լանդշաֆտներն են:

Մեղրու շրջանով հոսում են Արաքս (հոսում է հայ-իրանական սահմանով), Մեղրի, Տաշտուն, Կարճեւան, Մալև ու մի շարք այլ փոքր գետակներ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ Մեղրին 1903-ին

Դիտել նաև՝