Օսմանյան Թուրքիայի պահանջով Սեյմը Անդրկովկասը հայտարարում է Ռուսաստանից անկախ. 1918-ի մարտ

3546

1918թ. հունվարին Վեհիբ փաշան Անդրկովկասի ներկայացուցիչներին հրավիրեց Բրեստ-Լիտովսկ: Նա խոստանում էր Անդրկովկասյան կառավարությունը ճանաչել տալ նաև իր դաշնակիցներ գերմանացիներին, ավստրիացիներին և բուլղարներին: Բրեստ-Լիտովսկ մեկնելու կողմնակից էին վրաց ազգայնականները, բայց վճռականորեն դեմ էին վրաց մենշևիկները և հայերը:

Քանի դեռ Բրեստ-Լիտովսկում բոլշևիկների և գերմանացիների միջև համաձայնություն ձեռք չէր բերվել, թուրքական և գերմանական զորքերը տարբեր ռազմաճակատներում առաջ էին շարժվում: Անդրկովկասյան կառավարությունը դիմեց  Սեյմին, որպեսզի հատուկ պատվիրակության միջոցով բանակցություններ սկսի թուրքերի հետ: Սեյմն ընտրեց  պատվիրակության կազմը` նախագահությամբ Ակակի Չխենկելու:

Սեյմի 1918թ. փետրվարի 2-ի նիստում պատերազմի և խաղաղության հարցը բանավեճի հերթական առիթն էր տվել հայերին, վրացիներին ու թաթարներին (ադրբեջանցիներին): Նոյ Ժորդանիան հայտարարեց, թե այնպիսի հաշտություն, որը ստորագրեցին բոլշևիկները, ՙմենք չենք ստորագրի. ավելի լավ է պատվով մեռնել դիրքերում, քան թե խայտառակվել ու սերունդների անեծքին արժանանալ՚:

Քաջազնունին ՀՅԴ խմբակցության անունից հայտարարեց ՙհաշտություն առանց բռնագրավումի և ռազմատուգանքի` ժողովուրդների ինքնորոշման հենքով. մեր ճակատում այս սկզբունքը պետք է հանգի Թուրքահայաստանի ինքնավարության ստեղծմանը՚:

Ադրբեջանցիները պահանջում էին անմիջապես վերջ տալ պատերազմին, բավարարվել 1914թ. սահմաններով, չխառնվել Թուրքիայի ներքին գործերին: Թաթարները թուրքահայերի հարցը համարում է Օսմանյան կայսրության ներքին գործ:

Փետրվարի 3-ի նիստում Սեյմն ընդունեց բանակցությունների հիմնական սկզբունքները` ա) Սեյմը ունի լիազորություններ հաշտություն կնքելու Թուրքիայի հետ, բ) այդ հաշտության համար որպես հիմք պետք է ընդունվի Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1914թ. սահմանը, գ) ջանալ հասնելու Թուրքահայաստանի ինքնավարությանը` ՙթուրք պետականության շրջանակներում՚:

Սեյմի նախագահ Նիկոլայ Չխեիձեն և կոմիսարիատի նախագահ Գեգեչկորին հայտարարեցին, թե Անդրկովկասը չի ճանաչելու Բրեստ-Լիտովսկում կնքվելիք դաշնագիրը և փոխարենն իր պատվիրակությունն ուղարկում է Տրապիզոն` թուրքերի հետ բանակցությունների: Բրեստ-Լիտովսկում բանակցություններ վարող բոլշևիկյան պատվիրակության քարտուղար, հայազգի Լևոն Կարախանը հեռագրով տեղեկացրել էր, որ Քառյակ միությունը (Գերմանիա, Օսմանյան կայսրություն, Ավստրիա-Հունգարիա, Բուլղարիա) պարտադրում է Կարսը, Արդահանը և Բաթումը զիջել թուրքերին: Վրացիները դեմ չէին, որ զիջվեր Կարսը, բայց ոչ երբեք Բաթումը, հայերը պնդում էին, որ Անդրկովկասը չի կարող գոյատևել առանց Կարսի ամրոցի, մահմեդականները պատրաստ էին ընդունել օսմանյան բոլոր պահանջները:

Սեյմի պատվիրակությունը Տրապիզոն է հասնում փետրվարի 23-ին, թուրքականը` չորս օր անց: Օսմանյան գլխավոր պատվիրակ Հուսեյն Ռաուֆ բեյը Տրապիզոնի խորհրդաժողովի բացման հենց սկզբում պահանջեց, որ հետագա բանակցությունների հիմքում պետք է ընկնի Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը` Օսմանյան կայսրության իրավունքը Կարսի, Արդահանի և Բաթումի վրա: Թուրքերը նաև պնդում էին, որ բանակցությունները սկսելուց առաջ Անդրկովկասը հայտարարի իր անկախությունը: Արևմտահայաստանի ինքնավարության պնդումը թուրքերը համարում էին թուրքական ներքին խնդիր և սպառնում, որ օսմանյան պատվիրակությունը թույլ չի տա միջամտելու իր ներքին խնդիրներին:

ՙՄեր խորհրդաժողովի առաջին իսկ օրը ստացանք երկու բախտորոշ դեպքերի լուրը. առաջին` թուրք զորքերը վերցրել էին Էրզրումը, երկրորդ` բոլշևիկները Բրեստ-Լիտովսկում ստորագրել էին հաշտության դաշնագիր, որով Կարսը, Բաթումը և Արդահանը զիջում էին թուրքերին: Խորհրդաժողովի աշխատանքների ամբողջ ընթացքում թուրքերն առաջ էին շարժվում կովկասյան ճակատում, իսկ մեր զորքերը` անընդհատ նահանջում՚,- գրում է Տրապիզոնում անդրկովկասյան պատվիրակության անդամներից Ալեքսանդր Խատիսյանը:

Իսկապես, չսպասելով բանակցությունների ավարտին, օսմանյան զորքերը Վեհիբ փաշայի հրամանատարությամբ շարժվում էին առաջ: Տրապիզոնի բանակցությունների օրերին սաստկացան մահմեդական շարժումները Կարսում և Արդահանում,  մահմեդական զինված ավազակախմբեր էին երևացել Կարս-Ալեքսանդրապոլ ճանապարհի վրա: Կարսից ու Արդահանից ստացված հեռագրերը ամենամռայլ գույներով էին ներկայացնում վիճակը: Ըստ էության, ռուսական բանակ այլևս գոյություն չուներ:

Խախտելով 1917թ. Երզնկայի զինադադարի պայմանները, թուրքերը հունվարի վերջերին և փետրվարի սկզբներին գրոհի էին անցել: Վեհիբ փաշան իր հարձակումը արդարացրել էր նրանով, թե ինքը այդ քայլին դիմում է մահմեդականների կյանքը հայերի գրոհներից փրկելու նպատակով: Մի քանի օրվա կատաղի կռիվներից հետո հայկական զորքերը դատարկեցին Երզնկան և հայ բնակչության հետ նահանջեցին դեպի Էրզրում, որտեղ բերդի պաշտպանության հրամանատար նշանակվեց Անդրանիկը (Օզանյան):

1918թ. փետրվարի 14-ին սկսվեց նաև Էրզրումը պարպումը: Զինվորներն ու գաղթականները նահանջեցին դեպի Հասան Կալա: Էրզրումում մնացած ավելի քան հարյուր հայերը կոտորվեցին, թուրքերը տիրացան մեծաքանակ ռազմամթերքի: Էրզրումի անկումով ամբողջ Արևմտահայաստանը կրկին ընկավ թուրքերի ձեռքը: Հայերը նահանջեցին նաև Բաբերդի շրջանից: ՙԲազմահազար զանգվածը, սարսափելի ցրտի ու սառնամանիքի մեջ, ահագին զոհեր տալով, շարժվեց հետ: Սպանվածների ու վիրավորների թիվը հաշվվում էր հարյուրներով: Գազազած բազմությունը, իր հերթին, ինչով կարող էր, վնասում էր ճանապարհին պատահած մահմեդականներին: Երզնկայից մինչև Էրզրում ոչ մի մահմեդական գյուղ կանգնուն չմնաց, այրվեցին ու քար ու քանդ եղան, բնակչությունը փախավ կամ կոտորվեց՚,- գրում է Վրացյանը:

Դեռ գրավված չէր Ալաշկերտ-Խնուս-Վան տարածությունը, սակայն նրա ճակատագիրն էլ էր որոշված: Մարտի 2-ին Հայկական կորպուսի հրամանատար Նազարբեկյանը նշանակվեց Օլթիից մինչև Մակու տարածության հրամանատար, իսկ Օլթի-Բաթում գիծը պիտի պաշտպանեին վրացիները: Մարտի 10-ին զորավար Արեշյանը տվեց նահանջի հրաման, և   հայկական ուժերը թողեցին Սարիղամիշը: Ապա զորքերը հետ քաշվեցին նաև Ալաշկերտի հովտից: Միայն Վանում հայկական զորքերը պաշտպանվեցին մինչև ապրիլի կեսերը և կռվով նահանջեցին դեպի Պարսկաստան:

Ստեղծված փակուղուց դուրս գալու նպատակով Անդրկովկասյան պատվիրակությունը իր անդամներից մի քանիսին, որոնց մեջ էր նաև Քաջազնունին, ուղարկեց Թիֆլիս` ներկայացնելու բանակցությունների ընթացքը և նոր հրահանգներ բերելու նպատակով: Սեյմը որոշեց ՙհաշտարար պատվիրակության նախագահ Չխենկելուն տալ արտակարգ լիազորություններ` ինքնուրույն կերպով անհրաժեշտ քայլեր անելու համար՚:

Թուրքերը ներկայացնում են վերջնագիր` անհապաղ ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, ապա բանակցություններին պաշտոնական բնույթ տալու նպատակով` պահանջում են Անդրկովկասն անկախ հայտարարել:

Քաջազնունին և Խատիսյանը հեռագրով Սեյմի դաշնակցական ֆրակցիային տեղեկացնում են` թուրքերի պայմաններն ընդունելը կլինի չարյաց փոքրագույնը: Այս կարծիքին էր նաև Չխենկելին: Հասկանալով, որ պարտությունը ռազմաճակատում անխուսափելի է, Չխենկելին համաձայնեց Բրեստ-Լիտովսկի պայմաններին և այդ մասին հայտնեց Ռաու‎ֆ բեյին: Նա հեռագրեց նաև իր կառավարությանը և վրաց մենշևիկ ղեկավարությանը, փորձեց համոզել նրանց հավանություն տալ իր ինքնագլուխ քայլին` բացատրելով, որ միայն այդ դեպքում է հնարավոր փրկել Բաթումը:

Սակայն Սեյմում վրացիներն ու հայերը լսել անգամ չէին ուզում: Սեյմի իր ելույթում Գեգեչկորին պնդեց, որ Անդրկովկասի կառավարությունը պատրաստ է մերժել թուրքերի պայմանները և մինչև վերջ կռվել: Նույն ոգով ելույթ ունեցավ սոցիալ-դեմոկրատ Իրակլի Ծերեթելին: Դաշնակցության ներկայացուցիչ Մարտիրոս Հարությունյանը վճռականորեն դեմ արտահայտվեց. ՙՄեզ համար զենքից բացի ուրիշ փրկություն գոյություն չունի՚: Սեյմը մերժեց թուրքերի վերջնագիրը և հետ կանչեց պատվիրակությանը:

Նրանք Չխենկելուն կարգադրեցին վերադառնալ Թի‎ֆլիս: ՙԱյսպիսով, հաշտության փոխարեն մենք Տրապիզոնից մեր երկրին տանում էինք պատերազմ՚,- գրում է Խատիսյանը:

Պատվիրակությանը հետ կանչելուց մի քանի ժամ անց, թուրքերը գրավեցին Բաթումը: Սեյմի վրացի անդամներն այլ ընտրություն չունեցան, քան կատարել օսմանյան պահանջները` Անդրկովկասը հայտարարել Ռուսաստանից անկախ:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Լուսանկարում՝ Տրապիզոնը