Իրանը Հայաստանի համար կենսական պետություններից է: Իսլամական հանրապետության կարևորությունը Հայաստանը հատկապես զգաց անկախության առաջին տարիներին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվել էր, Հայաստանը արտաքին կապեր չուներ, իսկ Ադրբեջանը՝ դե յուրե, Թուրքիան՝ դե ֆակտո, փակ էին պահում Հայաստանի հետ սահմանները: Թեև ասվում է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակեց 1993-ի գարնանը, իրականությունն այն է, որ դրան նախորդող երկու տարիներին Թուրքիայից Հայաստան ապրանքաշրջանառություն չի եղել (բացառությամբ շուրջ 58 հազար տոննա ցորենի), երկու երկրների և երրորդ պետությունների քաղաքացիները հատուկենտ դեպքերում են հատուկ թույլտվությամբ կարողացել հատել սահմանը, քանի որ Ալիջան-Մարգարա և Դողուքափը-Ախուրիկ սահմանադռներին չկային և այսօր էլ չկան հսկիչ անցագրային կետեր, որտեղ հնարավոր կլիներ այցագիր ստանալ:
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռում Իրանը մշտապես առաջին տասնյակում է: Անկախության առաջին տարիներին Իրանը մշտապես առաջին հնգյակում էր, հաճախ՝ եռյակում:
Ներկայացնենք Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը սկսած 1995-ից: Ազգային վիճակագրական վարչությունը, որից օգտվել ենք, տվյալներ չի տալիս 1991-1994 թվականների համար: Ակնհայտ է, որ հենց այդ թվականներին է եղել առաջին անհրաժեշտության ապրանքների ամենամեծ ներհոսքը դեպի Հայաստան և Արցախ: Հայաստանից դեպի Իրան արտահանման ամենից մեծ ծավալը եղել է 2012-ին՝ ավելի քան 108 միլիոն դոլար, իսկ ներկրումը՝ 2021-ին՝ ավելի քան 437 միլիոն դոլար:
Երկկողմ շրջանառությունը ամենամեծ ծավալն ունեցել է 2018-ին՝ շուրջ 365 միլիոն դոլար:
թվական արտահանում ներկրում
2021 65.519.200 437.322.900
2020 84.227.200 317.183.600
2019 83.864.700 325.257.000
2018 94.203.600 269.417.300
2017 84.123.200 174.698.200
2016 75.253.100 163.997.700
2015 81.727.500 198.361.400
2014 84.630.600 206.542.000
2013 94.955.200 198.492.000
2012 108.512.100 219.413.100
2011 106.250.400 216.792.300
2010 84.831.200 199.884.700
2009 33.025.900 162.398.000
2008 25.056.300 202.991.200
2007 38.499.000 141.663.000
2006 29.642.900 114.399.500
2005 28.513.000 89.166.600
2004 30.559.600 62.284.700
2003 22.478.900 51.281.300
2002 31.468.600 62.615.400
2001 31.870.400 78.120.500
2000 30.089.000 82.328.400
1999 34.160.800 78.450.400
1998 31.392.300 63.912.500
1997 42.583.600 88.671.400
1996 43.912.700 149.793.600
1995 35.042.100 89.774.600