Բնապահպանական շարժումից՝ Արցախ-88

6979

1980-ականների կեսերին խորհրդային տնտեսությունը մտնում էր խորը ճգնաժամի մեջ: Խանութներից վերանում էին առաջին անհրաժեշտության ապրանքները: Պետբյուջեի պակասորդը հասել էր ահավոր չափերի. օղու վաճառքը, որը մեծ եկամուտներ էր բերում, արգելվել էր: Նավթի համաշխարհային գների անկումը, ինչպես նաև Արևմուտքի ձգտումը` թուլացնել ԽՍՀՄ-ը, ևս առաջնային նշանակություն ունեցան կայսրության անսպասելիորեն արագ կործանման գործում:

Տնտեսական ճգնաժամի հետ խորհրդային ղեկավարությունը բախվեց մեկ այլ խնդրի, որը տասնամյակներ շարունակ այս կամ այն կերպ խեղդվել էր: Գորբաչովի վերակառուցումը և հրապարակայնությունը (Glasnost) հատկապես կայսրության փոքր ժողովուրդներին հնարավորություն էր տալիս խոսել ազգային հարցերից:

Ըստ էության, հենց վերակառուցումով ու հրապարակայնությամբ սկիզբ դրվեց Ղարաբաղյան պայքարի նոր փուլին: Շարժման գլխավոր ներշնչողներից ու ղեկավարներից էր երիտասարդ տնտեսագետ Իգոր Մուրադյանը: Նա արմատներով Ղարաբաղից էր, մեծացել էր Բաքվում, 80-ականների սկզբին հաստատվել Երևանում: Մուրադյանն աշխատում էր Հայաստանի պետպլանում, լավ կապեր ուներ Մոսկվայում հաստատված և կենտրոնական իշխանության մարմիններում աշխատող ղարաբաղցիների հետ:

Սկսվում է Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու ստորագրահավաքը: Շարժման մեջ ներգրավված մարդիկ ընդհուպ մինչև 1988թ. կեսերը ղարաբաղյան հարցի լուծումը տեսնում էին Խորհրդային Միության շրջանակներում: Շատ կարևոր էր, որ շարժումը չընկալվեր հակախորհրդային, ավելին` շարժման ղեկավարությունն ամեն առիթով փորձում էր մոսկովյան ատյաններում ղարաբաղցիների պայքարը դնել վերակառուցման և հրապարակայնության լույսի ներքո, դրան տալ օրինական տեսք:

Թեև շարժման կենտրոնում Մուրադյանն էր, սակայն ժամանակի ընթացքում այլ անհատներ ևս սկսեցին ներգրավվել Ղարաբաղը Հայաստանին միավորելու երանելի գործում: Առաջին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Մանվել Սարգսյանը հիշում է. «1987-ից Ղարաբաղում տարբեր անձինք, խմբեր Իգորից առանձին աշխատել են: Օգոստոսին Ղարաբաղի ակտիվիստները և Իգորն իր խմբով միացել են, այդ ժամանակ ակտիվիստների իրական շրջանակ է ստեղծվել: Ես ու Իգորը Հայաստանում էինք, Ղարաբաղում շատ հստակ աշխատում էին Արթուր Մկրտչյանը, Էմիլ Աբրահամյանը` Հադրութում, Արկադի Կարապետյանը` Ստեփանակերտում, Վլադիմիր Պողոսյանը` Մարտունիում, Սլավիկ Առուշանյանը` Ասկերանում, Վիգեն Շիրինյանը` Մարտակերտում»:

Իգոր Մուրադյանը հավելում է մի քանի անհատների ևս, ովքեր պատասխանատու էին շարժման ծավալման համար. «Սլավիկ Միրզոյանը` Ասկերանում, Գրիգոր Ուլուբաբյանը, Կամո Սաֆարյանը և Լորենց Հարությունյանը` Մարտունիում, Վիգեն Գրիգորյանը` Հադրութում, Ստեփանակերտում և ողջ Լեռնային Ղարաբաղում շարժման կազմակերպման մեջ առանձնահատուկ դեր էր խաղում կոմերիտմիության մարզային կոմիտեի հրահանգիչ Արկադի Կարապետյանը: Շուտով նա դարձավ Ղարաբաղում շատ թե քիչ կարևոր բոլոր գործողությունների համադրողը: Ղարաբաղի կուսակցական ապարատից շարժման ղեկավարներին առանձնահատուկ օգնություն են ցույց տվել շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը և ագրոարդի նախագահ Հենրիխ Պողոսյանը»:

Խորհրդային Միությունում և նրա սահմաններից դուրս հայտնի այլախոհ Պարույր Հայրիկյանը և  նրա համակիրները` ի տարբերություն Իգոր Մուրադյանի, շարժման այլ առաջնորդների, անհավանական էին համարում ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծումը, քանի դեռ Հայաստանն անկախ չէ:

1987թ. հոկտեմբերի 24-ից Երևանում սկսում է լույս տեսնել «Անկախություն» շաբաթաթերթը, որը տարածում էր անկախության գաղափարը: Մինչեւ 1988թ. փետրվարի վերջերի ցույցերը շատ քչերի մտքով էր անցնում, որ Հայաստանը կարող է անկախանալ Խորհրդային Միությունից: Գարնանը, երբ Երևանում վերսկսվեցին հանրահավաքները, Հայրիկյանի կողմնակիցները Մովսես Գորգիսյանի գլխավորությամբ առաջ էին քաշում անկախության գաղափարը:

«Արցախյան շեշտադրմամբ այդ շարժումը Մոսկվան հատուկ խրախուսեց այն բանի համար, որ մենք անկախությունից հեռանանք: 1987թ. ավարտվեց իմ կալանքի ժամկետը, ես վերադարձա Հայաստան»,- ասում է Հայրիկյանը:

Սակայն անկախության գաղափարը, որը քարոզում էին Հայրիկյանն ու նրա համախոհները, այդ օրերին հայաստանցիների բացարձակ մեծամասնության համար անհասկանալի և անընդունելի էր: Համենայնդեպս, այդպես էր ոչ միայն 1988-ին, այլև մինչև 1989-ի գարունը:

Իգոր Մուրադյանը նշում է, որ 1986-87թթ. տարբեր հայացքների տեր հայ այլախոհներն ազատության մեջ էին, սակայն նրանց մեծամասնությունը չկամեցավ մասնակցել շարժմանը.  «Նրանց տարբեր արտահայտություններից կարելի է ենթադրել, որ նրանք շարժումը համարում էին ՊԱԿ-ի կողմից հրահրված, իսկ մասնակցությունը` անիմաստ: Բացառություն էր միայն Հովիկ Վասիլյանի «Հայ դատ» անվանվող խումբը»:

1987թ. օգոստոսից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում նախապատրաստվում է ղարաբաղցիների պատվիրակության մոսկովյան այցը, որը ղեկավարում էր Մուրադյանը: Մոսկվա մեկնողները ԽՍՀՄ ղեկավարությանն էին հանձնում կազմակերպված և փաստացի տեղի ունեցած հանրաքվեի ստորագրահավաքի արդյունքները՝ տասնյակ հազարավոր ստորագրություններ։

Նկարիչ Էմիլ Աբրահամյանն Արթուր Մկրտչյանի և մյուս հադրութցիների հետ տեղում կազմակերպում էր ստորագրահավաքն ու պայքարի մյուս միջոցառումները: Նա ղարաբաղյան պատվիրակությունների մոսկովյան այցերը համարում է պայքարի բացահայտ առաջին լուրջ քայլը. «Սրա կարևորությունը հետևյալն էր. ժողովուրդը հասկանար, որ կատարվել է մի քայլ, որի մեջ անմիջականորեն ինքն է ընդգրկված: Ղարաբաղում շարժման գործողությունների հարցում կար մտավախություն, ավելի շատ` իշխանական շրջանակներում: Դա նաև նպատակ էր հետապնդում, որ ովքեր չեն ստորագրել, զղջան, իսկ ովքեր ներգրավված էին այդ գործում` հասկանային, որ իրենց ձայնն արդեն տեղ է հասել»:

Պատվիրակությունում, որի կազմում Աբրահամյանն էր, ընդգրկված էր ինը մարդ Ղարաբաղի երեք շրջանից. «Պատվիրակությունը գլխավորում էր Մուրադյանը: Գերագույն խորհրդում մեզ չընդունեցին, բայց մեզ ընդունեց ԽՄԿԿ Կենտկոմի ազգությունների հարցերով ենթաբաժնից Վյաչեսլավ Միխայլովը: Նա մեզ շատ բաներ չխոստացավ, բայց խոստացավ, որ Ղարաբաղի հարցը կքննարկվի նոր լույսի տակ, կաշխատեն վիճակից դուրս գալու նոր ելքեր առաջարկել: Մեզ չասացին` դուք որևէ բան մի արեք, կամ այդ ամենն անիմաստ է: Ասացին, որ հասկանում են մեզ, այդ խնդրին կանդրադառնան: Բայց խոստումներ չկային»:

1987թ. հոկտեմբերի 18-ին Երևանում` Կենտկոմի շենքի մոտ, անցկացվում է ղարաբաղյան հարցով առաջին ցույցը` ի բողոք հայաբնակ Չարդախլու գյուղում շարունակվող ապօրինություների: Խաչիկ Ստամբոլցյանը, որը ներգրավված էր բնապահպանական շարժման մեջ, հիշում է. «Ղարաբաղի հարցով առաջին փողոցային երթ-հանրահավաքը կազմակերպեց Իգոր Մուրադյանը: Նրանք մի փորձ արեցին Պռոշյան փողոցից մինչև Դեմիրճյան փողոցի հատվածում, բայց ոստիկանությունը ցրեց»:

1987թ. դեկտեմբերի 20-ին` ԽՍՀՄ ՊԱԿ-ի օրը, Օպերայի հրապարակում տեղի է ունենում ցույց, որին մասնակցում էր շուրջ հազար մարդ: Հիմնական թեման Ղարաբաղի խնդիրն էր: Ժողովրդական շարժումը կամաց-կամաց, բայց անդառնալի թափ էր հավաքում, դառնում անշրջելի:

Էմիլ Աբրահամյանն ասում է, որ հայ ժողովրդին` Հայաստանում և Ղարաբաղում, մեծ ոգևորություն էին պատճառել Գորբաչովի  խորհրդական Աբել Աղանբեկյանի` Փարիզում ասված խոսքերը: 1987թ. նոյեմբերի 16-ին հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Աղանբեկյանը հրապարակավ պաշտպանել էր Ղարաբաղը և Նախիջևանը Հայաստանին միավորելու գաղափարը:

1987թ. աշնանը Երևանում կազմակերպվում էին հանրահավաքներ` նվիրված բնապահպանական խնդիրներին: Հենց այդ հանրահավաքներում էլ առաջին անգամ հրապարակավ հնչում են Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու կոչեր ու պահանջներ:

«Բնապահպանական շարժումն սկսեց ձևավորվել մի քանի խնդիրների շուրջ` ատոմակայանի թափոններ, Սևանա լիճ, «Նաիրիտ» գործարան, Երևանի, Ալավերդու, Վանաձորի օդի աղտոտվածություն»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը:

1987թ. հրապարակվում է Զորի Բալայանի «Երևանը աղետի մեջ» հոդվածը «Լիտերատուրնայա գազետայում», որից հետո կազմակերպվում է հանրահավաք Օպերայի հրապարակում` նվիրված Երևանի օդային ավազանի աղտոտվածության հարցին: «Զորին ելույթ ունեցավ, ինձ շատ զարմացրին նրա ելույթի վերջին խոսքերը, եթե չեմ սխալվում, ասաց` «Կեցցե՛ Մեծ Հայքը» կամ «ծովից ծով Հայաստան»: Ես մի քիչ վախեցա, բայց հանրահավաքը շատ հանգիստ անցավ»,- հիշում է Դանիելյանը:

Բնապահպանական շարժումն ուներ հաջողություններ, երբ սկսվեց Ղարաբաղյան պայքարը: Դանիելյանն ասում է, որ Խաչիկ Ստամբոլցյանը բերել էր թղթի էջեր, որտեղ ստորագրություններ էին հավաքում. «Զորի Բալայանն էր կազմակերպել, դա 1987 թվականն էր: Մենք ստորագրում և դիմում էինք Գորբաչովին, որ կա Ղարաբաղի խնդիր, և պետք է վերանայել Ղարաբաղի պատկանելիության հարցը»:

Ղարաբաղյան շարժումը ստվերում էր բնապահպանների մտահոգությունները: Վերջիններիս մեծ մասը միացավ Ղարաբաղյան շարժմանը` բնապահպանական խնդիրները թողնելով ավելի հարմար ժամանակների: Խաչիկ Ստամբոլցյանի ասելով` «Մենք բնապահպաններով որոշեցինք դադարեցնել, դանդաղեցնել բնապահպանական շարժումը, քանի որ կար ավելի կարևոր ազգային հարց` Ղարաբաղը»:

Հատված Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորից