Դովեղ գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին. Նոյեմբերյանի շրջան

7169

Այսօրվա Դովեղ գյուղի (Նոյեմբերյանի շրջան, Տավուշի մարզ)  բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1873 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1873-ին գյուղը ունեցել է 201 բնակիչ, բոլորն էլ հայեր:

dovegh
Դովեղի անտառները, դեպի Սիրուշի աղբյուր և Սուրբ Սարգիս տանող ճանապարհը

Դովեղը հարևան ադրբեջանցիները անվանել են Բալաքենդ, այսինքն՝ փոքր շեն:

Դովեղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1873 թվական – 201 հոգի

1897 թվական – 351 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1916 թվական – 458 հոգի

1919 թվական – 380 հոգի

1922 թվական – 319 հոգի

1926 թվական – 370 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար)

1931 թվական – 438 հոգի

Բնակչության աճը շարունակվել է խորհրդային տարիներին.

1939 թվական – 506 հոգի

1959 թվական – 514 հոգի

1970 թվական – 525 հոգի

1979 թվական – 576 հոգի

1989 թվական – 642 հոգի

2001 թվականի մարդահամարի տվյալներով Դովեղի բնակչությունը եղել է 602 հոգի: Իրականում այսօր գյուղում բնակվում է 500-ից պակաս մարդ:

dovegh-2
Դովեղի հանդերը

         Պատմական

Դովեղը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Դովեղը և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: 1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Դովեղը, Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: Ինչպես հայտնի է, 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

dovegh-5
Դովեղի կաթլուկ հոնը

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Ջուջևան, Բաղանիս, Ոսկևան/Ղոշղոթան, Կոթի, Բարեկամավան/Դոստլու և Ոսկեպար գյուղերը Իջևանի, իսկ մյուս գյուղերը՝ այդ թվում Դովեղը, Ալավերդու շրջանին էին պատկանում:

1937-ին Իջևանի և Ալավերդու շրջանների հաշվին ձևավորվեց Նոյեմբերյանի շրջանը, որի կենտրոն դարձավ Բարանա գյուղը՝ վերանվանվելով Նոյեմբերյան:

         Դովեղ-Քեմեռլի. հայ-ադրբեջանական բախում 1984-ի աշնանը

Ես դպրոցական էի եւ այսօրվա պես հիշում եմ. գյուղ էին եկել Մոսկվայից ուղարկված մարդիկ, ովքեր մեր եւ հարեւան ադրբեջանական գյուղի միջեւ սահմանն էին ճշտում: Դա հավանաբար 1984 թվականի ուշ աշունն էր կամ 1985-ը: Մեր գյուղը` Դովեղը, գտնվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունում եւ սահմանակից է Քեմեռլի/Քամառլուին: Ադրբեջանական այս գյուղի հետ Դովեղն ունի շուրջ 13 կմ երկարությամբ սահման:

Խորհրդային Միության ներսում սահման ասվածը հարաբերական էր: Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ վարչական սահմաններ գոյություն ունեին, բայց այդ սահմանները անցնելիս՝ դու կարիք չունեիր անձնագիր ցույց տալ եւ ոչ էլ հսկիչ-անցագրային կետ կար: Վրացական կամ ադրբեջանական տառերը եւ գրությունները կարդալով միայն կհասկանայիր, որ Խորհրդային Հայաստանում չես:

1918-1920-ին` Առաջին հանրապետության շրջանում, Դովեղ-Քամառլու հատվածում, հայ-ադրբեջանական բախումներ են եղել: Ես ադրբեջանցիներին հիշում եմ շատ փոքր տարիքից: Պապիս ադրբեջանցի ծանոթներն էի գալիս մեր տուն: Հայրս եւս ուներ ադրբեջանցի ծանոթներ: Գրեթե ամեն օր Քամառլուի ադրբեջանցիները, հիմնականում` կանայք, իրենց ավանակներին մրգեր ու բանջարեղեն բարձած, մեր գյուղով անցնելով, հասնում էին Նոյեմբերյան քաղաքի շուկա, որտեղ վաճառում էին իրենց բերքը: Հետդարձի ժամանակ նրանք իրենց ավանակներին կապում էին մեր գյուղի զբոսայգու երկաթյա ցանկապատին, մտնում խանութ եւ գնումներ կատարում: Հիմնականում շաքար էին գնում մեծ քանակությամբ: Խորհրդային Ադրբեջանում հավանաբար շաքարի պակաս կար:

Մեր եւ ադրբեջանցիների հարաբերությունները միանշանակ չէին: Մի կողմից` մենք ապրում էինք միմյանց մեջ` այսօր գոյություն չունեցող Խորհրդային Միություն կոչվող երկրում, հետեւաբար` նույն պետության քաղաքացիներ էինք: Մենք ադրբեջանցիներին անվանում էինք թուրք: Հիմա էլ ենք անվանում թուրք: Մյուս կողմից, միշտ էլ մեր եւ ադրբեջանցիների միջեւ լարվածություն կար: Մեր գյուղին պատկանող շուրջ 1800 հեկտար անտառը իրականում օգտագործում էին ադրբեջանցիները: 1984-ի աշնանը մեր եւ ադրբեջանցիների հարաբերությունները չափազանց լարվեցին, անտառի պատկանելիության վեճի պատճառով գրանցվեցին բախումներ, որոնց ընթացքում մի քանի մարդ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Խորհրդային մամուլը որեւէ բառ չգրեց այդ բախումների մասին. ազգամիջյան խնդիրների մասին գրելը տաբու էր: Փոխարենը, այդ բախումների մասին հաղորդումներ պատրաստեցին «Ամերիկայի Ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայանների հայկական ծառայությունները, որոնց հեռարձակումները գաղտնի կերպով ունկնդրողներ կային:

1984-ի աշնանը արձանագրված հայ-ադրբեջանական բախումներից տուժածներից մեկը Խորհրդային Հայաստանի վարչապետի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանն էր: Նա իր հուշերի գրքում, որը կրում է «Հողի ճակատագրով» խորագիրը, մանրամասն գրում է Դովեղ-Քամառլու բախումների մասին: Տեղացիները եւս հիշում եւ պատմում են այդ դեպքը:

Դովեղի անտառների չորս աղբյուրներից ադրբեջանցիները ջուր տանելու նպատակով ջրատար էին կառուցել։ Դա այնպիսի լարվածություն էր առաջ բերել, որ 1984թ. հոկտեմբերին Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը Մոսկվայում հանդիպել էր Ադրբեջանի առաջնորդ Քյամրան Բաղիրովի հետ եւ պայմանավորվել, որ ջրատարի հարցը տեղում ուսումնասիրվի: Հայկական կողմից պատասխանատու էր նշանակվել Մովսիսյանը, ադրբեջանական կողմից` վարչապետի տեղակալ Ռասիզադեն:

Հարցը կարգավորելու նպատակով Մովսիսյանը եւ Ռասիզադեն հանդիպում են Իջեւանում, ապա Նոյեմբերյանով հասնում Դովեղի անտառներ: Նրանց ուղեկցում էին նաեւ տեղական այլ պաշտոնյաներ: «Մեքենան, որի մեջ ես եւ Ռասիզադեն էինք, կանգ առավ աղբյուրի մոտ, որտեղ ադրբեջանցիները եռանդով շարունակում էին շինարարական աշխատանքները։ Երբ մենք աղբյուրից բարձրացանք անտառի բացատը, չորս կողմից մի հսկայական ոհմակ, զինված մահակներով, հարձակվեց մեզ վրա: Այնուհետեւ հայերիս առանձնացրին եւ մի քանի կիլոմետր քշելով (բառիս բուն իմաստով) բերեցին Քամառլու տանող ճանապարհի խաչմերուկը։ Եվ այստեղ մեր դեմ դուրս եկան հինգ բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում մահակներով, եղաններով, կացիններով զինված մարդիկ էին… Սկսվեց մի խայտառակ իրարանցում, քաշկռտուք, վայնասուն: Ծեծկռտուքից անմասն չմնացի նաեւ ես` ստանալով լուրջ մարմնական վնասվածքներ: Ապա բռնի ուժով մեզ նստեցրին բեռնատար մեքենաների խցիկներում եւ բաց պատուհաններից քարերի, մահակների ու բռունցքների հարվածների տակ, բերեցին Քամառլու: Տարան ակումբ, բարձրացրին բեմ եւ հայտարարեցին, որ մեզ այստեղից բաց չեն թողնի` մինչեւ փաստաթուղթ չստորագրենք, որ այդ հողերն ադրբեջանական են։ Սեղանին դրեցին թուղթ ու գրիչ եւ կացին, ասելով, որ եթե չստորագրեմ, վիզս կտրելու են: Իրենց լեզվով ասացի, որ իրենցից չեմ վախենում եւ չեմ ստորագրելու»,-գրում է Վլադիմիր Մովսիսյանը իր հուշերում:

dovegh-3

Դովեղի անտառում եւ Քամառլու գյուղում Մովսիսյանից բացի ծեծի են ենթարկվում նաեւ նրան  ուղեկցող մյուս հայ պաշտոնյաները: Իրադրության հանդարտեցումից հետո Մովսիսյանին եւ նրան ուղեկցող մյուս հայերին բաց են թողնում: Այդ ընթացքում Դովեղում եւ ամբողջ Նոյեմբերյանում լուր է հասնում, որ «թուրքերը Մովսիսյանին ու մյուս հայերին սպանում են»: Գյուղացիները վերցնում են իրենց որսորդական զենքերը եւ շարժվում դեպի Քամառլու: Արյունալի թվացող բախումը հնարավոր է լինում կանխել:

«Երեւանում մի քանի օր հիվանդանոցում պառկելուց հետո եկա կենտկոմ եւ Կարեն Սերոբիչին (Դեմիրճյան) պատմեցի կատարվածի մասին։ Չեմ կարող մոռանալ, որ պատմածս լսելուց հետո նա շուռ եկավ եւ անձայն արտասվեց։ Ես առաջին անգամ էի նրա աչքերում արցունքներ տեսնում»,-հիշում է Մովսիսյանը:

Այս միջադեպի արձագանքը հասնում է Մոսկվա: Խորհրդային Միության առաջնորդներից Եգոր Լիգաչովը Մովսիսյանին հրավիրում է Մոսկվա` մանրամասների մասին տեղեկանալու նպատակով: Հայ-ադրբեջանական բախումից հետո Հայաստան է այցելում Ադրբեջանի առաջնորդ Բաղիրովը եւ կատարվածի համար ներողություն խնդրում:

Դովեղում արձանագրված միջադեպից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կատարվում է վարչական սահմանների հստակեցում Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի: Ընդունվում է փաստաթուղթ, որը վերնագրված էր «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Հայաստանին են անցնում Դովեղի անտառները, արոտավայրեր Սիսիանում, Բարդի շրջանի Թաղիլար գյուղի տարածքը, 7-րդ դարի Ոսկեպարի եկեղեցին եւ այլ տարածքներ, ընդհանուր առմամբ` գրեթե 15 հազար հեկտար:

Թաթուլ Հակոբյան

Քարտեզը` «Կոլաժ» ՍՊԸ քարտեզից քաղվածք

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/10/26/alaverdi-1831-korkotyan/