Ղարաբաղի հարցը. Սիմոն Վրացյան

2303

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:

Գլուխ ԻԴ

Շարուր-Նախիջևանի դեպքերին զուգընթաց Ադրբեջանը գործոն քայլերի դիմեց ղարաբաղցիներին ընկճելու համար:

Ղարաբաղը բռնում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասը և իր աշխարհագրական ու բնական պայմաններով, իր ազգագրական կազմով Հայկական բարձրավանդակի անմիջական շարունակությունն է: Ցարական իշխանության օրով նա միացված էր թուրքական հարթավայերի հետ և մտնում էր Գանձակի նահանգի մեջ, որի գավառները ձևված էին այնպես, որ ամեն տեղ հայերը կազմում էին փոքրամասնություն: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղը, այսինքն՝ Շուշիի, Ջիվանշիրի և Ջիբրայիլի լեռնային մասերը՝ Խաչեն, Վարանդա, Դիզակ, Ջրաբերդ-կազմում են մի ամբողջություն՝ հայ հոծ ազգաբնակչությամբ:

Ղարաբաղի ազգային կազմի մասին Դ. Անանունը հետևյալ տեղեկություններ էր տալիս «Հայաստանի կոոպերացիայի» 1920թ. սեպտեմբերի համարում.

«Ղարաբաղի լեռնաստանում 1917 թ. տվյալներով ապրում էին՝ հայեր՝ 150.000 (70 տոկոս), մուսուլմաններ՝ 58.000 (27 տոկոս), մնացած ազգեր՝ 5.000 (3 տոկոս): Այժմ ազգությունների թվական հարաբերությունը միանգամայն փոխվել է: Ուրիշ ազգերից ռուսները հեռացել են Ռուսաստան: Լեռնային Ղարաբաղի որոշ գյուղերից հեռացել են նաև թուրքերը: Դրա դիմաց լեռներ են ապաստանել տափաստանում եղած հայ գյուղերի բնակիչները (Ջիվանշիր գավառ): Այսպիսով, Հայկական Ղարաբաղում (Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա, Դիզակ) հայ տարրը ավելի է ամրացրել թվով: Իսկ եթե սրան ավելացնենք նաև, որ հին Ղարաբաղի անբաժան մաս կազմող Գյուլիստանը վերջին տարիների անց ու դարձի մեջ վերականգնեց իր կապը նախկին միավորի հետ և ընթացավ հայկական քաղաքականության հունով, պատկերն ավելի կատարյալ կլինի»:

Ռուսական հեղափոխությունը Ղարաբաղում ևս ընդունվեց խանդավառությամբ: Հեղափոխության առաջին օրերից Շուշիում կազմվեց հայ-թուրքական միջկուսակցական մի բյուրո, որի կողմից նշանակվեց շրջանային գործադիր կոմիտե, որը պետք է վարեր Ղարաբաղ-Զանգեզուր միացյալ շրջանի կառավարական գործերը, բայց, իրոք, դարձավ միայն Ղարաբաղի իշխանությունը: Հայերն ու թուրքերը համերաշխ էին. գավառի հայկական մասերում ղեկավարում էին հայերը, թուրքականում՝ թուրքերը: Անգամ հոկտեմբերյան հեղաշրջումից և Երևանի, Կարսի, Գանձակի ու Բաքվի թրքական շարժումներից հետո էլ անդորրությունը Ղարաբաղում չխանգարվեց:

Այսպես տևեց դրությունը մինչև 1918 թվի ամառը, երբ լուծվեց Անդրկովկասի միությունը: Կովկասում երևացին թուրքերը, և Նուրի փաշան Գանձակում ձեռնարկեց իսլամական բանակի կազմակերպությունը: Միջկուսակցական բյուրոն՝ չկամենալով ենթարկվել նորաստեղծ Ադրբեջանին՝ որոշեց կազմել տեղական ինքնուրույն իշխանություն և իր տեղը նշանակեց կոմիսարների խորհուրդ անունով մի մարմին, խառն՝ հայերից ու թուրքերից: Իսկ մի ամիս անցած էլ այս մարմինը փոխարինվեց ազատ Ղարաբաղի ժողովրդական կառավարությամբ:

Սակայն, թուրք-ադրբեջանյան սադրանքների հետևանքով հետզհետե Ղարաբաղի կյանքն էլ խառնափնթորվեց: Անիշխանությունը սկսեց գլուխ բարձրացնել ամեն կողմ: Եվլախ-Շուշի ճանապարհը փակվեց հայերի առջև: Մի շարք վայրերում թուրքերի կողմից տեղի ունեցան հայերի թալան ու սպանություններ: Իրենց հերթին, հայերն էլ պատասխանում էին նույն ձևով. ռուսական ռազմաճակատից վերադարձած զինվորները կամ սովահար գյուղացիք, հաճախ, հարձակվում էին քոչվորների վրա՝ թալանի և կողոպուտի նպատակով: Բայց և այնպես, հայ և թուրք ղեկավարների ջանքերով, մինչև 1918 թ. ամառը ընդհանուր խաղաղությունը չխախտվեց: Շուշի քաղաքում իրար հետևից հրավիրվեցին երեք խառն համագումարներ, որոնք նպաստեցին հայ-թրքական բարիհարևանական հարաբերությունների պահպանման:

Դրությունը փոխվեց արմատապես, երբ Ղարաբաղի հորիզոնի վրա երևացին թուրքերը: Թուրքական մի բրիգադ, Ջեմիլ Ջահիդ բեյի հրամանատարության տակ և տեղական թուրք բեգերի առաջնորդությամբ, Եվլախից, ուղղվեց դեպի Շուշի՝ ճանապարհին ռմբակոծելով ու զինաթափելով հայկական գյուղերը: Միաժամանակ, հարձակման ենթարկվեց ու ոչնչացվեց Շուշիից դեպի Զանգեզուր տանող ճանապարհին ընկած Ղարաղշլաղ հայկական մեծ գյուղը, որը շաղկապի դեր էր կատարում Ղարաբաղի ու Զանգեզուրի միջև:

Համաղարաբաղցիական երրորդ համագումարը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 18-20-ին, Շուշիում, թուրքերի առաջխաղացման առթիվ, որոշեց չդիմադրել և ընդունել Ադրբեջանի իշխանությունը: Սեպտեմբերի 26-ին թուրքերը առանց կռվի մտան Շուշի և անմիջապես զինաթափ արեցին հայերին: Այս բանը սաստիկ գրգռեց հայերին, և երբ թուրքերը տեղափոխում էին գրավված զենքները, նրանք հարձակվեցին ու գրավեցին, որի պատճառով թուրքերը կախեցին երեք հայեր: Հոկտեմբերի 1-ին, զինաթափությանը հաջորդեցին ձերբակալություններ. բազմաթիվ հայ գործիչներ բռնվեցին ու նետվեցին բանտ:

Ղարաբաղի գյուղացիությունը՝ վրդովված քաղաքացիների փոքրոգությունից ու դավաճանությունից՝ մերժեց հպատակվել թուրքերին և սկսեց պատրաստվել դիմադրության: Շրջանը բաժանվեց 4 զինվորական մասերի՝ յուրաքանչյուրի գլխին ընտրելով մի-մի ժողովրդական հրամանատար: Ամեն կապ գավառի ու քաղաքի միջև խզվեց: Միաժամանակ Դիզակի ու Վարանդայի գործիչները մարդ ուղարկեցին Զանգեզուր, Անդրանիկի մոտ՝ թախանձելով նրան օգնության հասնել:

Թուրքական հրամանները գյուղերում չէին գործադրվում. թուրքերի իշխանությունը Շուշիից և խճուղուց այն կողմ չէր տարածվում: Այս դրությունը վերջ տալու նպատակով թուրքերը որոշեցին դիմել զենքի և միաժամանակ վերջնագիր ուղարկեցին զանգեզուրցիներին: Հոկտեմբերի 18-ին թուրքական մի զորամաս, տեղական թուրքերի և մի քանի հայերի առաջնորդությամբ, մտավ Վարանդայի Մսմնա գյուղը, բայց հանդիպեց հայ մարտիկների ուժեղ դիմադրության, ջարդվեց և ամոթահար փախավ հետ՝ հայերին թողնելով 2 թնդանոթ ու մեծ քանակությամբ պատերազմական ավար: Ու քիչ հետո, հոկտեմբերի 31-ին, դաշնակիցների պահանջով, թուրքերը թողին Ղարաբաղն ու հեռացան:

Անդրանիկը, լսելով ղարաբաղցիների խնդիրը՝ շտապով պատրաստվեց և նոյեմբերի 16-ին շարժվեց դեպի Շուշի ու հասավ Ավդալլար գյուղը՝ Շուշիից 40 վերստի վրա: Անդրանիկի հրամանի համաձայն, Դիզակի զինված ուժերի հրամանատար Սոկրատ բեգ Մելիք-Շահնազարյանը պետք է գրավեր Քիրսի ու Սաղսաղանի գագաթներն ու Թթու ջուրը, բայց փոխանակ այդ հրամանը կատարելու՝ նա անցավ քաղաքի մոտի Քարին Տակ գյուղը և հարաբերության մեջ մտավ քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանի հետ, որը հակառակ էր Անդրանիկի արշավանքին: Մելիք-Շահնազարյանը իր և Սոկրատ բեգի կողմից նամակ ուղարկեց Անդրանիկին և կանգնեցրեց նրա առաջխաղացումը: Նույն ժամանակ հեռագիր հասավ զորավար Թոմսոնից, որը հրահանգում էր Անդրանիկին դադարեցնել կռիվները: Դրա վրա Անդրանիկը առավ իր ուժերն ու քաշվեց Զանգեզուր: Նրա հեռանալուց հետո, թուրքերը ոչնչացրին Ղարաբաղի և Զանգեզուրի միջև ընկած Հարար, Սպիտակաշեն և Պետրոսաշեն հայկական գյուղերը՝ ավելի ևս դժվարացնելով Ղարաբաղի և Զանգեզուրի հարաբերությունը:

Դեկտեմբերի սկզբին Շուշի հասավ անգլիական զինվորական առաքելությունը: Այդ առթիվ ղարաբաղցիք որոշեցին հարաբերության մեջ մտնել անգլիացիների հետ: Գավառի 4 շրջանների և քաղաքի մեկական ներկայացուցիչներից կազմվեց Ղարաբաղի Ժամանակավոր խորհուրդ, որը բանակցության մեջ մտավ անգլիացիների հետ՝ կամենալով որոշել Ղարաբաղի քաղաքական դրությունը: Անգլիացիք խուսափեցին այդ հարցից՝ պատասխանելով, թե իրենք քաղաքական լիազորություններ չունեն, թե այդ հարցով կզբաղվեն զորավար Թոմսոնից հրահանգ ստանալուց հետո, բայց ձեռքի տակից աշխատեցին համոզել հայերին՝ ընդունել Ադրբեջանի իշխանությունը:

Անգլիացիների համար Ղարաբաղի, ինչպես և Զանգեզուրի ճակատագիրը որոշված էր. նրանք վճռել էին այդ հողամասերը միացնել Ադրբեջանին: 1919 թ. հունվարի 15-ին, Ադրբեջանի կառավարությունը զորավար Թոմսոնի հավանությամբ, Ղարաբաղ-Զանգեզուրի ընդհանուր նահանգապետ նշանակեց դր. Խոսրով բեկ Սուլթանովին, որը հայերի աչքին հայատյացի և ջարդարարի համբավ էր վայելում: Այդ լուրն առնելուն պես, հունվարի 26-ին, Հայաստանի արտգործնախարար Ս. Տիգրանյանը վճռական բողոք ուղարկեց Ադրբեջանի կառավարությանը՝ հայտարարելով, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանի անբաժան մասն են:

Այս բողոքին Ադրբեջանի կառավարությունը պատասխանեց, որ խնդրի առարկա եղող «շրջանները Ադրբեջանի անվիճելի և անխախտ մասն են կազմում» և որ «ընդհանուր նահանգապետություն հաստատելու որոշումը ոչ մի դեպքում չի խախտում Հայաստանի հողային իրավունքները: Ընդհակառակը, Հայաստանի կառավարության բողոքը մենք համարում ենք խախտում մեր գերիշխանության և մեր ներքին գործերին միջամտելու փորձ»:

Մի քանի շաբաթ հետո, փետրվարի 24-ին, Հայաստանի կառավարությունը ստացավ բրիտանական գերագույն կոմիսարի Երևանի ներկայացուցիչ զորավար Վ. Ասըրից զորավար Ֆորեստիե Ուոկերի մեկ գրությունը, որով հաղորդում էր զորավար Թոմսոնի կողմից, թե «դր. Սուլթանովը գնում է Շուշի, իբրև ընդհանուր նահանգապետ Զանգեզուրի, Շուշիի և Ղարաբաղի շրջանների: Նա այդ անում է առանց դնելու որևէ պահանջ Ադրբեջանի ապագա վարչության վերաբերմամբ. նա գնում է այնտեղ միայն օրենքը և կարգը պահպանելու համար»: Արտգործնախարար Տիգրանյանը անմիջապես պատասխանեց զորավար Ֆորեստիե Ուոկերին, թե «Հայաստանի կառավարությունը չի կարող զորավար Թոմսոնի հեռագրի հաղորդելու փաստը համարել արտահայտություն նույնիսկ անուղղակի ճանաչման Ադրբեջանի կառավարության թեկուզ ժամանակավոր գերիշխանության իրավունքի դր. Սուլթանովի իշխանությանը ենթարկվելիք գավառների վիճելի շրջանների վրա»:

Զորավար Թոմսոնի կարգադրության հետ չէր կարող հաշտվել և Ղարաբաղի ազգաբնակչությունը: Կամենալով անգլիացիների ներկայությամբ հանդես բերել ղարաբաղցիների հավաքական կամքը՝ ժամանակավոր խորհուրդը, փետրվարի 12-ին, հրավիրեց համաղարաբաղցիական 4-րդ համագումարը, որը մի անգամ ևս որոշեց՝ Ղարաբաղը համարել Հայաստանի անբաժան մաս, ո՛չ մի դեպքում չճանաչել Ադրբեջանի իշխանությունը և մերժել ադրբեջանյան կառավարության պահանջը՝ ուղարկելու խորհրդարանի պատգամավորներ: Բացի այդ, համագումարը ընտրեց ազգային խորհուրդ և հանձնեց նրան որոշումների գործադրություն:

Փետրվարի վերջերին Շուշի եկավ անգլիական նոր ներկայացուցիչ մայոր Մաք Մեզենը 400 զինվորներով: Նրա հետ եկան և զորավար Թոմսոնի և ադրբեջանյան կառավարության համաձայնությամբ Բաքվի Հայոց ազգային խորհրդի և ՀՅ Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներ Գ. Բալայանը և Լ. Զարաֆյանը: Սկսվեցին բանակցություններ Մաք Մեզենի, դր. Սուլթանովի և երկու հայ ներկայացուցիչների միջև: Մաք Մեզենը առաջարկեց Բաքվից եկած հայ ներկայացուցիչներին ստորագրել մի հայտարարություն, որ Ղարաբաղը մինչև Զաբուղ ժամանակավորապես հանձնվում է Ադրբեջանին: Պատասխանը եղավ կտրուկ մերժում: Այն ժամանակ Մաք Մեզենը զրահապատ ինքնաշարժ նստեցրեց Գ. Բալայանին ու Լ. Զարաֆյանին ու հեռացրեց Ղարաբաղից: Հայ ազգաբնակչությունը վրդոված՝ փակեց խանութները և բողոքի ցույց արեց անգլիական ներկայացուցչության առջև:

Անգլիացիների բոլոր ջանքերն անցան ապարդյուն. ղարաբաղցիները մերժեցին ճանաչել դր. Սուլթանովի իշխանությունը:

Ի պատասխան Հայաստանի կառավարության բողոքների և ղարաբաղցիների հակառակության, Բաքվի անգլիական զորքերի հրամանատար գնդապետ Շատելվորտը, ապրիլի 3-ին, հրատարակեց հետևյալ հայտարարությունը.

«Անգլիական հրամանատարությունը հայտարարում է ի գործադրություն Շուշի, Զանգեզուր, Ջիբրայիլ և Ջիվանշիր գավառների բովանդակ ազգաբնակությունը, որ 1) Ադրբեջանի կառավարության 1919թ. հունվարի 15 որոշումով դր. Սուլթանովը նշանակվել է Շուշի, Զանգեզուր, Ջիբրայիլ և Ջիվանշիր գավառների ընդհանուր նահանգապետ և վայելում է անգլիական հրամանատարության աջակցությունը: 2) Գոյություն ունեցող օրենքների համաձայն, ամբողջ ազգաբնակչության կարիքների գոհացման համար, ընդհանուր նահանգապետին կից կազմակերպվում է հայ ու մահմեդական վեց իրազեկ ներկայացուցիչներից մի խորհուրդ: 3) Անգլիական հրամանատարության ներկայացուցչի հրահանգով կարող է խորհրդի մեջ մտնել անգլիական առաքելության սպաներից մեկը: 4) Ընդհանուր նահանագապետության սահմաններում ծառայող բոլոր պաշտոնյաների ռոճիկը հոգացվում են ադրբեջանյան գանձարանից: 5) Բոլոր վիճելի հարցերը իրենց վերջնական լուծումը կստանան Հաշտության վեհաժողովում: 6) Ընդհանուր նահանագապետության սահմաններում կատարվող բոլոր զինվորական տեղափոխությունների մասին նախօրոք տեղեկացվում է անգլիական առաքելությունը: 7) Սույն հաղորդագրությամբ անգլիական հրամանատարությունը ուզում է մատնանշել, որ ընդհանուր նահանգապետի վրա դրված պարտականությունների գործադրությունը՝ ի մասին ընդհանուր նահանագապետության մեջ կարգի և անդորության պահպանման, ընդհանուր նահանագապետից և նրա մարմիններից բխող բոլոր հրամաններն ու կարգադրությունները պետք է իրագործվեն առանց առարկության, և անգլիական հրամանատարությունը աջակցություն է ցույց տալիս ձեռք առնված բոլոր օրինական միջոցներին»:

Այս հայտարարությունը հանդիպեց Հայաստանի կառավարության և ղարաբաղցիների բուռն բողոքին ու դիմադրության: Հայաստանի արտգործնախարարը ապրիլի 16-ին, բրիտանական կովկասյան հրամանատարությունը հղեց հետևյալ հեռագիրը. «Ապրիլի 3-ին Բաքվի բրիտանական ուժերի հրամանատար գնդ. Շատելվորտի ստորագրությամբ անգլիական զինվորական առաքելության կողմից հայտարարություն է տրված, որով Շուշի, Զանգեզուր, Ջիբրայիլ և Ջիվանշիր գավառների ազգաբնակչությունը պարտադրվում է «առանց հակաճառելու՝ կատարել» Ադրբեջանի կառավարության նշանակած ընդհանուր նահանգապետ դր. Սուլթանովի և իր պաշտոնյաների «հրամաններն ու ձեռնարկները»: Դեռևս հունվար ամսին Հայաստանի կառավարությունը բողոքել էր Ադրբեջանի կառավարության առաջ Զանգեզուրը և հայկական Ղարաբաղը Ազդրբեջանի կողմից նշանակված ընդհանուր նահանգապետության սահմանների մեջ հայտարարելու դեմ: Բրիտանական հրամանատարության ուղղված մի քանի գրություններով Հայաստանի կառավարության կողմից, ես պատիվ եմ ունեցել հայտարարել, որ թե տեղական բնակչությունը և թե մեր կառավարությունը չեն կարող հաշտվել, որ Զանգեզուրն ու Հայկական Ղարաբաղը ենթարկվեն Ադրբեջանի կառավարության կողմից կարգված իշխանության, բայց հոժարությամբ խնդրում են, որ բրիտանական հրամանատարությունը գործադրի իր հեղինակավոր և հաշտարար միջամտությունն ու ազդեցությունը այդ շրջանում: Հայաստանի կառավարության հատուկ հանձնարարությամբ պարտք ունեմ հաղորդելու ձերդ գերազանցության, որ մեր կառավարությունը մնում է նույն կարծիքին և հայեցակետին»:

Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը անգլիական բարձր հրամանատարության հավանությամբ, Շուշի ուղարկեց ներկայացուցիչ Մ. Արզումանյանին: Մաք Մեզենը սրան էլ առաջարկեց հայտարարել, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը ենթարկվում են Ադրբեջանին: Մերժելով՝ Արզումանյանը ևս արժանացավ Բալայանի ու Զարաֆյանի բախտին. արտաքսվեց Ղարաբաղից: Ղարաբաղից հեռացվեց նաև Ազգային խորհրդի նախագահ Ասլան Շահնազարյանը:

Այս բոլոր անհաջող փորձերից հետո գնդապետ Շատելվորտը, ապրիլի վերջերին, մեկնեց Ղարաբաղ՝ անձամբ պարտադրելու Ադրբեջանի իշխանությանը: Այդ առթիվ ապրիլի 23-ին, Շուշիում գումարվեց Ղարաբաղի հինգերորդ համագումարը, որի առաջին նիստում Շատելվորտն ու դր. Սուլթանովը աշխատեցին համոզել ժողովականներին՝ ենթարկվել Ադրբեջանին: Համագումարի պատգամավորները բուռն ցասումով բողոքեցին ու մերժեցին համակերպվել Շատելվորտ-Սուլթանովի պահանջներին: Համագումարը միաձայն ընդունեց հետևյալ բանաձևը.

«Ղարաբաղի հայության 5-րդ համագումարը, 1919 թ. ապրիլի 23-ին (նոր տոմար) իր անպաշտոն նիստում լսելով անգլիական հրամանատարության ներկայացուցիչ գեներալ Շատելվորտի Ղարաբաղի ժամանակավոր իշխանության վարչական ծրագիրը և քննելով նույն համագումարի ապրիլի 24-ի պաշտոնական նիստում՝ որոշեց.

  1. Միանգամայն կողմնակից և ծարավի լինել կարգի և խաղաղության վերահաստատմանը Ղարաբաղում,
  2. Բոլոր ցանկությամբ և անկեղծությամբ ընդառաջ գնալով անգլիական հրամանատաության առաջարկին՝ խաղաղ բարեկամական հարաբերություններ պահպանել հարևան թուրք ժողովրդի հետ, որը միշտ էլ իրագործել է Ղարաբաղի հայությունը,
  3. Նկատի առնելով, որ Ղարաբաղի վերաբերյալ տերիտորիալ և սահմանային հարցերը պետք է վերջնական լուծում ստանան Խաղաղարար կոնֆերանսում, ինչպես և ինքը գեներալ Շատելվորտը հայտարարեց այդ մասին, Ղարաբաղի հայության 5-րդ համագումարը գտնում է, որ այդ ծրագիրը չի համապատասխանում համագումարին պատգամավորներ ուղարկող Ղարաբաղի հայ ժողովրդի ցանկությանը և կենսական շահերին, ինչպիսի համախոսակներ և գրավոր իմպերատիվ մանդատներ տվել է նա իր ընտրած պատգամավորներին:

Համագումարը անընդունելի է համարում Ադրբեջանի հետ առնչություն ունեցող որևէ վարչական ծրագիր և այդ ծրագրի բռնի իրականացումը կյանքի մեջ համարում է անխուսափելի պատճառ՝ ստեղծելու ազգամիջյան լուրջ խռովություններ ու արյունահեղություններ, որի պատասխանատվությունը իր վրա վերցնել ո՛չ մի դեպքում չի կարող Ղարաբաղի հայության 5-րդ համագումարը»:

Այս բանաձևը դիվանի ամբողջ կազմի և 48 պատգամավորների ստորագրությամբ հանձնվեց Շատելվորտին, որը դժգոհ ու զայրացած վերադարձավ Բաքու: Դրանից հետո, դր. Սուլթանովը, անգլիացիների օժանդակությամբ սկսեց զորքեր և զինվորական պատրաստություններ տեսնել, որպեսզի բռնի ուժով հնազանդեցնի ղարաբաղցիներին: Մայիսի վերջերից ադրբեջանյան զորքերը շրջապատում էին քաղաքը և ամուր դիրքեր գրավում:

Հունիսի 3-ին մայոր Մաք Մեզենը իր մոտ կանչեց Ազգային խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանին և անդամներ Հ. Թումանյանին և Ա. Տեր-Աստվածատրյանին և ուրիշներին՝ 7 հոգի և ստորագրություն առավ, որ այդ օրվանից այլևս քաղաքականությամբ չպիտի զբաղվեն: Նույն օրը ադրբեջանայն զորքերը դիրքեր գրավեցին հայկական թաղում: Հայերի մեջ սկսվեց խուճապ: Փակվեցին խանութներն ու արհեստանոցները և հավաքվեցին անգլիական ներկայացուցչության առջև՝ պահանջելով ձեռք առնել շտապ միջոցներ, որպեսզի տեղի չունենա արյունահեղություն: Մաք Մեզենը վստահեցրեց, թե ոչինչ չի պատահի, բայց նույն ժամին տեղեկություն ստացվեց, որ դր. Սուլթանովը պահանջում է իրեն հանձնել վերոhիշյալ 7 գործիչներին՝ սպառնալով, հակառակ դեպքում, քաղաքը ռմբակոծել թնդանոթներից: Մաք Մեզենի խորհրդով, 7 գործիչները հեռացան քաղաքից, անգլիական զինվորների հսկողության տակ: Սուլթանովի ուզածն էլ այդ էր:

Հաջորդ օրը՝ հունիսի 4-ին, թուրքական թաղից սկսվեց հրացանաձգություն ու հարձակում հայերի վրա: Քաղաքում գտնվող հայ ինքնապաշտպանողական խմբերը դիմեցին հակահարձակման և գրավեցին հայկական դիրքերը, որ մի օր առաջ բռնել էին թուրքերը: Ամբողջ օր տևեց հրացանաձգությունը, և քաղաքի հայ բնակչությունը ապրեց տագնապալի ժամեր: Տեսնելով, որ ընդհարումը կարող է խորանալ, Մաք Մեզենը հրամայեց թուրքերին և հայերին վերջ տալ հրացանաձգության և մաքրել դիրքերը. հայերը հնազանդվեցին, և նրանց դիրքերը գրավեցին անգլիական զինվորները: Թուրքերը դուրս չեկան իրենց դիրքերից: Թուրքերի գնդակով սպանվեց անգլիական մի զինվոր և վիրավորվեց մեկ ուրիշը:

Հունիսի 5-ին, անգլիական ներկայացուցչության և ադրբեջանյան հրամանատարության աչքի առջև, թուրք ու քուրդ զինված խուժանը կոտորեց Շուշիից 2 վերստ հեռու գտնվող Ղայբալիքենդ հայկական մեծ գյուղը: Անլուր բռնություններ գործվեցին անպաշտպան կանանց ու երեխաների վրա: Մի քանի հարյուր մարդ սպանվեց, գյուղը ավարի տրվեց ու քարուքանդ եղավ:

Ղայբալիքենդի կոտորածից հետո, մոտակա Կրկժան գյուղի հայ բնակիչները սպիտակ դրոշ բարձրացնելով՝ ուղևորվեցին Խանքենդ դիվիզիայի պետի մոտ՝ պաշտպանություն խնդրելու նպատակով: Խանքենդից ուղարկվեց մի զորամաս սպայի գլխավորությամբ, որը առաջարկեց հայ գյուղացիներին իրենց գույքը հանձնել ի պահ հարևան թուրքերին և տեղափոխվել Խանքենդ: Այսպես էլ արվեց, բայց Կրկժանը այնունամենայնիվ ավերվեց ու թալանվեց հուլիսի 7-ին. բոլոր հայերի տները հրդեհվեցին զորքերի աչքի առջև, զինվորական շտաբից մի վերստ հեռավորության վրա:

Նույն պայմաններում, զորքի աչքի առջև, հաջորդ օրը, ավերվեց ու թալանվեց և Փահլյուլ հայաբնակ գյուղը, որի ավերածության մասնակցեցին և ասկյարները:

Խանքեդից ոչ հեռու, իր կալվածքում, թուրք պահակների ներկայությամբ սպանվեց Նատալյա Աթաբեկյանն ու իր աղախինը. դիակները կորան անհետ:

Թուրք ամբոխը, մասնակցությամբ քրդական հեծելազորքի, հարձակվեց Դաշալթի գյուղի վրա, որը փրկվեց միայն անգլիացիների միջամտությամբ: Հարձակում եղավ և Դաշքենդ գյուղի վրա, որի բնակիչները ցույց տվեցին դիմադրություն: Սուլթանովը պատժելու համար գյուղացիներին՝ գնդացիր ուղարկեց նրանց դեմ:

