Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան

463

ՀՀ կառավարության մարտի 31-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ նիստի օրակարգի քննարկումը, հանդես է եկել ելույթով, որը գերազանցապես նվիրված էր Արցախյան հարցին:

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ.

Համոզված եմ՝ ծանոթ եք Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարությանը: Ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում ընդունված այդ հայտարարության մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին:

Այս հայտարարությունը, բնականորեն, լրացուցիչ հարցեր է առաջացրել եւ ուզում եմ հանդես գալ մի շարք պարզաբանումներով եւ հիմնավորումներով, որպեսզի թե՛ հայաստանյան, եւ թե՛ միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունը առավել պարզ լինի:

Ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակութան ձեւավորման քաղաքականություն: Նա նախ դիվանագիտական եւ/կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ:

Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդեն արդարացվում են վերը նկարագրված խոսույթով ու բանաձեւումներով:

Բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաեւ հիմա եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել եւ իմ այսօրվա նպատակը այդ խոսույթի անհիմն եւ ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է:

Վերը նշված համատեքստում, ի դեպ, երբեմն էական դերակատարում է ստանում ապատեղեկատվությունը, ինչպես հիմա ընդունված է ասել՝ fake news-ը: Հիմա օրինակ, արեւմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 հատ СУ-30СМ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Սա, իհարկե, աղաղակող ապատեղեկատվություն է եւ մեր СУ-երը Հայաստան ներկրվելու օրվանից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել: Նույն կերպ իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց նրանց ներգրավմանը և սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է։

Իսկ Տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատ շահարկվածը, թերեւս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեման է: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանի Հանրապետությունն անարձագանք է թողնում այդ հարցը: Այս տվյալը մինչդեռ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր:

Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունները: Կառավարության նախորդ նիստում, ուղիղ եթերում ես մանրամասն անդրադարձել եմ այս խնդրին, եւ արձանագրել, որ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկ եւ մենք մարտի 14-ին, այսինքն՝ չորս օր անց, որոնցից երկուսը ոչ աշխատանքային, գրավոր պատասխանել ենք այդ առաջարկին եւ պատասխանը փոխանցել ենք այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով ստացել ենք:

Այն մեզ է փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով: Նաեւ հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. (մեջբերում եմ)

«Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցված մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին» (մեջբերման ավարտ):

Սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է եւ ինչպես տեսնում եք, Ադրբեջանի փոխանցած հինգ կետանոց առաջարկին Հայաստանի Հանրապետությունն արձագանքել է թե հրապարակային եւ թե աշխատանքային-դիվանագիտական խողովակներով: Այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը: Եւ ուրեմն հարց է ծագում, ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն:

Պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր հրապարակային եւ դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր եւ Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը:

Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլեւս լուծված է: Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում սակայն մի կարեւոր հարցի. իսկ ինչպես է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսեւորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում: Հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը առկա է եւ ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն եւ այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի: Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից, այդպիսով հարցը փակված համարելու համար:

Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների հարցերի քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի: Խնդիր, որ առաջ է քաշում ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ միջազգային հանրությունը:

Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում, պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Նաեւ այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը:

Այս անվանման օգտագործումը սակայն, միանշանակ և աներկբա լեգիտիմ է, տրամաբանական, այլոց թվում նաեւ այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ արձանագրված է՝ Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթները: Այդ հայտարարության տակ դրված է նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

Եւ ի դեպ, այն որ Ադրբեջանը որդեգրել եւ իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, հիմնավորվում է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով: Այդպիսին են օրինակ, Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն:

Սա առավել քան կամայական մեկնաբանություն է, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները եւ որտեղ պետք է մնան: Ասեմ նաեւ, որ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտացածին է: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը նա ինքը հրապարակային հայտարարել է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի: (Ընդգծեմ, որ մեր տեսանկյունից ակնհայտորեն մինչեւ օրս ամբողջությամբ իրականացված չէ նաեւ ռազմագերիներին, պատանդներին այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները մենք իհարկե շարունակում ենք:)

Բայց պիտի արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, եւ ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձեւակերպում է: Սրանով է նաեւ հիմնավորվում, Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եւ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ:

Նախկինում մենք առաջարկել ենք լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը եւ կլուծեն ռազմականացված շփման գծի հարցը, նկատի ունեմ Փառուխի հետ կապված իրադարձությունները: Առաջարկի էությունը հետեւյալն է. արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի եւ պայմանավորվածությունների կատարումն ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա:

Պիտի տեղեկացնեմ, որ Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում: Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ եւ այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:

Մենք ցավով ենք արձանագրում սա եւ այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է:

Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:

Ակնկալում ենք նաեւ, որ ներխուժման ընթացքում եւ դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության: Եկեք չմոռանանք նաեւ, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների եւ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց, տեխնիկայի, տրակտորների ուղղությամբ, բնականաբար, ղեկին գտնվող մարդկանց: Նման դեպքեր են արձանագրվել Նոր Շեն, Ամարաս, Թաղավարտ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից, խաղաղապահների ներկայությամբ:

Այս գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է:

Սրա մասին է վկայում նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ադրբեջանական խեղաթյուրումը: Այդ կետը, հիշեցնեմ, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնման Ադրբեջանի Արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող ճանապարհի գործարկման մասին է: Դուք տեղյակ եք, որ Հայաստանը այս թեմայով համապարփակ առաջարկություններ է ներկայացրել: Չմտնելով մանրամասների մեջ, ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետեւյալն է. վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային եւ այլ հսկողություններ:

Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը եւ ընդունում է, եւ չի ընդունում: Եւ սա արտահայտվում է հետեւյալում. նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաեւ Լաչինի միջանցքում եւ այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով. նախ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որեւէ տարածքի եւ դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլեւ տարածք, որն ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը, ըստ եռակողմ հայտարարության, գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որեւէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի: Եւ հետո, Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի զուգահեռները տարօրինակ են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջեւանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Թուրքիայի տարածքով: Օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով եւ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից որեւէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում:

Մենք կրկին անգամ արձանագրում ենք. Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որեւէ միջանցքի գոյություն չի նախատեսում եւ Հայաստանը չի ընդունել եւ չի ընդունելու միջանցքային որեւէ տրամաբանություն:

Մյուս կողմից մենք պատրաստ ենք մեր առաջարկների շրջանակներում բացել ճանապարհը եւ երկաթուղին: Կառուցել ճանապարհ եւ երկաթուղի, բայց անհրաժեշտ ենք համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ, որովհետեւ մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի ե՛ւ ճանապարհը, ե՛ւ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եւ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները եւ Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսօր մենք ինչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը եւ սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, և մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին: Մեր գրավոր առաջարկներն, ի դեպ, մենք փոխանցել ենք նաեւ մեր մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար մեր առաջարկները տրամաբանական են, ընդունելի և հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը:

Հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ.

Հաջորդ հարցը, որ Ադրբեջանը օգտագործում է էսկալացիոն տրամաբանությունը արդարացնելու խոսույթ ձեւավորելու համար Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման եւ սահմանազատման հարցն է: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանական Հանրապետության նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդունել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք պայմանավորվել են. «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Չեմ կարծում, թե այս հայտարարությունը կարող է որեւէ տարընթերցման տեղ տալ եւ ակնհայտ է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր:

Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել: Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու եւ սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով: Ադրբեջանը մինչեւ օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել, երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ մեր առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար:

Այս հարցում, սակայն, մենք եղել ենք եւ կանք մաքսիմալ ճկուն եւ հետքաշման մի քանի բանաձեւեր նույնպես առաջարկել ենք: Ադրբեջանը կամ չի ընդունում, կամ չի արձագանքում այս առաջարկներին: Ի՞նչ է սա նշանակում: Փաստացի նշանակում է, որ փորձում է սահմանին լարվածությունը եւ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաեւ սահմանագծման գործընթացի ժամանակ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու եւ այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար: Սա անընդունելի մոտեցում է:

Ամեն դեպքում կարծում եմ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել: Մենք այդպիսի մի քանի տարբերակներ ենք առաջարկել, այդ թվում և Ադրբեջանին, եւ մեզ համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը:

Հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ.

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի զինված ուժերը բացի այն, որ ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող ամենօրյա հայտարարություններ անել բարձրախոսներով: Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները, հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է:

Հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար նույնիսկ գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում: Մենք իհարկե մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի եւ քաղաքակրթության նկատմամբ, բայց այն՝ ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի եւ կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց եւ ի վերջո վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները:

Վերը ես արդեն անդրադարձա Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն բանից ազատելու Ադրբեջանի քաղաքականությանը: Այս համատեքստում հիշատակման արժանի է Ադրբեջանի մշակույթի նախարարի փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, թե «Աղվանական հոգևոր տաճարների վրա հայերի գրած կեղծ հետքերի վերացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած ալբանական պատմությունը, ճարտարապետությունը իմացող մասնագետներից»: Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը: Եւ մշակույթի նախարարի հայտարարությունն ամենեւին էլ պատահականություն չէ: 2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարն էլ են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։ Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Այս բոլոր իրավիճակները մեր կարծիքով և համոզմամբ պետք է պատշաճ միջազգային քննության եւ գնահատականի արժանանան: Միջազգային հանրությունից ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով ամեն օր (ներառյալ գազային ահաբեկչությունը) եւ դրա նպատակը մարդկանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է:

Իսկ ելույթս ուզում եմ ավարտել՝ կրկին անգամ արձանագրելով, որ Հայաստանը կոնկրետ եւ տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով եւ մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որեւէ հիմք կամ հիմնավորում չկա:

Կրկին անգամ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումը: Եւ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եւ համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»: