Շատվան գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին և խորհրդային տարիներին. Վարդենիսի շրջան, Գեղարքունիք

1005

Շատվան գյուղը գտնվում է Վարդենիսից 8 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Գավառից 83 կմ, մայրաքաղաք Երևանից 176 կմ հեռավորության, ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա:

Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան-ում (հեղինակներ՝ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Երեւանի Համալսարանի հրատարակչություն, Երևան, 1991թ) ասվում է, որ գյուղում պահպանվել են 15-16-րդ դարերի հայկական գերեզմաններ՝ խաչքարերով, ինչպես նաև եկեղեցու ավերակներ:

Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այժմ գյուղում ապրում են Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի տարբեր շրջաններից եկած հայեր: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում գործում է դպրոց և բուժկետ:

2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Շատվանում առկա բնակչության թիվը կազմել է 533, մշտական բնակչության թիվը՝ 577 հոգի:

Նախկինում ունեցել է Նարիմանլու, Հուսեյնղուլի Աղալու, Աղամալի, Սոյունկուլու Աղալը անունները: Նարիմանլուից Շատվանի է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Շատվանի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – չի նշվում, 

1873 թվական – 636 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 760 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 877 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1908 թվական – 778 հոգի,

1914 թվական – 1207 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 813 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 1079 հոգի,

1919 թվական – չի նշվում,

1922 թվական – 527 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 609 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 605-ը՝ թուրք, 4-ը՝ քյուրդ,

1931 թվական – 719 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ

ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով՝ Շատվանն ունեցել է.

1939 թվական – 873 հոգի,

1959 թվական – 976 հոգի,

1970 թվական – 1577 հոգի,

1979 թվական – 1855 հոգի:

Վարդենիսի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին 1151 քառակուսի կիլոմետրի վրա: Ունեցել է 1 քաղաքատիպ ավան՝ Վարդենիսը, և 14 գյուղական խորհուրդներ: Բնակավայրերի ընդհանուր թիվը եղել է 39:

1971թ մայիսի տվյալներով՝ Վարդենիսի շրջանի բնակչությունը եղել է 48700 հոգի, որից 8300-ը՝ քաղաքային, 40400-ը՝ գյուղական:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ և դիտել նաև՝