«Ծովից ծով Հայաստանի» պահանջում «հայկական Փարիզը» խաղացել էր իր դավադիր խաղը. Սիմոն Վրացյան

17639

Սա հատված է Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից և պատասխան է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունուն: 

Բնականաբար, Քաջազնունին գոհ չէ և «մեր դիվանագիտական աշխատանքից դրսի աշխարհում»: Եվ ամենից առաջ նրան զայրացնում է այն «ցնորամիտ, տղայական ծրագիրը», որ «1919թ. գարնանը Փարիզում, հանրապետության Պատվիրակությունը Ազգային Պատվիրակության հետ միասին», ներկայացրեց դաշնակից մեծ պետութիւններին: «Մեր պատվիրակությունը, իբրև հրահանգ, տարել էր Երևանից շատ համեստ պահանջներ՝ համապատասխան մեր շատ համեստ կարողությունների: Ինչպե՞ս պատահեց, ուրեմն, որ Պատվիրակությունը ստորագրեց ու ներկայացրեց «ծովից ծով» պահանջը»: Եվ Քաջազնունին պատասխանում է. «հայկական Փարիզը որոշեց»:

Քաջազնունու վրդովումը միանգամայն արդարացի է. այո՛, մեր նորագույն պատմության մեջ ճակատագրական դեր կատարեց «Հայկական Փարիզը»՝ ուտոպիստ, մեծամիտ, ամբարտավան, եսապաշտ, բամբասանքներ և ինտրիգներ սիրող, հայրենի հողից կտրված ու տգետ, բայց հայրենիքի ճակատագիրը տնօրինելու հավակնությամբ արբեցած դավադիր «Հայկական Փարիզը»: Եվ «Երևանից շատ համեստ պահանջներով» Եվրոպա մեկնած պատվիրակությունը, անշուշտ, զոհ գնաց նույն այդ «Հայկական Փարիզի» դավերին:

Պետք է ասել, որ Երևանում նախատեսվում էր այդպիսի հնարավորություն: Երբ կազմվում էր Պատվիրակությունը, շատերին լուրջ կերպով մտահոգում էր այն վախը, որ «Հայկական Փարիզը» կարող է անել ոչ ցանկալի ազդեցություններ: Եվ այդ պատճառով կային մարդիկ, որոնք անհրաժեշտ էին համարում, որ Պատվիրակության մեջ մտնեն նաև բուն երկրի գործիչներ: Մասնավորապես պնդող կային, որ հանգուցյալ Արամն [Մանուկյան] էլ գնա Պատվիրակության հետ:

Դժբախտաբար, այս առաջարկը չանցավ: Մյուս կողմից, և՛ կուսակցություններում, և՛ խորհրդարանում մանրազնին քննության առարկա դարձան Պատվիրակության տրվելիք հրահանգները: Մասնավորապես, երկար և բուռն վեճ եղավ Հայաստանի սահմանների շուրջ, և խորհրդարանը պարզ ու որոշ կերպով ձևակերպեց իր կամքը. պահանջել Հայաստան՝ ելքով դեպի Սև ծով: «Ծովից ծով» Հայաստանի պահանջը մերժվեց:

Այս իրադարձություններին, բոլոր վեճերին ու բանակցություններին, խորհրդարանի ու կառավարության նիստերին մասնակցել են և Պատվիրակության անդամներ Ա[վետիս] Ահարոնյանն ու Մ[իքայել] Պապաջանյանը, որոնք ստացել են իմպերատիվ մանդատ ու մեկնել Եվրոպա… Եվ, հանկարծ, մի քանի ամիս հետո, Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը իմանում են, որ իրենց Պատվիրակությունը ներկայացրել է «Ծովից ծով Հայաստանի» պահանջ… «Հայկական Փարիզը» խաղացել էր իր դավադիր խաղը:

Պատվիրակության պատասխանատվությունը մեծ է այս խնդրում: Կազմակերպված պետության մեջ նման քայլի հեղինակները կենթարկվեին ամենախիստ պատասխանատվության: Քաջազնունու վրդովումը հասկանալի է ու տեղին… բայց ո՛չ բավարար:

Պատվիրակությունը վատ վարվեց: Իսկ ի՞նչ արեց կառավարությունը: Ի՞նչ արեց ինքը՝ Քաջազնունին, որ այն ժամանակ կառավարության նախագահն էր: «Հայաստանի կառավարությունը, ասում է նա, իր անունից ներկայացված պահանջի մասին տեղեկություն ստացավ երկու թե երեք շաբաթ հետո միայն»: Այդքա՞ն: Տեղեկություն ստացավ ու տեղը հանգիստ նստե՞ց: Ինչո՞ւ վարչապետ Քաջազնունին ա՛յն ժամանակ չվրդովվեց ու պատասխանատվության չկանչեց այդ «ցնորամիտ ու տղայական ծրագրի» հեղինակներին, ինչո՞ւ պաշտոնանկ չարեց Ահարոնյանին, Պապաջանյանին, դատի չհանձնեց նրանց. չէ՞ որ այդ իր անմիջական պարտականությունն էր: Եվ, վերջապես, ինչո՞ւ չշտապեց հետ առնել խորհրդաժողովից «աշխարհակալական այդ ապշեցուցիչ պահանջը» ու տեղը նորը, ավելի համապատասխանը չներկայացրեց: Ասացեք խնդրեմ, ի՞նչ տարբերություն կա «Հայկական Փարիզի» ու «Քաջազնունու Երևանի» միջև:

Եվ հետո: 1919թ. գարնանը, երբ Խաղաղության համաժողովին ներկայացվել էր «ծովից ծով» Հայաստանի պահանջը, Փարիզ հասավ Հայաստանի Հանրապետության նախագահը՝ ինքը Քաջազնունին: Բավական ժամանակ մնաց Փարիզ, մասնակցեց Պատվիրակության աշխատանքներին և մեկնեց Ամերիկա: Այնտեղ էլ մնաց բավական երկար ժամանակ՝ մինչև 1920թ. ամառը: Ապա նորից անցավ Փարիզ ու Փարիզից՝ Հայաստան:

Քաջազնունու ճամբորդության ժամանակ գրած գրեթե բոլոր նամակներն ու տեղեկագրերը՝ Փարիզից, թե Ամերիկայից, ես կարդացել եմ: Երկա՜ր, շա՜տ երկար գրում էր նա բազմաթիվ հարցերի մասին, և չեմ հիշում մի խոսք, մի ակնարկ, որով նա դժգոհություն կամ բողոք հայտնած լիներ Պատվիրակության այդ քայլի դեմ: Բնակա՞ն բան է այս, ներելի՞ բան է. համարես, որ քո ներկայացուցիչը «ապշեցուցիչ», «ցնորամիտ», «տղայական « ծրագրերով դիմումներ է անում պետություններին, և ինքդ հանգիստ խղճով նստես նրա կողքին, տեսնես նրա գործերն ու լռես…

Ինչո՞ւ Քաջազնունին, հենց Փարիզում չբռնեց Պատվիրակության օձիքը, ինչո՞ւ չշտապեց սրբագրել «ապշեցուցիչ» սխալը: Չէ՞ որ ժամանակ կար, ծրագիրը ներկայացված էր 1919-ի գարնանը, իսկ Սևրը եղավ 1920-ի օգոստոսին … Այո՛, պատմության դատաստանը պե՛տք է դատ անի այն մարդկանց գլխին, որոնք հայ ժողովրդի անունից դր[եց]ին «աշխարհակալական ցնորամիտ պահանջներ», բայց… այդ մարդիկ միայն «հայկական Փարիզում» չէին, այլև «հայկական Երևանում»: