Արավետը անմարդաբնակ գյուղ է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Աշոցքի սարավանդում, ծովի մակերևույթից շուրջ 2000 մետր բարձրության վրա:
Նախկինում գյուղն ունեցել է Չայբասար և Իլանլի անունները: Մինչև 1946 թվականի ապրիլի 26-ը կրել է Իլանլի անունը, մինչև 1991-ի ապրիլի 3-ը՝ Չայբասար: Գտնվում է Ախուրյան գետի վերին հոսանքում, նրա աջ ափին:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Իլանլին ունեցել է 137 բնակիչ, որոնք բոլորը դրված են “այլ” դասակարգման տակ: Մյուս երկու դասակարգումներն են “հայ” և “թաթար”:
Ինչպես Իլանլի, այնպես էլ շրջակա մի շարք գյուղերում բնակվում էին կարափափախներ:
1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Իլանլին ուներ 206 իսլամ բնակիչ:
1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ գյուղն ունեցել է համապատասխանաբար 240 և 276 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:
1922-ին Իլանլին ունեցել է 146 բնակիչ, բոլորը՝ թրքո-թաթար: 1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ:
1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Իլանլին ուներ 160 բնակիչ, որից 159-ը՝ կարափափախ, 1-ը՝ հայ:
Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Իլանլին ուներ 201 բնակիչ, բոլորը՝ թուրքական խումբ:
Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Իլանլի գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, օսմանյան թուրք, թուրքական խումբ:
Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը:
Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական:
Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:
Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները, այդ թվում Իլանլիի բնակիչները, հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Կարդալ և դիտել նաև՝
https://www.aniarc.am/2021/10/25/akhurian-region-population-1831-korkotian/