Ասկերանի կիրճի մոտի Նախիջևանիկ և ուրիշ հայ գյուղերը տառացի իմաստով դրվեցին պաշարողական վիճակի մեջ: Գյուղական տների դեմ հանդիման կանգնեցվեցին կանոնավոր զորքեր, որոնք նեղում էին գյուղացիներին, թալանում ու փչացնում նրանց այգիները, բռնություններ գործ դնում, կանանց հետևից ընկնում և հրացանաձգությամբ վախի տակ պահում ամենքին:

Անզոր որևէ իրական դարման հասցնելու, հունիսի 12-ին մայոր Մաք Մեզենը անգլիական երկայացուցչության և զինվորաների հետ հեռացավ Ղարաբաղից՝ տանելով իր հետ հայ ժողովրդի անսահման ատելությունը, որին այնպես արժանի էր: Սուլթանովի ձեռքերն այլևս բոլորովին ազատ էին:

Ղարաբաղի կոտորածները սաստիկ հուզում առաջ բերին Կովկասի հայության բոլոր խավերում: Առաջին արձագանքը լսվեց Էջմիածնից: Ամենայն հայոց կաթողիկոսը զորավար Քորիին ուղղեց հետևյալ հեռագիրը. «Մենք համոզված ենք, որ դաշնակիցների հովհանավորության շնորհիվ մեր հոտի համար հասել է փրկությունը երկար տանջանքներից ու չարչարանքներից: Բայց և այնպես, Ղարաբաղում հոսում է անմեղ արյունը կանանց, երեխաների և նրանց հերոսական պաշտպանների, որոնց ողբն ու աղաղակը հասնում է մինչև մեր պատրիարքական աթոռը: Մենք չենք կարող մնալ անկարեկից դիտող կատարվող սարսափների և ձայն չբարձրացնել նոր բնաջնջման նախօրյակին գտնվող մեր հոգևոր զավակներին և վերացնել վիճելի խնդիրը: Կատարելապես հավատում ենք, որ հզոր Մեծն Բրիտանիայի ներկայացուցիչը կիրագործի մեր օրինական բաղձանքները»:

Հունիսի 16-ին Երևանում տեղի ունեցավ հրապարակային մեծ ժողովով, ուր կրակոտ ճառեր խոսեցին Դ. Անանունը, Ա. Խոնդկարյանը, Վ. Խորենին, Դրոն և ուրիշներ: Ժողովը ընդունեց հետևյալ բանաձևը.

«Հունիսի 16-ի հրապարակային ժողովը խորը հուզումով լսեց այն լուրը, որ Ղարաբաղում անգլիական միսիայի աչքերի առջև Ադրբեջանի զորքը Սուլթանովի գլխավորությամբ ավերել է հայկական վեց գյուղեր, կոտորել է ավելի քան 600 կին ու երեխաներ, սպառնում է շարունակել կոտորածը և ստիպել Հայկական Ղարաբաղը արյան մեջ ողողելու: Մենք համոզված ենք, որ այս շարունակությունն է Էնվեր-Թալեաթյան քաղաքականության: Այնտեղ, Թուրքիայում, ամբողջ քաղաքակիրթ մարդկության աչքերի առջև կոտորածի ենթարկվեց միլիոնավոր հայ ժողովուրդը. այստեղ, Ադրբեջանում, դաշնակից ժողովուրդների աչքերի առջև աշխատում են ոչնչացնել Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը և հաստատել իրենց արյունոտ կարգերը այս երկրում: Խորը գիտակցելով մեր պարտականությունը՝ վճռականապես բողոքում ենք այն բարբարոսության դեմ, որ գործադրում է Ադրբեջանը: Պահանջում ենք անհապաղ հեռացնել Ղարաբաղի սահմաններից Սուլթանովի ավազակախումը: Մենք հայտարարում ենք, որ Ղարաբաղի իրավունքների պաշտպանության հարցում մեր կառավարությունը լիակատար աջակցություն կարող է գտնել մեր կողմից: Բա՛վ է, որքան կոտորվեց հայ ժողովուրդը Թուրքիայում, Ղարաբաղում, Ադրբեջանում: Մենք այլևս չենք կարող թույլ տալ, որ եվրոպական մեծ ժողովուրդների ներկայացուցիչների աչքերի առջև մեր կանայք ու երեխաները ենթարկվեն կոտորածի: Պահանջում ենք, որ դաշնակից պետությունների Կովկասում գտնվող ներկայացուցիչները վերջ դնեն կոտորածի և ավերի քաղաքականությանը: Պահանջում ենք հայկական կառավարությունից բուռն կերպով բողոքել դաշնակիցների ներկայացուցիչներին և հանուն քաղաքակրթության ու մեր ժողովուրդի ֆիզիկական գոյության պաշտպանել հայ ժողովրդին  ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով: Մենք բողոքում ենք և մեր հիացմունքն ենք հայտնում Ղարաբաղի մեր եղբայրներին, որոնք հերոսաբար կռվում են Սուլթանովի բռնակալության դեմ հանուն ժողովուրդների ինքնորոշության ու քաղաքականության»:

Ապա, հազարավոր բազմությունը ցույց արեց Խորհրդարանի ու կառավարական շենքի առջև և նվագախմբի ուղեկցությամբ շարժվեց դեպի անգլիական ներկայացուցչությունը, որի առջև նույնպես արտասանվեցին ճառեր և հանձնվեց բանաձևը:

Թիֆլիսում տեղի ունեցան երկու բազմամարդ հրապարակային ժողովներ՝ հունիսի 8-ին և 22-ին: Վերջինին մասնակցում էին քառասունից ավելի ազգային ու հայրենակցական կազմակերպություններ ու հազարավոր ներկաներ: Նախագահում էր Հովհ. Թումանյանը: Ընդունված բանաձևը պահանջում էր դաշնակիցների միջամտությունը, դր. Սուլթանովի վտարումը Ղրաբաղից, կոտորածի հեղինակների ձերբակալությունն ու պատժվելը և Ղարաբաղի միացումը Հայաստանին:

Բողոքի ձայն բարձրացրին և Հայաստանի կառավարությունը, Ադրբեջանի խորհրդարանի հայ պատգամավորներն ու Ղարաբաղի Ազգային խորհուրդը: Վերջինս, Ղայբալիքենդի կոտորածից անմիջապես հետո մի ընդարձակ հաղորդագրությամբ դիմեց դաշնակից հրամանատարությանը ու հանրային կարծիքին՝ պնդելով, որ պատահած դեպքերի միակ պատասխանատուն դր. Սուլթանովն է: Ղարաբաղի հայ ազգաբնակչությունն ու Ազգային խորհուրդը միշտ խուսափել են ընդհարումների առիթներ տալուց. նրանց գլխավոր պահանջը եղել է՝ Ղարաբաղը նկատել վիճելի շրջան և այնտեղ հաստատել անգլիական չեզոք իշխանություն, մինչև որ սահմանների հարցը վերջնականապես որոշվի: Հակառակ ծանր պայմանների, Ազգային խորհրդին հաջողվել է պահել հայ-թուրքական խաղաղությունը և խուսափել բախումներից: Սուլթանովը Ղարաբաղ գալով՝ ձեռնարկում է հարձակողական քայլեր՝ որոշելով զենքի ուժով հնազանդեցնել հայկական շրջանները: Հանդիպելով դիմադրության՝ դիմում է բռնության և սադրանքի, հայերի դեմ գրգռում է մահմեդական տգետ զանգվածներին ու քոչվորներին և գործիք դարձնում քուրդ հրոսկախմբերը: 580 հայ է սպանվել Ղարաբաղում, և այդ արյան պատասխանատվությունն անմիջապես ընկնում է Սուլթանովի վրա: Մանրամասնորեն թվելով Ղարաբաղի դեպքերը՝ Ազգային խորհուրդը հավատացնում է, որ Շուշին գրավելը դեռևս Ղարաբաղի նվաճում չի նշանակում և որ ո՛չ մի համաձայնության չի կարելի հասնել Սուլթանովի հետ: Հայտնում է նույնպես, որ շուտով գումարվելու է Ղարաբաղի հայության 6-րդ համագումարը, որը նորից քննության կառն իր և Ադրբեջանի փոխհարաբերության հարցը:

Նույն իմաստով զեկուցում բերեց և Շատելվորտի ներկայացուցիչ գնդապետ Գլատերբերգը, որը ուղարկվել էր Ղարաբաղ ծանոթանալու համար կոտորածների մանրամասնություններին: Նա ևս պնդում էր, որ կոտորածի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Սուլթանովի վրա, որը նախօրոք քաղաքի և Ղայբալիքենդի մոտերը դրել էր քրդական խմբեր և նրանց միջոցով ջարդել հայերին: Եթե Սուլթանովը կամենար, կոտորած չէր լինի և անդորրությունը Ղարաբաղում չէր խանգարվի: Գնդապետ Գլատերբերգը առաջարկում էր պատասխանատվության ենթարկել Սուլթանովին:

Միևնույն պահանջի վրա պնդում էին Ադրբեջանի Խորհրդարանի հայ պատգամավորները, որոնց կողմից պատգամավոր Պ. Չուբարը գնացել էր Ղարաբաղ, տեղնունտեղը ուսումնասիրել դեպքերը և նույնպես հանգել այն եզրակացության, որ պատահածների ամբողջ պատասխանատուն Սուլթանովն էր: Խորհրդարանում արտասանած իր ընդարձակ ճառով Չուբարը բազմաթիվ փաստերով ու պաշտոնական վավերագրերով հաստատեց, որ Ղայբալիքենդի և մյուս գյուղերի կոտորածը Սուլթանովի գործն էր: Խորհրդարանը, սակայն, գտավ, որ Ղարաբաղի «տեղական իշխանությանց և, ի մասնավորի, ընդհանուր նահանգապետի գործողությունների մեջ չկա ապօրինության և ոչ մի փաստ»:

Ղայբալիքենդի կոտորածների և անգլիացիների հեռանալու տպավորության տակ, Սուլթանովի հրավերով, հունիսի 28-ին, Վարանդայի Շոշու գյուղում (Շուշիից 4 վերստի վրա) հավաքվեց Ղարաբաղի 6-րդ համագումարը, որին մասնակցում էին Բաքվի ղարաբաղցիների ներկայացուցիչներն ու Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչ Ռուստամբեկովը: Օրակարգի հարցն էր՝ Ադրբեջանի իշխանության ճանաչումը: Սուլթանովը կանչված էր Բաքու. անգլիացիք էլ ներկայացուցիչ չէին ուղարկել: Այդ պատճառով համագումարը ընտրեց 3 հոգիանոց մի մարմին՝ Ռուբեն Շահնազարյան, Արամայիս Տեր-Դանիելյան, Գերասիմ Խաչատրյան, տալով նրան Ղարաբաղի կողմից Ադրբեջանի կառավարության հետ բանակցելու լիազորություն և ինքը ցրվեց:

Ընտրվածները մեկնեցին Բաքու՝ տանելով իրենց հետ համաձայնության մի նախագիծ: Ճանապարհին Գեր. Խաչատրյանը սպանվեց թուրքերի ձեռքով, իսկ մյուս երկուսը հասան Բաքու և ղարաբաղցիների Հայրենակցական միության ու Ազգային խորհրդի հետ խորհրդակցելուց հետո՝ բանակցության մեջ մտան Ադրբեջանի կառավարության և Սուլթանովի հետ և հանգեցին որոշ համաձայնության:

Նախնական համաձայնությունը կայացնելուց հետո, Ղարաբաղի ներկայացուցիչները և Սուլթանովը վերադարձան Ղարաբաղ: Սուլթանովը արտաքնապես փոխեց իր վերաբերումը. շատ սիրալիր էր դեպի հայերը և ամեն կերպ աշխատում էր գրավել նրանց համակրանքը: Հաստատվեց հայկական թաղում մի հայի տանը և հայտարարեց, որ Շուշի-Եվլախ ճանապարհը այլևս բաց է, և հայերը ազատ են ճամփորդելու. նրանց գլխից մի մազ իսկ չի ընկնի: Հայերն էլ, իրենց հերթին, աշխատում էին առիթ չտալ դժգոհության ու բարդությունների:

Այս երևութական խաղաղության տակ, սակայն, կրքերը շարունակում էին եռալ, և երկու կողմերն էլ տենդագին պատրաստությունների մեջ էին: Հայերը պատրաստվում էին 7-րդ համագումարին, որը պիտի որոշեր Բաքվում կնքված համաձայնության ճակատագիրը. ղարաբաղցիները պետք է ասեին, թե ի՞նչ է իրենց վճիռը՝ ընդունել Ադրբեջանի իշխանությո՞ւնը, թե շարունակել պայքարը: Այս հողի վրա սուր տարակարծություններ կային քաղաքացիների և գյուղացիների միջև. վերջինները մեղադրում էին քաղաքացիներին, որ նորից դավաճանել են Ղարաբաղին՝ համաձայնվելով համակերպվել Ադրբեջանի պայմաններին:

Մյուս կողմից պատրաստություններ էր տեսնում և Սուլթանովը. մի կողմից աշխատում էր կողմնակիցներ որսալ հայերի մեջ՝ պառակտելով նրանց, մյուս կողմից շտապում էր գրավել ռազմագիտական կարևոր կետերը, ավելացնել զորքերի թիվը, մարզել և ամրացնել նրանց: Հավաքում էր սպառնական բռունցք, ազդելու համար համագումարի վրա:

Օգոստոսի 12-ին, Շոշու գյուղում, բացվեց 7-րդ համագումարը: Սուլթանովը չներկայացավ նրան և ուղարկեց առաջնորդ Վահան եպիսկոպոսին մի քանի քաղաքացիների հետ: Համագումարը մերժեց լսել սրանց և մի խիստ բողոք ուղղեց Սուլթանովին՝ Գ. Խաչատրյանի և ուրիշների սպանության դեմ: Ի պատասխան, օգոստոսի 14-ին, Սուլթանովը ներկայացրեց համագումարին մի վերջնագիր՝ պահանջելով 48 ժամվա ընթացքում ընդունել Բաքվում մշակված համաձայնագիրը՝ սպառնալով, հակառակ պարագայում, «դիմել զինվորական ուժի»:

Համագումարը երկարորեն քննեց ստեղծված դրությունը և համոզվելով, որ դրսից ոչ մի օգնություն չի կարող ստանալ՝ անգլիացիները պաշտպանում էին ադրբեջանցիներին, իսկ Հայաստանի կառավարությունը ի վիճակի չէր լուրջ օգնություն հասցնելու, այլև կշռելով սեփական ուժերը՝ խոհեմություն համարեց զիջելու և օգոստոսի 15-ին որոշեց ընդունել Բաքվի համաձայնագիրը: Հաջորդ օրը՝ օգոստոսի 16-ին նրա 16 ներկայացուցիչներ գնացին Շուշի, Սուլթանովի մոտ և օգոստոսի 22-ին ստորագրեցին հետևյալ համաձայնագիրը.

«Նկատելով, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հարցը լուծվելու է Հաշտության վեհաժողովում, որ ամեն մի ընդհարում վնասակար է Ղարաբաղի ազգաբնակչության համար, որ Ղարաբաղի հարցը ինչ ձևով էլ լուծվելի լինի, հայերն ու մահմեդականները ապրելու են միասին, Ղարաբաղի Հայոց 7-րդ համագումարը իր 1919 թ. օգոստոսի 15-ի առավոտյան նիստում որոշեց կանգ առնել Ադրբեջանի Հանրապետության կառավարության հետ կայացված համաձայնության հետևյալ կետերի վրա.

  1. Սույն ժամանակավոր համաձայնությունը կողմերն ընդունում են մինչև որ այդ հարցը վճռվի Հաշտության վեհաժողովում, որպեսզի լուծումը հավասարապես պարտադիր է երկու կողմերի համար էլ:
  2. Ղարաբաղի Շուշի, Ջիվանշիր և Ջիբրայիլ գավառների հայերով բնակեցված լեռնային մասը (Դիզակ, Վարանդա, Խաչեն, Ջրաբերդ) ժամանակավորապես իրեն համարում է Ադրբեջանի Հանրապետության սամաններում:
  3. Շուշիի, Ջիվանշիրի և Ջիբրայիլի գավառները մնում են իբրև առանձին վարչական միավոր Ղարաբաղի ընդհանուր նահանգապետության և նրա ներքին կազմակերպությունն այնպես է, որ լեռնային հայկական մասում վարչությունը նշանակվում է հայերից՝ փոքրամասնության իրավունքների երաշխավորությամբ:
  4. Ղարաբաղի լեռնային մասում (Դիզակ, Խաչեն, Վարանդա և Ջրաբերդ) վարչական պաշտոնակատար անձինք նշանակվում են խորհրդի հայ անդամների աջակցությամբ:
  5. Ղարաբաղի ընդհանուր նահանգապետության կից հիմնվում է 6 հոգիանոց մի խորհուրդ՝ 3 հայ և 3 մահմեդական:
  6. Խորհրդի հայ անդամները ընտրվում են Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության համագումարից: Համագումարն իրավունք ունի վերընտրվելու:
  7. Միջցեղային բնույթ ունեցող սկզբունքային բոլոր հարցերը չեն կարող կիրառվել կյանքում առանց նախօրոք խորհրդում քննվելու:
  8. Խորհուրդն ունի նախաձեռնության իրավունք ընդհանուր նահանգապետության կարգավորման ու կառավարության վերաբերվող հարցերում:
  9. Խորհուրդն ունի ընդհանուր նահանգապետության վարչության վրա հսկելու ու հակակշռելու իրավունք՝ առանց վարչության գործողություններին խառնվելու իրավունքի:
  10. Հաստատվում է ընդհանուր նահանգապետի քաղաքացիական մասի օգնականի պաշտոն, որպիսի պաշտոնին նշանակվում է հայ:
  11. Քաղաքացիական մասի օգնականի պաշտոնի համար հայկական համագումարը ներկայացնում է Ադրբեջանի կառավարության երկու թեկնածու, որոնցից մեկը հաստատվում է:
  12. Ղարաբաղի հայերը վայելում են մշակութային ինքնավարության իրավունք:
  13. Մշակութային ինքնավարության իրավունքը կիրառվում է Ղարաբաղի հայոց ազգային խորհրդի կողմից, որը ընտրվում է Ղարաբաղի հայերի պարբերաբար հրավիրվող համագումարներում: Համագումարը հրավիրում է Ազգային խորհուրդը:
  14. Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը հակակշռում է Հայոց ազգային խորհրդի գործունեությունը հայ լիազորների միջոցով:
  15. Զորամասերը կենում են Խանքենդում և Շուշիում, խաղաղ ժամանակվա կազմով:
  16. Զորամասերի ամեն տեղափոխում Ղարաբաղի, Շուշի, Ջիվանշիր և Ջիբրայիլ գավառների լեռնային հայաբնակ մասերում կարող է կատարվել խորհրդի անդամների երկու երրորդի համաձայնությամբ:
  17. Քաղաքական համոզումների համար ոչ ոք չի կարող հետապնդման ենթարկվել ոչ դատական, ոչ էլ վարչական կարգով:
  18. Քաղաքական պատճառներով մեկնելու հարկադրված բոլոր հայերը իրավունք ունեն վերադառնալու իրենց տեղերը:
  19. Ղարաբաղում դադարեցվում է հայ և մահմեդական բնակչության զինաթափումը մինչև Ղարաբաղի հարցի որոշվելը հաշտության վեհաժողովում:

Ծանոթություն. քանի որ ամբողջ Ադրբեջանում հայտարաված է զինաթափում, խոսք կարող է լինել միայն դադարեցման մասին:

  1. Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը ցույց է տալիս նյութական և բարոյական աջակցություն Ղարաբաղի ազգաբանակչությանը՝ մահմեդական ու հայ քանդված գյուղերը շուտով վերականգնելու համար:
  2. Միջցեղային հարաբերությունները ավելի լավ կարգավորելու նպատակով խորհուրդը պարբերաբար հրավիրում է հայ մահմեդական ընդհանուր և տեղական համագումարներ:
  3. Միությունների, խոսքի ու մամուլի կատարյալ ազատություն: Իսկ ժողովները, քանի որ ամբողջ Ադրբեջանում տիրում է զինվորական դրություն, արտոնվում են վարչության կողմից:
  4. Մասնավոր և պաշտոնատար անձանց բոլոր հանցագործությունները հետապնդվում են դատական եղանակով, բացի պետական Պաշտպանության կոմիտեի 1919 թ. հունիսի 11-ի պարտադիր որոշումով ընդհանուր դատաստանական ենթակայությունից հանված հանցանքներից:
  5. Մինչև այժմ տեղի ունեցող միջցեղային ընդհարումներին մասնակցելու համար ոչ ոք չի ենթարկվում պատասխանատվության:
  6. Սույն համաձայնությունը ուժի մեջ է մտնում Ղարաբաղի Հայոց 7-րդ համագումարի ընդունած վայրկյանից:
  7. Սույն համաձայնությունը իր ուժի մեջ է մնում բոլոր դեպքերում՝ պաշարողական, զինվորական և այլն:

Ղարաբաղի 7-րդ համագումարի նշանակած պատվիրակները լիազոր են՝ ստորագրելու համագումարի բոլոր անդամների ընդունած վերջնական ժամանակավոր համաձայնությունը Ադրբեջանի կառավարության հետ, ընտրելու 2 թեկնածու Ղարաբաղի ժամանակավոր ընդհանուր նահանգապետի կից գտնվող խորհրդի 3 անդամներ ու լուծելու բոլոր այն տեխնիկական հարցերը, որոնք կապված են Ղարաբաղի կառավարության հետ՝ ընդունված ժամանակավոր համաձայնության հիման վրա:

  1. Դանիել Առաքելյան, 2. Աբրամ Կեսիկեգյան, 3. Սիմոն Պողոսյան, 4. հիվանդ է, 5. Սմբատ Բալայանց, 6. Բենիամին Բաբաքյոխվյանց, 7. Իսրայել Գյուլիքյոխվյանց, 8. Աբրամ բեկ Իշխանյան, 9. Բաշխի Մուրադյան, 10. Հովհաննես Աբրամյան, 11. Ստեփան Ստեփանյան, 12. Հակոբ Բալասանյան, 13. Տիգրան Մելիք-Գասպարյան, 14. Ավանես Գասպարյան, 15. Լևոն Վարդանյան, 16. Արսեն Հովհաննիսյան»:

Այս համաձայնագրի բոլոր կետերի ամփոփումը նույն օրը ևեթ, օգոստոսի 22-ին, Սուլթանովը հրատարակեց առանձին հայտարարությամբ և հանդիսավորապես պարտավորություն ստանձնեց՝ կատարելու կյանքի մեջ: «Այսուհետև,- ասվում էր նա այդ հայտարարության մեջ,- նոր դարագլուխ է բացվում Ղարաբաղի ազգաբնակչության կյանքում»:

Նոր դարագլուխ, դժբախտաբար, չբացվեց, բայց Սուլթանովը իրավունք ուներ հպարտանալու, որովհետև, թեև ժամանակավոր կերպով, Ղարաբաղը դառնում էր Ադրբեջանի մաս: «Ժամանակավորը», «մշտական» դարձնելը ապագայի հարց էր, և ադրբեջանցի գործիչները չէին հրաժարվում այդ մտքից: Մի ուրիշ հայտարարության մեջ, հետագայում, Սուլթանովը ավելի ցայտուն կերպով արտահայտեց այդ տրամադրությունը. «Նրանք, որ երազում են Ղարաբաղի հայկական լեռնային մասը բաժանել նրա մահմեդական մասից,- ասում էր նա, կարող են համարվել կամ ցնորամիտներ և կամ իրենց ժողովրդի թշնամիներ: Ղարաբաղի դաշտավայրից պոկված լեռնամասի ազգաբնակչությունը սովից կկոտորվի, դաշտավայրի բնակչությունն էլ, առանց լեռների, կկործանվի թե տնտեսապես (անասնաբուծություն) և թե ֆիզիկապես (մալարիա): Իսկ եթե մի անգամ ընդունեք իբրև անժխտելի ճշմարտություն, որ Ղարաբաղը տնտեսապես և քաղաքականապես անբաժան է, հեշտ կլինի լուծել այն հարցը, թե ո՞ր պետության է պատկանելու այն: Եվլախից սկսած մահմեդական հոծ բնակչության շրջանն է տարածված: Մոտենալով լեռան ստորոտին՝ տեսնում ենք հայ-մահմեդական խառն բնակչության շրջան: Բարձրանալով լեռները՝ գտնում ենք համարյա բացառապես հայ ազգաբնակչություն: Այդ վերջին շրջանի հետևը դարձյալ մահմեդական շրջաններ են՝ Զանգեզուրը և ավելի հեռուն՝ Նախիջևանը, որից հետո սկսվում է Հայաստանի հողը: Այսպիսով հայկական շրջանը շրջապատված է մահմեդական շրջաններով: Բացի այդ, պետք է նկատել, որ ձմեռվա երեք ամիսների ընթացքում ճանապարհը Նախիջևանից Զանգեզուր, ուրեմն, և Հայաստանից  Զանգեզուր բոլորովին կտրվում է:

Այսպիսով, Ղարաբաղը, իբրև տնտեսական մի ամբողջություն, ճնշիչ մեծամասնությամբ բաղկանալով մահմեդական ազգաբնակչությունից և հայկական շրջանը լինելով շրջապատված մահմեդական շրջաններով, իր ո՛չ մի մասով կապ չունի Հայաստանի հետ և ֆիզիկական հնարավորություն չունի հարաբերություն պահելու նրա հետ: Մյուս կողմից, Ղարաբաղը գտնվում է տնտեսական և, այսպես ասենք, բնախոսական սերտ կապակցության մեջ Ադրբեջանի հետ և միացումը այս վերջինի հետ պահանջում են Ղարաբաղում ապրող երկու ազգությունների շահերը»:

Պարզ ու կտրուկ. Ղարաբաղի հարցը միայն Ղարաբաղը Ադրբեջանին կցելու խնդիր չէ, այլև Զանգեզուրն ու Նախիջևանը Ադրբեջանին միացնելու:

Օգոստոսի 22-ի համաձայնությունը ցնծությամբ ընդունվեց ամբողջ Ադրբեջանում: Մուսավաթի պարագլուխ Ռասուլ  Զադեն թարգմանը եղավ ընդհանուր ուրախության:

«Ղարաբաղը,- գրում էր նա,- մեր հայրենիքի այդ սիրուն վայրը ազատվեց մեր համառ դրացիների ոտնձգություններից, որոնք ջլատում էին մեր տնտեսական կյանքը, և մեր ջրերի վերին հոսանքը բռնելով՝ ուզում էին մեզ նեղ դրության մատնել: Առանց տեղի տալու ավելորդ արյունահեղության՝ հայ ժողովուրդը բռնեց հարցի խաղաղ լուծման ճանապարհը և ընդունեց Արդբեջանի գերիշխանությունը:

Նախիջևանը, որ իր բնական պայմաններով իսկապես «Նախշը-Ջիհան» (աշխարհի զարդանկար) է և անբաժան մասը Ադրբեջանի, շնորհիվ իր հերոս ու անձնվեր զավակների հայրենասիրության, օգտվեց ապստամբվելու իրավունքից՝ միանալու համար հայրենիքին, որից բաժանվել էր խաբվելով: Նախիջևանը իր սահմանից դուրս շպրտեց բռնագրավող Հայաստանի բանակը:

Գալով Զանգեզուրին, որ ցավ է դարձել մեզ համար և մեջտեղը կանգնած է սպառնալով մեր նպատակներին, կարող ենք հույս ունենալ, որ նա էլ մոտ ժամանակում կդրվի անվնաս դրության մեջ, և որ Առտարա գետից և Սումուրի կամուրջից սկսած մինչև Արաքս գետն ու Ջուլֆայի կամուրջը կբացվի անարգել մի ճամփա: Այդ նշանակում է, որ այս կերպով Ադրբեջանի հողային պահանջների կարևոր մասը լուծում է ստացել:

Եվ, իրոք, Ղարաբաղի հարցը «լուծելուց» հետո, Ադրբեջանը սկսեց տենդագին պատրաստություններ տեսնել Զանգեզուրն էլ «անվնաս դրության մեջ» դնելու համար: