«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է Հայաստանում գործող թուրքական կապիտալի մասնակցությամբ ընկերությունների թիվը՝ ՀՀ չորս ղեկավարների օրոք, ինչպես նաև՝ պարզել Թուրքիայի քաղաքացիներին ՀՀ-ում սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ծավալները:
Թուրքիայի քաղաքացիների անշարժ գույքը ՀՀ֊ում
Կադաստրի կոմիտեից FIP.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Հայաստանում Թուրքիայի քաղաքացիներին (ֆիզիկական անձանց) սեփականության իրավունքով պատկանող 77 միավոր անշարժ գույք կա: Ըստ կոմիտեի՝ այդ թվում առկա են 7176 քմ շինություն և 2.21 հա հողատարածք:
Թուրքիայի քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի պայմանագրային գների հանրագումարը կազմում է մոտ 1 մլրդ 833 մլն դրամ:
Թուրքական ընկերությունները Հայաստանում
Թուրքիայում գրանցված իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք ՀՀ-ում առկա չէ:
FIP․am-ի հարցմանն ի պատասխան Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ պետական միասնական գրանցամատյանի տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցված է 72 ՍՊԸ, որոնց հիմնադիր կամ մասնակից են Թուրքիայի քաղաքացիները:
Թուրքիայի քաղաքացիները 1991-2022 թթ․ մասնակցություն են ունեցել Հայաստանում գործող 139 կազմակերպությունում։ Ընկերությունների մի մասը դադարեցրել է գործունեությունը: Մնացած 91-ը շարունակում են գործել, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանց մի մասից թուրքական կապիտալը հեռացել է, և այժմ Հայաստանում թուրքական կապիտալի մասնակցությամբ գործող 72 ընկերություն է մնացել:
Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ ՀՀ-ում ամենաշատ ընկերություններ բացվել են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 54-ը, և նույն տարիներին էլ ամենաշատ թվով դադարել են գործել՝ 30։
Նանե Մանասյան
Նարեկ Մարտիրոսյան