ԾԱՎ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ծավը բնության եզակի անկյուն է՝ հարուստ անտառներով, սառնորակ ջրերով, աղբյուրներով: Բնության իսկական պարգև է Բասուտա գետը, որը ժամանակին հարուստ էր կարմրախայտ կոչվող ձկներով: Իզուր չէ, որ այս տարածքների հանդեպ անտարբեր չէին թուրք բեկերը: Մեզ հայտնի չէ, թե ի՞նչ անուն է ունեցել Ծավը Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակում: Բայց, անշուշտ, այն գոյություն է ունեցել:
Ծավը կար Դավիթ Բեկի ժամանակներում, բայց ազատագրական պայքարի պարտությունից հետո գյուղը հեռացել է պատմական ասպարեզից, և որպես վկայություն մնացել են տների ու եկեղեցու ավերակները և տեղանունը: Գյուղին շունչ տվին Ղափանի վերինձորցիները, որոնք Ծավի տարածքը ընտրեցին որպես ձմեռանոց և մտադրվեցին խլել այն թուրք բեկերից: Ձմեռանոցը վերածվեց գյուղի, որը կատաղեցրեց թուրք բեկերին: Նրանց սրտովը չէր գեղատեսիլ այս վայրում հայկական բնակավայրի վերածնունդը: Վերինձորցիների մտքով անցավ բնակավայրը օրինականացնել ցարական կառավարության համապատասխան ակտերում: Այս հարցով զբաղվում էին Բաքվի նավթահանքերում աշխատող վերինձորցիներ: Նրանք լուսանկարիչ ուղարկեցին Ծավ, ով լուսանկարեց պահպանված ավերակները, գերեզմանատունը, կիսավեր եկեղեցին, Թարջումանանց (Թարգմանչաց) եկեղեցին, խաչքարերն ու հայատառ վիմագրերը: Լուսանկարները և համապատասխան խնդրագրերը հանձնվեցին քաջարանցի Թադևոսին, որը մեկնեց Պետերբուրգ (1904 թ.), այսպես ասած՝ բեկերի դեմ պաշտպանելու ծավեցիների դատը:
Թադևոսը վերադարձավ՝ բնակավայրը վերականգնելու թույլտվության փաստաթղթերով: Ծավ գյուղացի Բենիամին Առաքելյանը, ով հայտնի <<Բենիամինի աղբյուրի>> կառուցողն է, պատմում է, որ ինքը տեսել է Պետերբուրգից բերված փաստաթղթերը (ի դեպ հայտնաբերել ենք լուսանկարներից մի քանիսը և և հուսով եմ, կհրապարակեմ): Բայց քանի որ բեկերն ունեին սեփականության իրավունք, Բաքվի վերինձորեցի ունևորները ստիպված էին գումար հանգանակել և թուրք Նարիման բեկից գնել հողերը:
Պատմում են նաև, որ Ծավի հողերի նկատմամբ որպես կառավարության հսկիչներ հանդիսանում էին Շիկահողի տանուտերերը: Նախնական փաստաթղթերի տակ ստորագրել էր Շիկահողի Դավիթ քյոխվան, որը կատաղեցրել էր Նարիման բեկին: Նա ծեծի էր ենթարկել <<քյոխվա >> Դավիթին: Ծավեցիները գումար հավաքեցին Դավիթի համար, իսկ չարագործ Նարիմանը տարիներ անց գնդակահարվեց Ծավի և Հանդի քաջերի կողմից:
Դարասկզբին Ծավում բնակվում էր 36 ընտանիք:
Ծավ գյուղը անվանի մի շարք մարդանց ծննդավայրն է ու հայրենիքը: Ծավում է ծնվել Խորհրդային միության հերոս Հունան Ավետիսյանը:
ԾԱՎ ԴՊՐՈՑԻ ԼԵԳԵՆԴԸ
Իր << Մեր գյուղը>> հուշագրության մեջ ծավեցի Բենիամին Առաքելյանը գրում է. <<Պետք է նշել, որ առհասարակ ծավեցիներին բնորոշ է լուսավորության ձգտումը : Նրանք ծանր աշխատանք էին կատարում , ունենում չնչին եկամուտներ, բայց իրենց վաստակից բաժին էին հանում կրթության կարիքների համար>>(Բենիամինի հուշերը պահպանվում են Տավերսի արխիվում և Ծավի գրադարանում):
Գյուղի վերաբնակեցման հենց առաջին տարիներին ծավեցիները մտածեցին եկեղեցի և դպրոց ունենալու մասին: Գյուղացիները մաքրեցին եկեղեցու շրջակայքը և ձեռնամուխ եղան նրա վերականգնմանը: Պատմում են, որ եկեղեցու պատի տակ հայտնաբերվել է ոսկե խաչ: Որոշում է կայացվել վերականգնումից հետո խաչը դնել եկեղեցու ներսում: Բայց մինչ կկատարվեր նավակատիքը, խաչն անհետացավ: Մարդիկ միմյանց վրա բարդեցին մեղքը, հյուսվեցին զանազան պատմություններ, բայց այդպես էլ խաչը չհայտնաբերվեց:
Որ ծավեցիներ չափազանց ուսումնատենչ էին, վկայում է գյուղի դպրոցի հիմնադրման մասին մեզ հասած ավանդապատումը: Ասում են՝ կառավարությունը թույլ չէր տալիս դպրոց բացել:
-Բայց ի՞նչ գյուղ առանց դպրոցի ,-ասում էին ծավեցիները: Եվ ահա մի պատվիրակություն է մեկնում Ռուսական կայսրության մայրաքաղաք՝ Պետերբուրգ և երկար դեգերումներից հետո հանդիպում Նիկոլայ 2-րդ ցարին:
-Լսում եմ, ի՞նչ խնդիրք ունեք,-հարցնում է ցարը:
-Թագավորն ապրած կենա,-ասում է ծավեցիներից մեկը,- մենք քո հպատակներն ենք, քեզ երկար տարիների կյանք ու պայծառ արև ենք մաղթում: Գյուղ ունենք, բայց դպրոց չունենք:
-Դպրոցը ձեր ինչի՞ն է պետք,-դժգոհում է ցարը:
-Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ծառայում ենք երկրին: Մեր երեխաները բանակ են գնում, նրանք պիտի տիրապետեն զենքին, նամակ գրեն, մեզ նման ավանակ չպիտի լինեն:
Ցարը ժպտում է և գոհանում պատասխանից: Ծավի տարեցներն ասում են, որ ՆԻկոլայ 2-րդը անմիջապես հրաման է արձակել գյուղում դպրոց բացելու վերաբերյալ: (Ըստ Գ.Սմբատյանի << Սյունիքը փորձության մեջ >> գրքի, Երևան-2018 թ., էջ 83-84)
Լեգենդը՝ լեգենդ, բայց որ ծավեցիները հակում ունեին կրթության հանդեպ, դպրոց պահել գիտեին, հարգում և պատվում էին ուսուցիչներին, դա իրականություն է:
ԳՅՈՒՂԱՔԱՂԱՔ ԽՓՑԽԱ (Ղափճուղա)
Այս հիասքանչ բնակատեղին, որի իրական պատմությունը այդպես էլ անհայտ կմնա, գտնվում է Ծավ գետի համանուն վտակի ափին, վաղ միջնադարյան և ավելի ուշ շրջանի առևտրական ուղու վրա: Այստեղով է անցել միջազգային առևտրական ուղիներից մեկը, որը Քուռ գետի ավազանը կապել է Արաքսի ափի Ջուղա հայտնի քաղաքի հետ: Ճանապարհը Խնձորեսկից անցել է Տաթև, ապա Աճանան, Շրվենանցի մոտ անցել է դեպի Ճակատեն , Շիկահող , Կեմանց, ապա դիմացի ժայռափոր ճանապարհով բարձրացել է Խփցխա: Այստեղից Մեղրու լեռնաշղթայի վրայով ձգվել է դեպի Արաքսի հովիտ, այդ թվում՝ Ջուղա: Հավանաբար հենց Ղափճուղա բառը ստուգաբանությամբ նշանակում է կապ Ջուղայի հետ: Երբեմնի ծաղկուն գյուղաքաղաքից այսօր մնացել են միայն քարե կամարակապ կամուրջները, երեք մատուռ, գերեզմանատներ, և որ ամենաուշագրավն է, միջնադարյան բուժարանը՝ սրբազան ջրի ավազանով:
Բուժարանի մեջ կառուցված է ջրավազան, որը համեմատաբար տաք ջուր է ստանում դրսից, և ինչպես մասնագետներն են կարծում, ջուրը հոսում է ընդերքից՝ արծաթե երակների միջով: Հավանաբար հենց դրա համար էլ այն բուժիչ է, բուժում է տարատեսակ մաշկային հիվանդություններ, այդ թվում քոսը, որի համար աղբյուրը կոչվում է նաև Քսաջուր: Ավազանը ունի ելքի երկու անցք, մեկը ՝ներքևում, մյուսը՝ ամենավերում: Ստորին ելքը փակվում է, որի շնորհիվ ավազանը լցվում է ջրով, իսկ վերին ելքը ապահովում է ջրի մշտական հոսքը: Մինչև 2007 թվականը ավազանը ջուր էր ստանում, սակայն հավանաբար մարդու միջամտության հետևանքով ջուրը փոխել է հունը և հոսում է մոտակա ձորակը: Բուժարանին կից գոյություն ունի փոքրիկ մատուռ, որի մուտքը հակառակ կողմից է: Մատուռի պատը մուտքի մոտ ագուցված է փորագիր արձանագրությամբ, ներսում կան խա չքարեր:
Այն, որ գյուղաքաղաքի միջով ժամանակին կապ են հաստատել Ջուղայի և Արաքսի հովտի բնակավայրերի հետ, վկայում է Ջուղայի ծաղկման ժամանակաշրջանին վերաբերող արծաթյա մի դրամի հայտնաբերումն այստեղ: Դա սաքսոնական Կյուրֆուստ Ավգուստ Սաքսոնացու 1575 թվականին Դրեզդենում հատած դրամն է:
Անհամեմատ հարթ տարածքում Խփցխա գետակի վրա կառուցված միաթռիչք քարե կամարակապ կամուրջը կարծես ավելորդություն է այստեղ, որովհետև գետակը դժվար թե այնքան վարարեր, որ քարավանները չկարողանային անցնել: Բայց դարերի խորքից մեզ հասած զրույցների համաձայն այստեղ եղել է փոքրիկ լիճ: Եվ ասում են, որ նույնիսկ լճակի վրա լողացել են մակույկներ: Ուրեմն կամուրջը կառուցվել է լճակն անցնելու համար և, որ պակաս կարևոր չէ, նրա վրայով գյուղաքաղաք մտնելու համար: Ի դեպ վերջին ժամանակներում Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհի շինարարության ժամանակ այստեղ հայտնաբերվել են Ք.Ա. 9-8-րդ դդ. բրոնզեդարյան դամբարաններ: Սա վկայություն է, որ Ղափճուղան հնագույն բնակավայր է եղել:
Գյուղն անցյալում ավելի շատ հայտնի էր Քսաջուր անունով, որի բնակիչները հեռացել են Դավիթ Բեկի պարտությունից հետո և հաստատվել Թուրքիայի հարավ արևմուտքում: Մինչև 20-րդ դարի կեսերը պահպանվում էին Քսաջրեցիների տապանաքարերը:
ԾԱՎ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
- Իլուի ամրոց՝ գտնվում է Ծավ գյուղից 3 կմ հվ., Ծավ գետի աջ ափին
- Աղջկա բերդ՝ գտնվում է Ծավ գյուղից 2 կմ հվ., սարի գագաթին, 10-13-րդ դդ., ավերված է
- Միջնադարյան գյուղատեղի Ծանաղու՝ գյուղից 5 կմ հեռու՝ Ծավ և Հանդ գյուղերի միջև, Մթնաձորի սկզբնամասում, լքվել է 1918 թ.
- Մթնաձորի միջնադարյան եկեղեցի՝ ավերված
- Թարգմանչաց եկեղեցի՝ 10-13-րդ դդ. , գտնվում է Ճանճապտուկ լեռան հարավային լանջին, կիսավեր է, թաղածածկ
- Գյուղատեղի Թարգմանչաց՝ 10-13-րդ դդ.,գտնվում է գյուղից 1 կմ հս, անտառում: Ունի հին այլ անվանումներ ՝ Թրջմնաց, Թարջումանաց, Թրջմունանք…
- Գերեզմանոց՝ 10-13-րդ դդ.
- Կամուրջ՝ կառուցված 17-րդ դարում, Ծավ գետի վրա Կեմանց գյուղից ներքև՝ Ղափճուղա տանող միջնադարյան առևտրական ուղու վրա
- Գյուղատեղի Կեմանց՝ գտնվում է գյուղից 4.5 կմ արմ, Ծավ-Շիշկերտ ճանապարհից աջ, անտառի բացատում, ավերված է: Հիշատակվում է Դավիթ Բեկի ժամանակներից (Ղուկաս Սեբաստացի),վերաբնակեցվել է 1860-ականներից, լքվել է 1939 թվին
- Միջնադարյան գյուղատեղի Նավս՝, գտնվում է գյուղից 3 կմ հվ-արմ, Ծավ գետի աջ ափին, Նավսաքար լեռան լանջին
- Միանավ եկեղեցի՝ կիսավեր, գտնվում է գյուղի հս եզրին, թվագրվում է 19-րդ դ. 2-րդ կեսով
- Եկեղեցի՝ գտնվում է գյուղից 7 կմ հվ-արմ՝ Մթնաձորում, միջնադար
- Միանավ Սբ Գևորգ եկեղեցի՝ գյուղամեջում, վերակառուցվել է 20-րդ դդ.
14․Եկեղեցիներ՝ 17-20-րդ դդ., գտնվում է գյուղից 5-8 կմ հվ-արմ,անտառի բացատում, գետի ափին, << Քսաջուր >> կոչվող վայրում: Կառուցվել է սրբացված բուժիչ աղբյուրի վրա
- Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ծավեցիներին նվիրված հուշակոթող՝ 1966 թ.,գտնվում է գյուղի բարձունքում, հեղինակ՝ Վ.Արշակյան
- Քարավանատուն՝ 16-17-րդ դդ, գյուղից 1 կմ հվ-արմ, Ծավ գետի ափին
- Մելիք-Նուբարյանների (այս նշանավոր տոհմից են սերում Եգիպտոսի վարչապետ Նուբար փաշան և նրա որդին՝ ազգային գործիչ Պողոս Նուբարը) միջնադարյան ամառանոց-ապարանքը՝ 17-րդ դդ. կառույց, մնացել են ավերակները: Գտնվում է Կեմանցի դաշտ կոչվող տարածքում, գետի ձախ ափին: Մի ավանդության համաձայն Նուբարյանները, ովքեր բնակվում էին Բասուտա գետի միջին հոսանքում և Շիկահողում, ամռանը գալիս էին զովաշունչ այս վայրը: Դավիթ Բեկի ազատագրական շարժումից հետո, երբ Նուբարյանները հեռացան Իզմիր, այս վայրերում բնակություն հաստատեցին թուրքերը և հիմնադրեցին փոքրիկ մի գյուղ Դալլաքլու անունով: 1920 թվականին, հայ-թուրքական կռիվների ժամանակ ծավեցիները թուրք գյուղացիներին իրենց գույքի հետ միասին տեղափոխեցին անվտանգ վայրեր:
ԾԱՎԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
- Կեմանցի աղբյուր
- Նավսի աղբյուր
- Մյասնիկի աղբյուր (Նորդ Օստ) –աղբյուրը կառուցված է ի հիշատակ 2002 թվականին չեչեն գրոհայիների կողմից Մոսկվայում գործող մյուզիքլի գրավման ժամանակ զոհված շիշկերտցի Մյասնիկ Զաքարյանի հիշատակին: Աղբյուը կոչվում է նաև Նորդ Օստի աղբյուր
- Բենիամինի աղբյուր
- Քանքանի աղբյուր
- Գետ Քարվանքաձոր
- Գետ Սարատուն
- Գետ Զառկոն
- Հանդ Սարատուն
- Հանդ Զառկոն
- Ճգնավեր (Ճգնավեր)՝ Ծավ գյուղի դիմաց, Ճանճապտուկ լեռան լանջին, անտառոտ վայրում: Ավանդության համաձայն այստեղ՝ փոքր այրի մեջ, ապրել է ճգնակյաց մեկը: Մինչև 20-րդ դարի վերջը այստեղ պահպանվում էին կավե ճրագներ, իսկ որոշ հավատացյալներ մերթընդմերթ այստեղ գնում էին մոմավառության։
Արմինե Հովհաննիսյան
«Տավերս» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր
Հղումը՝ https://www.visitkapan.am/about-tsav.html
Կարդալ նաև՝
Ծավ գյուղի բնակչությունը 1897-1979 թվականներին․ Կապանի շրջան