Շիկահող. Կապանի գյուղաշխարհը

1910

Սյունիքի մարզի Շիկահող գյուղը Կապանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է: Գյուղը Շիկահող անվամբ (շեկ հողեր) առաջին անգամ հիշատակված է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» մեծարժեք աշխատության մեջ` որպես Տաթևի հայրապետական աթոռին հարկատու գյուղ: Այն եզակի գյուղերից է, որ պահպանում է իր հնագույն անվանումը՝ Շիկահողք: Հայկական են նաև գյուղի շրջակայքի ու մերձակա բոլոր տեղանունները:

Հարուստ անտառների, բուսականության, մեղմ կլիմայի շնորհիվ մարդն այստեղ բնակություն է հաստատել հնագույն ժամանակներից, որի մասին վկայում են պեղումների և շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական արժեքները:

Գյուղի գրեթե ողջ տարածքում փռված են Ք.ա. 2-րդ հազարամյակի և հետագա ժամանակների դամբարանադաշտերը: Առավել հայտնի են Սպիտակ հողերի, Կարմիր հողերի, Սլորիձորի, Խրավանդի, Հին դպրոցի, Ագերի, Քղցահանդի, Կապի արտի, Քրկտորի դամբարանադաշտերը: Այս վայրերից հայտնաբերված են բրոնզե ասեղներ, բիզեր, ուռուցիկ կոճակներ, սակր (կացին), նետասլաքներ, դաշույններ, թրեր, նիզակի ծայրակալներ, գոտիներ,բրոնզե և քարե ուլունքների շարաններ, զարդանախշ գոտիներ, ականջօղեր, բրոնզե արձանիկներ և այլն:

Հայտնաբերվել է նաև հարուստ խեցեղեն` կավե սափորներ, կարասներ, կենդանակերպ անոթներ, արձանիկներ, ծիսական-պաշտանմունքային անոթներ, կուռքեր:

Գտածոներից ուշագրավ է բրոնզե սակրը (Ք.ա. 10-8-րդ դարեր), որը հայտնաբերվել է Քրկտորի պղնձի հնադարյան հանքավայրի խոռոչում: Սա վկայում է, որ Շիկահողում հնագույն ժամանակներում հենց տեղական հումքի վրա ձուլվել է բրոնզ: Հայտնաբերվել են նաև քարե կացնիկներ, որոնք թվագրվում են Ք.Ա. 7-րդ հազարամյակով: Նույն վայրը` Քրկտորը, 19-րդ դարի 2-րդ կեսին շահագործվել է ֆրանսիացիների կողմից:

Քրկտոր հանքավայրը և հանքախորշերը ընկած է գյուղից 1,5 կմ հեռավորության վրա` Շիկահող գետակի ափին, մատչելի է հետիոտնի համար:

Իր գոյության ընթացքում Շիկահողը երբեք չի լքվել, որի շնորհիվ սերնդեսերունդ փոխանցվել և մեզ են հասել հեթանոս ժամանակների ավանդույթները, սովորույթները, աղոթքները, կենցաղի տարրերը:

Ոչ մի բնակավայրում մարդու և բնության միջև այնպիսի կապ չկա, ինչպիսին Շիկահողում: Գյուղում անհիշելի ժամանակներից զարգացել է այգեգործությունը:

Այսօր էլ այստեղ գոյություն ունի լեռների պաշտամունք: Պաշտվում են Խուստուփ լեռը և գյուղի հյուսիսում և հարավում բարձացող Բերդի քար և Ճանճապտուկ լեռնագագաթները:

Միջնադարի ընթացքում Շիկահողով է անցել միջազգային առևտրական ուղիներից մեկը, որը Քուռ գետի ավազանը կապել է Արաքսի ափի Ջուղա հայտնի քաղաքի հետ: Դրա վերաբերյալ ևս կան վկայություններ, ինչպես օրինակ նույն առևտրական ճանապարհի վրա հայտնաբերված 15 և 16-րդ դարերի Եվրոպական և Արևելքի երկրների դրամները:

ՇԻԿԱՀՈՂԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Գյուղի տարածքում դրանք լավ չեն պահպանվել: Մեզ հասել են հիմնականում ավերակ և կիսավեր վիճակում:

10-11-րդ դարով թվագրվող Ծերի եկեղեցին գտնվում է գյուղից 3 կմ արևելք, լրիվ ավերակ վիճակում: Հարմար է հետիոտնի համար: Հետաքրքրություն է ներկայացնում նաև մոտակա հին գերեզմանատունը:

Ավերակ վիճակում է գտնվում 11-12-րդ դարերով թվագրվող Պեխնի խութի մատուռը։ Գտնվում է գյուղից 5 կմ դեպի արևելք, բարձունքի վրա, անտառի մեջ։ Դժվարանցանելի է: Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արաքսի հովիտը:

Շաթարուզի եկեղեցին (16-րդ դար) բազիլիկ կառույց է, կիսով չափ թաղված հողի մեջ, ավերվել է 1992 թվականի հրետակոծությունների ժամանակ:

Գյուղից 2 կմ հյուսիս է գտնվում Քարավանատունը՝ լրիվ ավերակ, պահպանվում են միայն քարերը: Գտնվել է միջազգային առևտրական ուղու վրա, հարմար է հետիոտնի համար:

Պղնձի հին հանքախորշերը գտնվում են գյուղից 1,5 կմ հյուսիս՝ գետի հունում: Երկու հանքախորշերը լցված են ջրով:

Բերդի քարը (միջնադարյան բերդ նույն անունով լեռան վրա, հարմար է լեռնագնացների և տուրիստների համար) լինելով միաժամանակ բնական ամրություն, հայտնի է եղել Դավիթ Բեկի և ավելի նոր ժամանակներում` հայ-թաթարական ընդհարումների ժամանակ: Նրա հետ կապված են պատմություններ ու լեգենդներ:

Սբ. Ստեփանոս նախավկա եկեղեցին գտնվում է Շիկահող գյուղի կենտրոնում։ 16-րդ դարի բազիլիկ կառույց է, կառուցվել է 1215 թվականի եկեղեցու տեղում: Վերականգնվել է <<Երկիր և մշակույթ>> կազմակերպության կողմից:

Շիկահող գետի վրայի միաթռիչք կամուրջը կառուցված է 1888 թվականին։

Գյուղամիջում է գտնվում 1967 թվականին կառուցված հուշարձան կոթողը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված շիկահողցիներին։Կռնասում է գտնվում Բրեստում զոհվածների հուշարձան կոթող ։

Գյուղի տարածքը հարուստ է հնադարյան դամբարանադաշտերով։

Դրանք են՝

1․<<Սպիտակ հողեր>> դամբարանադաշտը (Սլորի ձոր, Ք.ա. 2-րդ հազ.վերջ,1-ին հազ.սկիզբ), գտնվում է գյուղից 100մ հս․

2․<<Կապեն արտ>> (Ք.ա. 2-րդ հազ.վերջ,1-ին հազ.սկիզբ) գտնվում է գյուղից 500մ հս․

3․<<Կարմիր հողեր>>(Ք.ա. 2-րդ հազ.վերջ,1-ին հազ.սկիզբ)․

ՇԻԿԱՀՈՂԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

*Ջրվեժ Շիկահող (Քյուզին) գետակի վերին հոսանքում, անանցանելի տարածքում:

*Շիբլեգ՝ քարերի մեջ գոյացած բնական լողավազան: Այստեղ է գտնվում նաև այսպես կոչված «Սուրբ քարը», որի տակ պառկեցնում էին կապույտ հազով հիվանդներին և բուժում:

*Բնության կողմից կերտված փղերի քարե երկու արձաններ՝ Կապան- Շիկահող ճանապարհահատվածում:

*Վրցակի քար (Աքլորի քար) հին միջնադարյան գյուղատեղի, որ կարող է լինել Ղևոնդ Ալիշանի հիշատակած Հին Շիկահողը:

* Շարու քար- գտնվում է Շիկահողից հս., գյուղից 2կմ հեռավորության վրա: Ունի ռազմավարական դիրք: Շարու քարը դիցաբանական ծագում ունի: Շարաքոյ անունով բնակավայր կա Ձորք գավառում: Ըստ արևելագետ Ս. Ումառյանի Շարան Ումմ քաղաքի աստվածն էր: Անշուշտ, Շարու քարը ևս Շարա հեթանոսական աստծու անունից է, ամենայն հավանականությամբ այստեղ Շարայի պաշտանմունքի վայր է եղել: Շարու քարը բացառիկ դեր է խաղացել 1905-1906, և 1918-1920 թթ. հայ-թուրքական բախումների և 1991-1993 թթ. ղարաբաղյան պատերազմի ժամանակներում: Այստեղ եղել են ամրություններ, եղել են դիրքեր, այստեղ ամրացել են գյուղը պաշտպանող առաջավոր ուժերը: Տարածքում առկա են հնադարյան դամբարանադաշտեր:

* Շիկահող գետակը գյուղը բաժանվում է երկու մասի: Արևկող մասը կոչվում է Պառակ, մյուսը՝ Շեն: Շեն նշանակում է բնակվելու, ապրելու վայր: Գյուղի այս մասը Շեն է կոչվում հավանաբար գյուղն այստեղ հիմնադրելու պատճառով: Շենում է կառուցված գյուղի եկեղեցին: Պառակում սփռված են բրոնզեդարյան դամբարանադաշտեր:

* Ագըրը․

Հազարամյակներ շարունակ Շիկահող գյուղը չի լքվել , որի վառ վկայություններից մեկը հայեցի հնչող տեղանուններն են: Բազմաթիվ տեղանուններ ունեն դիցական ծագում : Ուշագրավ է Ագըր տեղանունը, որը անկասկած հնդեվրոպական մայր լեզվի Ագրո –հող բառն է: Հողային աշխատանքների ժամանակ Ագըրում բացվել են քարերի շարվածքի մեջ թաղված ածխի կուտակումներ: Ագըրում հայտնաբերվել է նաև չափերով փոքրիկ ավանակի բրոնզե արձանիկը, որը վկայություն է Շիկահողի տարածքի հնագույն բնակիչների հնագույն զբաղմունքի ու աշխատանքի մասին:

Ագըրի բնության հուշարձաններից է աղբյուրը՝ Ակնը, ինչպես կոչում էին շիկահողցիները: 15-16-րդ դարում ջուրը բերվել է գյուղ, որի վկայությունն է հայտնաբերված կավե խողովակները, որոնք Ակնից ձգվում է մինչև գետափ:

ՊԱՇՏԱՄՈՒՆՔ և ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ

Մինչև անցյալ դարի 70-ականների վերջը Շիկահողում պահպանվում էին բազմաթիվ սովորույթներ ու ծիսակատարություններ, որոնք մեզ տանում են դարերի խորքը: Ի տարբերություն մյուս բնակավայրերի, այստեղ դրանք ավելի լավ են պահպանվել, չեն մոռացվել, քանի որ բնակչությունը չի տեղաշարժվել, չի լքել գյուղը: Դրա մասին վկայում են թե պատմական փաստերը, թե ժողովրդի հիշողությունը:

ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆ -Վարդավառի տոնին գյուղի բնակչությունը բարձրացել է գետափով դեպի հյուսիս-արևմուտք, որի համար գետի ձախափնյակը կոչվել է Խուստուփաձոր: Ժողովուրդը Խուստուփաձորով բարձացել է սար, այնտեղից Խուստուփ: Վարդավառի տոնը նշվել է նաև Քամու խաչի տարածքում, ահա թե ինչու այստեղի խաչը կոչվել է նաև Վարդավառի խաչ: Մարդիկ Վարդավառի խաչ էին գնում օգոստոսի վերջերին, երբ հավաքած ու ամբարած էր լինում հացը:

ԱՐԵԳԱԿԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ -Իրհնակ ու ավելի հաճախ իրիթնակ ու իրիգնակ է կոչվել արեգակը: Այսօր իհարկե հատուկենտ մարդիկ են մնացել, ովքեր կերդվեն արևով: Սակայն հիշողության մեջ են մնացել իրիթնակին ձոնված խոսքեր ու երդումներ: Արեգակով երդվելը անշուշտ հեթանոսական ժամանկներից մեզ հասած արևի-կրակի պաշտամունքի մնացորդներն են:

Հաճախ եկեղեցին ու արևը ընկալվել են հավասարապես. «Տունիս են իրիթնակը, տունիս են գեղեցին» (դու լինես արեգակը, դու լինես եկեղեցին): Երդվելուց նայում էին արեգակին: Հաճախ մոռացվել է եկեղեցին և պահանջել են երդվել արեգակով. «դե ուրթում կեր իրիթնակով» (դե երդվիր արեգակով):

Մեզ հասել են նաև հետևյալ ձոները, մաղթանքները, որ խորապես կապված է արեգակի պաշտանմունքի հետ:

Այ իրիթնակ, ջանիթ մեռնիմ

Այ իրիթնակ տուս եկ տղես յրան, մար մտե տղես յրան

Իրիթնակը թո քեզ յրան տուս կյա

Տու նիս էն իրիթնակը

Իրիթնակը քեզ տանե /անեծք/

Իրիթնակը քեզ յրան

Երենը իրիթնակը, ներքենը տու, ա գեղեցե

ՃՈՌԻ- ճոռի սովորույթը գալիս է հեթանոսական ժամանակներից.

Ճոռի, ճոռի, ճոռ քցիմ

Խավեծըմ հարա յեղ չկա

Տօնը մըն պուլ յեղ տվեցիք

Ա թոռ, ա թոռ ետ կա(անձրև,անձրև՝ դադարիր):

ԿՅՈՒԼԻ ՉԱՆԳ ՔՑԵԼԸ -(Գայլի ճանկ գցելը). Շիկահողում ևս տարածված էր, ու մարդիկ հավատում էին կյուլի չանգի զորությանը: Չանգը գցվում էր գողությունը հայտնաբերելու ու գողին կուչ ածելու համար: Արարողությունից հետո գողը պտի կուչ գար: Դա կատարվում էր այսպես. վերցվում է գայլի թաթը ամբողջությամբ, բացվում է, ապա կրակ է արվում և թաթը նետվում է կրակի մեջ: Կյուլի չանգը չպիտի «գցել» գյուղի տարածքում: Եթե գյուղում դա արվի, ապա 7 տարի անընդմեջ անձրև կամ երաշտ կլինի, ու հաց չի լինի:

Պատմում են, թե, իբր, Բաբասուց Հառին կուչ է եկել կյուլի չանգ գցելուց: Լեզինկա Համբարձումյանի ասելով, կորած իրի համար չանգ է գցվել, ու կարպետը, որի արանքում մնացել էր իրը, կուչ եկավ (Սերյոժա Կիրակոսյանի հուշերից):

Արմինե Հովհաննիսյան

«Տավերս» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր

https://www.visitkapan.am/…/aboutshikahogh/53–.html

Կարդալ նաև՝

Շիկահող գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան