Նորաբակ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Վարդենիսի շրջան, Գեղարքունիք

3160

Նորաբակ գյուղը գտնվում է Վարդենիսից 11 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Գավառից 86 կմ, մայրաքաղաք Երևանից 179 կմ հեռավորության, ծովի մակարդակից մոտ 2100 մետր բարձրության վրա:

Խորհրդային տարիներին մտել է Շատվանի գյուղական խորհրդի կազմ: Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այժմ գյուղում ապրում են Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի տարբեր շրջաններից եկած հայեր: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ:

2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Նորաբակում առկա բնակչության թիվը կազմել է 334, մշտական բնակչության թիվը՝ 345 հոգի:

Նախկինում ունեցել է Ազիզլու, Մեծ Ղարաղոյուն, Ելիջա, Ենգիջա անունները: Մեծ Ղարաղոյունից Ազիզլու է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին, Ազիզլուից Նորաբակ՝ 1991 թվականի ապրիլի 3-ին:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Նորաբակի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 379 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 408 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 591 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 447 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1908 թվական – 505 հոգի,

1914 թվական – 655 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 527 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 516 հոգի,

1919 թվական – դատարկ,

1922 թվական – 392 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 374 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք,

1931 թվական – 488 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ

Վարդենիսի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին 1151 քառակուսի կիլոմետրի վրա: Ունեցել է 1 քաղաքատիպ ավան՝ Վարդենիսը, և 14 գյուղական խորհուրդներ: Բնակավայրերի ընդհանուր թիվը եղել է 39:

1971թ մայիսի տվյալներով՝ Վարդենիսի շրջանի բնակչությունը եղել է 48700 հոգի, որից 8300-ը՝ քաղաքային, 40400-ը՝ գյուղական:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